Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Միջազգային հարաբերություններում նվազում է «կարմիր գծերի» պահպանման գործելակերպը

Միջազգային հարաբերություններում նվազում է «կարմիր գծերի» պահպանման գործելակերպը
04.01.2026 | 11:31

Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է:

Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական մեկուսացումից հետո՝ անցում դեպի բաց ուժի կիրառման տրամաբանություն։ Անկախ նրանից՝ ինչ մանրամասներ դեռևս կհաստատվեն կամ կճշգրտվեն, ակնհայտ է մեկ բան․ միջազգային հարաբերություններում նվազում է «կարմիր գծերի» պահպանման գործելակերպը, իսկ ինքնիշխանության հասկացությունը ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում քաղաքական նպատակահարմարության վերաձևման։

Իրանի շուրջ զարգացումները նույն շղթայի հաջորդ օղակն են։ Տնտեսական ճնշումը, ներքին սոցիալական դժգոհությունները և արտաքին սպառնալիքների հռետորաբանությունը միավորվում են մեկ վտանգավոր հանգույցում։ Երբ պետությունը հայտնվում է ներքին լարվածության և արտաքին ճնշման խաչմերուկում, սխալ հաշվարկի հավանականությունը կտրուկ աճում է։ Իսկ նման սխալները երբեք չեն մնում մեկ երկրի սահմաններում։

Այս ամենը մեզ համար՝ Հայաստանի համար, տեսական քննարկում չէ։ Իրանի շուրջ ցանկացած խոշոր ապակայունացում անմիջականորեն հարվածում է մեր անվտանգային ու տնտեսական կենսատարածքին։ Հայաստան-Իրան սահմանը պարզապես աշխարհագրական գիծ չէ, այն ռազմավարական շնչուղի է՝ թե՛ լոգիստիկ, թե՛ էներգետիկ, թե՛ քաղաքական հավասարակշռության առումով։

Երբ Իրանը թուլանում է կամ զբաղված է սեփական ներքին ճգնաժամով, մեր տարածաշրջանում ուժեղանում են այն օրակարգերը, որոնք Հայաստանի շահերին հակասում են՝ միջանցքային ճնշումներ, ուժի լեզվով պարտադրանք, «փաստի առաջ կանգնեցնելու» փորձեր։

Վենեսուելա-Իրան առանցքի շուրջ զարգացումները հուշում են մի պարզ, բայց դաժան ճշմարտություն, ըստ որի, աշխարհը մտնում է մի փուլ, որտեղ փոքր ու միջին պետությունների համար ամենամեծ ռիսկը ոչ թե սխալ կողմն ընտրելն է, այլ սեփական ռազմավարական արժեքը չգիտակցելը։ Երբ դու չես ձևակերպում քո նշանակությունը, ուրիշներն են դա անում՝ իրենց շահերի շրջանակում։

Հայաստանի համար սա հերթական ազդակն է այն մասին, որ արտաքին քաղաքականությունը չի կարող լինել ռեակտիվ, իսկ անվտանգությունը՝ միայն խոստումներով սնվող։ Մեր տարածաշրջանում ուժի գործոնը վերադառնում է որպես քաղաքական գործիք, և այդ պայմաններում պետության դիմակայունությունը դառնում է գոյաբանական հարց։

Այսօր Վենեսուելան է, երեկ՝ Մերձավոր Արևելքը, վաղը կարող է լինել ցանկացած այլ անկյուն, որտեղ գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների»։

Հարցն այն է՝ մենք պատրաստվու՞մ ենք այդ աշխարհին, թե շարունակում ենք ապրել հին պատրանքներով։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ