ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Չորս միլիարդից ավելի

Չորս միլիարդից ավելի
30.01.2015 | 12:55

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թ. ակումբների իրականացրած տրանսֆերների մասին հաշվետվությունը: Հանրագումարում ծախսվել է չորս միլիարդից ավելի գումար, իսկ տրանսֆերային շուկայում ամենաակտիվ երկիրը Բրազիլիան է:

Չորս միլիարդը, իսկ ավելի ստույգ` 4,06 միլիարդ դոլարը, 2,1 տոկոսով կամ 80 միլիոն դոլարով ավելի է նախորդ տարում արձանագրվածից: Փաստենք, որ սա առաջին դեպքն է, երբ գումարային շրջանառությունը հաղթահարում է չորս միլիարդի շեմը: Այսքանը` ընդհանուր արտահայտությամբ, իսկ հիմա գնանք մանրամասների ճանապարհով:

Աշխարհով մեկ ֆուտբոլային ակումբներում անցած տարի գրանցվել է 13090 տեղափոխություն։ Սա նույնպես գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ֆուտբոլիստների ամենամեծ շարժը գրանցվել է Բրազիլիայում. «ներկրվել» է 646-ը, «արտահանվել»` 689-ը, սակայն ֆուտբոլիստների տեղափոխությունից գումարային առումով ամենամեծ դրամամուտքն ունեցել է Իսպանիան` 667 միլիոն դոլար: Փող ծախսելու շռայլությամբ առաջին հորիզոնականում է ֆուտբոլի հայրենիքը` Անգլիան: Տարվա ընթացքում կղզիաբնակները «քամուն» են տվել 1,17 միլիարդ դոլար:

Գնված ու վաճառված ֆուտբոլիստների միջին տարիքը 25,6 է: Միջինացվածով վերցրած` ամենատարեց ֆուտբոլիստները` 29 տարեկան, բաժին են հասնում Հնդկաստանին, որտեղ հետևողական աշխատանք է տարվում պրոֆեսիոնալ ֆուտբոլի կայացման ուղղությամբ:

Հաշվետվությունը վկայում է, որ ֆուտբոլային հինգ գերտերություններից երեքում` Անգլիայում, Իսպանիայում ու Գերմանիայում են ծախսերն ավելացել նախորդ տարվա համեմատ, իսկ ահա Իտալիայում ու Ֆրանսիայում նկատվել է հակառակ միտումը` ծախսերը նվազել են մոտավորապես երկու անգամ:

Նկատենք, որ 2013-ի համեմատ ավելացել են ոչ միայն ֆուտբոլիստներին ձեռք բերելու, այլև նրանց գործակալներին տրվող գումարները` կազմելով 236 միլիոն դոլար, ինչն ավելի է 18 միլիոնով:

Հարկ է նշել, որ տրանսֆերային ակտիվությունը ոչ մեկի համար էլ զարմանալի չէ ու չէր էլ կարող լինել, եթե չմոռանանք, թե 2014-ն ինչ հիշարժան տարի էր համաշխարհային ֆուտբոլում. ֆուտբոլային խոշոր մրցաշարերի տարիներին միշտ էլ լինում է նոր աստղերի բոցկլտում: Բացի այդ, նման առաջնություններում փայլատակածների գինը հաճախ գերագնահատված է լինում:

Ավարտելուց առաջ մի հայացք գցենք` հասկանալու համար, թե այդ չորս միլիարդը նաև ինչից կարող էր գոյանալ: Այսպես, Լուիս Սուարեսը «Լիվերպուլից» «Բարսելոն» է գնացել 81 միլիոնի դիմաց, Խամես Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալի» խաղացող է դարձել նրանից ընդամենը մեկ միլիոնով պակաս դոլարով: Պակաս կլորիկ գումարներ չեն արժեցել Անխել դի Մարիայի, Ալեքսիս Սանչեսի, Ռադամել Ֆալկաոյի, Դիեգո Կոստայի, Սեսկ Ֆաբրեկասի, Դավիդ Լուիսի և ուրիշ շատերի տրանսֆերները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am