2020-ի պատերազմի ժամանակ գործարար Վահան Քերոբյանը ասել էր, թե մեկնում է Արցախ՝ հայրենիքի պաշտպանության։ Մեծ հարգանքով էի վերաբերվել դրան։
Պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Հայաստանի կառավարության վարքագիծը, բայց հետո հանկարծ նեղ շրջանակում հայտարարեց, թե իրեն առաջարկել են լինել էկոնոմիկայի նախարար։ Ես իրեն ճանաչելով ու որոշ առումով նաև հարգելով՝ գրեցի, որ ճիշտ չեմ համարում Նիկոլի հետ ճանապարհ գնալը, որովհետև վաղ թե ուշ ինքն է լինելու տուժողը՝ կորցնելով նաև հայրենիք ու հարգանք։ Չարձագանքեց։
2021 թվականի հունիսի 21-ին համացանցում տեսա Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ մարդկանց հրավիրելով Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի «պողպատե մանդատը» հաստատելու, նաև իր մասնակցությամբ ոգևորելու ՔՊ-ի թիմին։
Չէի հասկանում, թե Նիկոլին չընդունող մարդը ինչպե՞ս կարող է այդպես արագ դառնալ Նիկոլի թիմի անդամ ու նույնիսկ համաձայնել նշանակվել էկոնոմիկայի նախարար։
Վահան Քերոբյանի հրապարակման տակ բարեկամաբար հիշեցրի, որ մինչև նախարար դառնալը նա այլ կերպ էր մտածում Նիկոլի մասին, ինչին Վահանն արձագանքեց, թե ես խեղկատակություն եմ անում, ավելին, որ ինքը չէր կարող ինձ հետ անձնական որևէ կապ կամ որևէ խոսակցություն ունենալ։ Իբր ես ո՞վ եմ, որ իր նման մարդը ինձ հետ զրուցի:
Վիրավորվեցի, իհարկե, բայց գիտակցում էի, որ Վահանի այդ ոգևորությունը կարճ է տևելու։ Հասկանում էի, որ նախարարի աթոռը նրան կտրել է իրականությունից, և երբ ընկնի ներքև, ցավոտ կլինի։ Միայն արձագանքեցի, որ ինքն է խեղկատակը, և որ շուտով ինքը կհասկանա Նիկոլի ձեռքին գործիք լինելը, բայց արդեն ուշ կլինի։
Հետագա տարիներին Վահան Քերոբյանը լծված էր Նիկոլի իշխանության գովերգմանը, Հայաստանի տնտեսության ֆանտաստիկ հաջողությունների մասին տեղեկություններ տարածելով, իսկ ժողովուրդը այդպես էլ իր մաշկի վրա չէր զգում որևէ դրական զարգացում։ Վահանը շարունակում էր Նիկոլի կառավարության գովքը։
2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջական հանձնման և Հայաստանի կառավարության կողմից Արցախից հրաժարվելու ժամանակ Վահան Քերոբյանը մնում էր Նիկոլի կողքին։ Արցախի համար կռվի գնացած մարդը մնում էր Արցախից հրաժարված մարդու կողքին՝ պաշտպանելով նրան։
2024 -ին Վահան Քերոբյանը հանկարծ ազատվեց պաշտոնից Նիկոլի առերևույթ հրահանգով և անմիջապես կալանավորվեց՝ մեղադրվելով պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Վահանը չէր ընդունում մեղքը, համարում էր, որ դա մտացածին է, որ իր գլխին սարքում են։ Ամբողջ ՔՊ-ի թիմը երես թեքեց իր երբեմնի գովերգած հրաշալի նախարարից, իսկ 2025-ի նոյեմբերին կրկին իշխանությունը փորձեց կալանավորել նրան։
Հիմա Վահանը երևի ընդդիմադիր է կամ նման մի բան։ Գուցե որոշել է կրկին հայրենասեր գործարար դառնալ։ Չգիտեմ։ Բայց ինչո՞ւ հիշեցի նրան։
Մարդիկ, որոնք որևէ պահի իրենց անձնական շահից ելնելով, ուրանում են հայրենիք ու ազգ, մոռանում են իրենց անցյալի դիրքորոշումները և հանկարծ 180 աստիճանով փոխվում, հետո անպայման դառնում են գործիք։ Իսկ երբ գործիքը կորցնում է շահագործման ժամկետը, անպայման դեն են նետում։
Այդպես բոլոր նրանց հետ է լինում, ովքեր հիմա Նիկոլի կողքին են՝ ուրանալով իրենց անցյալն ու հայրենիքը։ Նիկոլը բոլորին հերթով օգտագործելու և դեն է նետելու։
Նաիրի Հոխիկյան