Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լրագրողի խոհեր-2

Լրագրողի խոհեր-2
24.09.2026 | 14:36
Սկիզբը՝ այստեղ

(Պրովինցիան, ավելի ճիշտ` ծայրագավառը՝ լրագրողի աչքերով)

Մայրս շուրջ հինգ տասնամյակ մանկավարժ է աշխատել։ Խելոք, համեստ կին էր, խիստ գաղտնապահ։
Մի օր տուն վերադարձավ շատ հուզված։ Նկատելիորեն անհանգիստ էր. անհամբեր սպասում էր հորս` աշխատանքից տուն դառնալուն։
— Վաղը միլիցիա են կանչել, — հորս զարմանքին ու հեգնանքին ի պատասխան («Մնացել էր քեզ միլիցիա կանչեն»), մանրամասնեց մայրս։
Այդ տարի էլ հերթական չորրորդ դասարանի դասղեկն էր (սովորաբար դասղեկական դասարանը բարձրացնում, ավարտեցնում էր)։
— Էս անդաստիարակ շան լակոտները չգիտեմ` ի՞նչ են արել դպրոցի զուգարանում (հասուն կին էր, չորս երեխա էր աշխարհ բերել ու աշխարհի անբիծ, անմեղ ու միամիտն էր)։ Դիրեկտորը իրազեկել է միլիցիային՝ անչափահասների տեսչությանը. որպես դասղեկ՝ պիտի վաղը գնամ, բացատրություն տամ, — եզրափակել էր հարևան սենյակում հորս հետ ցածրաձայն, թաքուն զրույցը։
Պատվախնդիր հայրս կարճ էր կապել.
— Դու գործ չունես էդ շնանոցում, ես կգնամ, — ասել ու հավաքել էր դպրոցի դիրեկտորի բնակարանի հեռախոսահամարը` իրազեկելու, որ կնոջ փոխարեն ինքը կգնա ոստիկանություն։
Ինչո՞ւ այս պատմությունը հենց այս օրերին հիշեցի։
Պրովինցիան շատ փակ, թաքցվող էջեր ուներ։ Իսկ այդ էջերը, այնուամենայնիվ, փակ չէին մնում։
Այդ օրերին ապագա բուժաշխատող ավագ քույրս քաղաքի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի ավարտական դասարանում էր սովորում։ Այդ օրը տուն եկավ ու հարցրեց.
— Ի՞նչ է բռնաբարելը։ Էսօր մեր դպրոցում բոլորը ինչ-որ բռնաբարության մասին էին փսփսում։
Դե, ծնողներս ապշահար, ընդգծված զարմանքով նայեցին մորիցս ոչ պակաս աշխարհի ամենամաքուր, ամենաանմեղ ու ամենամիամիտ իրենց ավագ դստերը, որը համարձակվել էր այդ թեմայով խոսել՝ ոչ ավել, ոչ պակաս տանը, որտեղ նման թեմաները «տաբու» են մինչ օրս։
Հետո իմացանք, որ մեր թաղամասից ինչ-որ մեկին այդ գիշեր կալանավորել էին քաղաքում «դմբդմբացող» բռնաբարության դեպքի առիթով։
Ինչո՞ւ այս դեպքը զուգահեռաբար հիշեցի։
Այդ ընտանիքի հետ ինչ-ինչ բարեկամական թե ազգակցական առնչություն ուներ «չգիտեմ ինչով» զբաղված լակոտներից մեկը, որին զուգարանում «բռնացրել էր» դիրեկտորը` դպրոցի միջանցքում շրջելիս։
Իսկ մինչ այդ` որոշ ժամանակ առաջ, էլի աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել շրջանի գյուղերից մեկի դպրոցում. ավագ դասարանի տղաների շրջանում ինչ-որ «վարակիչ վատ հիվանդություն» էր հայտնաբերվել ու տարածվել։
Փակվեց, ծածկադմբոց արվեց խայտառակությունը։
Հետո, որոշ ժամանակ անց, դպրոցի դիրեկտորը (կին էր, ամուսինը` մաշկաբան-ինֆեկցիոնիստ) կուսակցական բարձր պաշտոնի նշանակվեց։
Շատ ժամանակ չէր անցել, երբ ռուսական դպրոցում ֆիզկուլտուրայի` տարիքն առած հույն ուսուցչի կողմից դեռահաս աղջկա մանկապղծության դեպքը աղմկոտ արձագանք գտավ։
Ինչո՞ւ հիշեցի այն ժամանակվա (և բոլոր ժամանակների) ամոթալի, պիղծ ու մերժելի այս դեպքերը։
Պրովինցիան թվացյալ է կտրված եղել մեծ աշխարհի «այլանդակություններից», նրա մերժելի ու նողկալի բարքերից։ Այնտեղ էլ շատ վատ բաներ են կատարվել, հաճախակի, ուղղակի պարտակվել են։
Ժամանակներն էին այդպիսին։

(շարունակելի)

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ