Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա:
Իսրայելա-ամերիկյան ԹՐԻՓ-ին Թուրքիան կողմ լինել չի կարող, պարզապես թուրքերը լռում են:
Թուրքիան հակռուսական Հայաստանի հետ սահմաններ չի բացելու, դա աքսիոմա է:
Այսինքն, շրջափակումը շարունակվելու է:
Իրանի ուղղությամբ կրկին կախյալ վիճակում ենք, Ղարաբաղի հանձնումը, ԹՐԻՓ-ն ու արդեն Տիգրանաշենի հարցը միանշանակ Իրանի դեմ ուղղված քայլեր էին:
Եվրամիության ուղղությամբ ընդհանրապես որևէ հաջողության մասին խոսելը ծիծաղելի է: Պիտի կրկին անդրադառնանք իսրայելա-ամերիկյան ԹՐԻՓ-ին և արձանագրենք, որ այդ ավանտյուրան նաև Եվրամիության դեմ է: Որևէ ԵՄ չինովնիկից կամ ԵՄ անդամ երկրից լսե՞լ եք ԹՐԻՓ-ի մասին որևէ խոսք: Նույնիսկ Մակրոնը, Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ, դիտավորյալ հիշատակեց Հյուսիս-Հարավ մայրուղին, դա ինքնին ԹՐԻՓ-ի դեմ խոսք էր: Հյուսիս-Հարավն է, որ պետք է Իրանից ձգվի դեպի Եվրոպա. Սերժից սկսած՝ այդ պրոյեկտի դեմ ՀՀ իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ, մոտենում ենք Տիգրանաշենին:
Եվրամիությունը Ռուսաստանի հետ լեզու է գտնելու, չկա Եվրոպա՝ առանց Ռուսաստանի, առանց Ռուսաստանի Եվրոպան անդամահատված վիճակում է հայտնվելու՝ սա էլ է աքսիոմա:
ԵՄ-ը մի քանի կոպեկ շպրտեց ծիրանի իբր ռեէքսպորտի դիմաց, ավել ոչինչ չի արվելու:
ԵՄ-ը թքած ունի Նիկոլի փուչ խոստումների վրա, թե վաղը կամ մոտ ապագայում ԵՄ մտնելու հայտ կներկայացնենք: Քո հայտի վրա թքած ունեն, քանզի դու այս տարածաշրջանում գործում ես ընդդեմ Եվրամիության: Քո «հակառուսական» լաչառությունը կարող է ոգևորել ներքին օխլոսին, ո՛չ եվրոպացուն:
Ռուսաստանի ուղղությամբ լրիվ ցեխի մեջ ենք: Անկախ նրանից սա ռուսների հետ ծրագրված խա՞ղ է, հարավում հակառուսական ճակատը զսպելու նպատակով, թե՞ որևէ ծրագրից դուրս է, միանշանակ է մի բան՝ հայ-ռուսական հակասությունների ինֆորմացիոն աղմուկը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր մտածող մարդ հասկանում է, որ ինֆորմացիոն ֆոնը ձևավորվում է սև ամպերի պես և հենց այնպես չի անհետանում. անհետացման դիմաց պետք է գին վճարել:
Եվ առհասարակ, մեր հարևան Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը մեզ հենց այնպես չեն ներելու մեր իսրայելա-ամերիկյան խաղերը: Վերջապես, այդ խաղերը մեր խոշոր հարևանների դեմ էին և ե՛ն...
Ադրբեջանի ուղղությամբ չունենք որևէ առաջխաղացում, Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան երկաթգծով Հայաստան մտնող վագոնները որևէ քաղաքական ու տնտեսական արժեք չունեն: Ալիևն ինքն է փակուղային վիճակում, և այդ ծուղակից դուրս գալու նրա միակ միջոցը Հայաստանի դեմ որևէ քայլ արտաքին ուժերի վրա վաճառելն է: Ալիևի հակաիրանական և հակառուսական քայլերը, կարծես, գնորդներ այլևս չունեն: ԹՐԻՓ-ով Ալիևը դուրս է եկել նաև Թուրքիայի դեմ, չնայած թուրքերին դա ներկայացնում է որպես «Զանգեզուրսկի քարիդոր»: Թուրքերը հիմար չեն, կլռեն այնքան, քանի դեռ Ադրբեջանից նավթ ու գազ են ստանում, դա էլ վերջ ունի...
Վրաստանի ուղղությամբ վիճակը նույնն է, ինչ անցած 30 տարում էր: Չնայած, վրացիները Ղարաբաղից հետո ուրախացան, չարախնդացին, բայց այժմ ինչ-որ տեղ ավելի հակահայկական են տրամադրվելու, քանզի այս չարափաստիկ ԹՐԻՓ-ը նաև Վրաստանի դեմ է, վրացիներին Հյուսիս-Հարավն էր հետաքրքիր, որ Սերժը վիժեցրեց, Նիկոլն էլ այդ դոլգոստրոյը կձգձգի ինչքան հնարավոր է: Հյուսիս-Հարավը կառուցած լինեինք, 2020-ին Վրաստանը բացահայտ Ադրբեջանի կողմում չէր լինի...
Այսինքն, չկա ուղղություն, որտեղ Հայաստանը խնդիրների առաջ կանգնած չէ:
Հա, ԱՄՆ-ի մասին մոռացանք: Բայց ի՞նչ ասես հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, երբ աշխարհում բոլոր ամերիկյան ծրագրերի ձախողման ժամանակներ են: ԱՄՆ-ի վրա խաղադրույք կատարած բոլոր, անխտիր բոլոր երկրները կանգնած են փաստի առաջ: Ում ամերիկացիները տասնամյակներով անվտանգություն են երաշխավորել, այժմ կանգնած են ոչ թե անվտանգային ռիսկերի, այլ գոյատևման վտանգի առաջ:
Իսկ Հայաստանը այս փլուզվող աշխարհակարգում նոր-նոր խաղադրույք է անում ԱՄՆ-ի ու Իսրայելի վրա: Այսօրվա աշխարհում թերևս չկան երկրներ, որոնք աշխարհի ժողովուրդների կողմից լինեն նույնքան ատելի, որքան այդ երկու երկրները:
Գալիք սահմանադրակն հանրաքվեն փաստացի Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթաց է: Այդ հանրաքվեից առաջ կարող են ձերբակալել բոլոր հին ու նոր ընդդիմադիրներին, բոլոր արժանապատիվ հայ մարդկանց:
Բայց, դա էլ չի օգնելու, Հայ ժողովրդի ու Պատմական Հայաստանի ոգին թևածում է այս տարածաշրջանում, հաղթահարելու ենք նաև այս փորձությունը: Մեծ հաշվով, այս ստորացուցիչ պրոցեսին արժանի ենք, սա կարմա է, այն պիտի շարունակվի այնքան, մինչև սկսվի նոր հայկական վերածնունդ: Նեխող ու հոգեպես մեռնող հասարակությունը կանաչ ծիլեր է տալու՝ դա է բնության օրենքը: Նման հասարակությունը ապագա ունենալ չի կարող, այս ամբոխը անտարբեր է դարձել նույնիսկ սեփական երեխաների ապագայի նկատմամբ, բանակում խաղաղ պայմաններում 18 տարեկան զինվորներ են զոհվում, ամբոխը անտարբեր է...
Նեխող ու հոգեպես մեռնող հասարակությունը կանաչ ծիլեր է տալու՝ դա է բնության օրենքը:
Արա Արայան