Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ընտրությունները Ամերիկայում․ ինչ եղավ և ինչ է լինելու

Ընտրությունները Ամերիկայում․ ինչ եղավ և ինչ է լինելու
08.11.2026 | 14:12

ԱՄՆ-ում անցավ, այսպես կոչված, «կապույտ ցունամին»։ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Դեսանտիսի խոսքով՝ դա «հանրապետականների զանգվածային ոչնչացում» էր։ Տեխասի նահանգապետը դա համեմատեց նոր Ուոթերգեյթի հետ, իսկ շատ մեկնաբաններ՝ Իրան-Կոնտրասի նոր սկանդալի։ Տեխասից ընտրված նոր սենատորը դա համեմատեց Դավթի՝ Գողիաթի նկատմամբ տարած հաղթանակի՝ ժողովրդի հաղթանակի հետ կոռումպացված միլիարդատերերի ակումբի դեմ։
«Գրավվեց» հանրապետականների գլխավոր հենակետը՝ Տեխասը, որտեղ 1988 թվականից ի վեր դեմոկրատ սենատոր չէր եղել։ Կանզասը դարձավ «կապույտ»՝ առաջին անգամ վերջին 100 տարվա ընթացքում։ Ընկան Հյուսիսային և Հարավային Կարոլինաները, Միչիգանը, Այովան, Օհայոն և Մեյնը, որտեղ տասնամյակներ շարունակ իշխել էին հանրապետականները։
Միչիգան նահանգից ընտրվեց առաջին մուսուլման սենատորը՝ Աբդուլ Էլ-Սայեդը, իսկ Ջորջիա նահանգը ստացավ իր առաջին աֆրոամերիկացի կին նահանգապետին՝ Քիշա Լենսին։ Էլ-Սայեդը, որի արաբական անվան վրա ծաղրում էր Թրամփը, հայտարարեց․ «Մենք պետք է տարանջատենք փողը քաղաքականությունից»։ Մաղթենք նրան հաջողություն։
Սրանք լավ լուրերից են։
Բայց... նոյեմբերի 5-ին Dow Jones-ի ինդեքսը մեկ օրում 1800 կետով անկում ապրեց։ Ֆոնդային բորսայում բաժնետոմսերի արժեքը նվազեց 2,5-ից մինչև 3,2 տրիլիոն դոլարով։ Միանգամայն հնարավոր է, որ աշխարհը գնում է դեպի նոր տնտեսական ճգնաժամ։
Այս ամենը միանգամայն սպասելի էր։ Ամերիկացիները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում համակերպվել մի նախագահի հետ, որը խաբել է սեփական ժողովրդին և դրժել իր բոլոր խոստումները։ Սա դրական արդյունք է և ամերիկյան ժողովրդավարության փոքրիկ հաղթանակը։ (Ի տարբերություն որոշ այլ հասարակությունների, որոնք հանդուրժում են և՛ ահաբեկչությունը, և՛ բռնապետությունը, և՛ մարդկանց, որոնք օրական մի քանի անգամ ստում են իրենց)։
Ի՞նչ է լինելու։
Կսկսվեն Թրամփի և նրա մերձավորների գործունեության հետաքննությունները, հնարավոր է՝ նոր գործեր հարուցվեն, Կոնգրեսում լսումներ անցկացվեն։ Հեգսեթի և անձամբ Թրամփի իմպիչմենտները հեռու չեն։ Թրամփի ձեռքերը կկապեն թե՛ դեմոկրատները, թե՛ նրա սեփական կուսակցության որոշ անդամներ, որոնք կորցրել են իրենց դիրքերը նրա՝ բոլոր խոստումները դրժելու և Նեթանյահուի կամքին ենթարկվելու որոշման պատճառով։ Հանրապետականների շրջանում արդեն պառակտում է սկսվել․ նրանցից ոմանք աջակցում են Փիթ Հեգսեթին պաշտոնանկ անելու պահանջին։
TRIPP-ը կարող է լինել այն նախագծերից մեկը, որը դեմոկրատները կհետաքննեն։ Թրամփը կարող է կորցնել հետաքրքրությունը կամ այդ նախագծով զբաղվելու հնարավորությունը։ Այնտեղ կարող են հայտնվել նոր ներդրողներ՝ Իրանը, Ռուսաստանը կամ այլ երկրներ։
Ցավոք, Թրամփն այլևս չի կարողանա նպաստել Ուկրաինայի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հնարավոր է՝ տեղի ունենա հակառակ տեղաշարժ․ Իրանը «սառեցնեն», իսկ Ուկրաինայում իրավիճակը «թեժացնեն»։ Թրամփի նախընտրությունն այլ էր՝ սառեցնել Ուկրաինան և թեժացնել Իրանը։ Յուրաքանչյուրին՝ իր պատերազմը։ Ճաշակին ընկեր չկա։
Եթե հաջորդ նախագահական ընտրություններից հետո իշխանությունն ամբողջությամբ անցնի դեմոկրատներին, ապա ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կվերադառնա իր գաղափարական հունին, և Թրամփի պրագմատիզմի փոխարեն կրկին կսկսվեն բարու խաչակրաց արշավանքներն ընդդեմ չարի, բարոյականության արշավանքները՝ անբարոյականության դեմ, և քաղաքակրթության արշավանքները՝ բարբարոսության դեմ։ Իսկ թե ով է բարի, ով՝ չար, ով՝ քաղաքակիրթ, ով՝ բարբարոս, կորոշեն նրանք, ում պաշտոնով դա է վերապահված։
Նույնը կլինի նաև մեր տարածաշրջանում։ Գործարար Թրամփի պրագմատիզմը, որը թույլ տվեց Ադրբեջանին, Թուրքիային և Իսրայելին խլել Հայաստանից Մեղրին, կփոխարինվի նոր ճնշմամբ՝ պահանջելով ընտրել իր կողմը Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ հակամարտությունում, որից, պատմական ավանդույթի համաձայն, հայերը միշտ մեծապես տուժում են։ Հայաստանին նոր ուժով կմղեն դեպի Եվրոպա, այսինքն՝ դեպի Թուրքիա։
Եվ մեծ ուրախություն օտարերկրյա դրամաշնորհների սիրահարներին․ խողովակը կրկին կբացեն, և դրանով նորից կհոսեն հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, որոնցով կոռոգեն ժողովրդավարության և արևմտյան արժեքների մեր պաշտպանների հոգիները։ Այս ամենը՝ նոր ձերբակալությունների, նոր ահաբեկչության և նոր գողացված ընտրությունների ֆոնին։
Պետք է լավատես մնալ։ Երբ թվում է, թե ամեն ինչ վատ է, մի՛ հուսահատվեք․ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել։

Արթուր Խաչիկյան
Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ