Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Սարոյանի մեկ բառն Արևն էր

Սարոյանի մեկ բառն Արևն էր
20.07.2026 | 12:13

«Սարոյանի հետ Ջերմուկի գեղեցիկ ձորում էինք։

- Վարպետ,- ասաց ներկաներից մեկը,- խնդրում ենք այս քարին մեկ բառ գրել։ Ձեր ամենասիրած բառը…

Քարի կողքին ներկ ու վրձին էր դրված։

- Լավ բան եք մտածել… Տվեք վրձինը։

Ի՞նչ կգրի…

Դժվար էր գուշակել։

Բայց համոզված էի՝ կգրի մի բառ, որը կգա իր էության ամենախորքից։

Առաջին տառը, որ գրեց, լատիներեն «A»-ն էր։

Արդյոք «Armenia»-՞ պիտի գրի…

Ոչ։ Եթե «Հայաստան» գրեր, առաջին տառը «H»-ն պիտի լիներ…

Երբ գրեց երկրորդ տառը՝ «R», շփոթվեցի։

Հավանաբար, այո, «Armenia» է գրում…

Երրորդ տառից հետո՝ «E», ամեն ինչ պարզ դարձավ։

AREV…

Այո՛, արև։ Ամեն ինչի սկիզբը։ Ամենաբարին։ Ամենաարդարը։ Ամենակենսատուն։

Այդ պահին հանկարծ մտածեցի՝ միգուցե Արմենիան, Արարատը, Արան, Արաքսը, Արագածը, Արին-Բերդը, Արմավիրը, Արցախը, արդարը, արարիչը, արքան և առհասարակ «ար»-ով սկսվող հայերեն բառերի արմատը իսկապե՞ս արևից է սերում…»։

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

«Բարի հսկան» գրքից

Վահագն Դավթյանի այդ հիշողությունը Սարոյանի մասին սովորական պատմություն չէ։

Դա նրա ամբողջ ներաշխարհի բանալին է։

Բոլորը լարված սպասում էին մի բարձր ու հանդիսավոր բառի։ Ինչ որ մեկը մտածում էր կգրի Հայաստան, մյուսը՝ սեր կամ հավատ։

Իսկ Սարոյանը վերցրեց վրձինը ու գրեց ամենահասարակ ու ամենախոր բառը՝

AREV։

Նա չընտրեց այն ինչով մենք սովորաբար հպարտանում ենք։ Նա ընտրեց այն ինչից ամեն ինչ սկսվում է։ Արեւը, որ լույս է տալիս ու ջերմացնում, որ կյանք է բերում ու արդար է բոլորի համար հավասար։

Ու հետո ակամա մտածում ես, իսկապե՞ս պատահական է, որ մեր լեզվի ամենասրտամոտ բառերը հենց այդ երկու տառով են սկսվում՝ Արարատ, Արաքս, Արցախ, արդար, արարիչ։

Գուցե բանասիրությունը դա այլ կերպ կբացատրի, բայց հոգին այլ բան է զգում։

Կարծես մեր ժողովուրդը դարերով իր բառերի մեջ արեւի մի կտոր է պահել։

Վերջում հասկանում ես, որ մարդուն ճանաչելու համար երբեմն երկար խոսք պետք չէ։ Մեկ բառը բավական է։

Սարոյանի մեկ բառն Արևն էր։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5527

Մեկնաբանություններ