Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Զրույց Վարպետի հետ

Զրույց Վարպետի հետ
14.09.2026 | 12:21

Համո Սահյանն ասում էր. «Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ, ինչու՞ է այսպես»։

Ասեմ, Վարպետ.

Որովհետեւ, Հայաստանը երկրագնդի վրա միակ տարածքն է Հայրենիք կոչված, որ Սրբազան հողակտոր է համարվում, մանավանդ՝ Հայի համար։

Ծնկներդ ծալվում են, Վարպե՛տ, եւ որովհետեւ, Հայաստանն այն միակ քարաբեկորն է երկրի վրա, որտեղ միայն կարող է տիեզերական պատերազմի արդյունքում, երկնքի ու գետնի իրար հուժկու զարկից բարձրացող դումանի ու կրակների միջից Վահագնը ծնվել, ու դեռ մանուկ՝ վիշապներ խեղդել։

Հայաստանն այն միակ ջրաստանն է երկրի վրա, որտեղ, մայրը կարող է միայն երկու բուռ ջրից հղանալ ու Սանասար, Բաղդասար եղբայրներ ծնել։ Որտեղ՝ Նահապետ Հայկի լայնալիճ աղեղից արձակած եռաթեւ նետի ընթացքից միայն կարող էր Բելը՝ գահավիժել։

Հայաստա՜ն…

Հայաստանն աշխարհի երեսին, այն միակ հողակտորն է, որի վրա ապրող քաջը միայն կարող է իր Թուր Կեծակին զարկել ու պատռել ժայռաբեկորն ու փակվել նրա մեջ։

Հայաստա՜ն…

Հայաստանն այն տարածքն է երկիր մոլորակի վրա, որտեղ՝ Արքաներն հրաժարվել են մարդկային կյանքեր զոհաբերել իրենց պաշտելի աստվածներին։ Հենց դրա համար է, որ Հայաստան ասելիս ծնկներդ ծալվում են, Վարպե՛տ։

Հայաստան երկիրն այն դրախտավայրն է, որտեղից հոսող չորս գետերի՝ Տիգրիսի, Եփրատի, Ճորոխի ու Արաքսի միջնամասում միայն կարող էր Եդեմը ծաղկել։

Հայաստան ասելիս, ծնկներդ ծալվում են, որովհետեւ նրա տերերն են միայն ոչնչից Հայրենիք կերտում։ Պայքարը՝ սկզբունքի վերածած։

Հայաստանն այն Հայրենիքն է, որի զավակները կարող էին միայն այդ Հայրենիքի սիրույն Լիզբոն բարձրանալ ու… ապացուցել աշխարհին, որ անառիկ բերդերը կառուցված են գրավելու համար։

Հայաստանը հսկաների այն երկիրն է, որոնք կարող են անմռունչ պարգեւել որդիներ ու այդ զավակները մռնչալով դեպ Շուշի քայլեն…

Հայաստանն աշխարհի որձն է… Վարպե՛տ…

Չնայած գիտե՛մ, որ գիտեիր պատճառը ծնկներիդ ծալման։

Ների՛ր Վարպետ… Թոռան արքով խոսեցի…

Արա Նախշքարյան

Դիտվել է՝ 10855

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.