Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ասել է Türkiye թերթին՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին։               
 

Լավագույն ընտրությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը հրաժարվում է լինել կանխորոշված սցենարի պասիվ հանդիսատես

Լավագույն ընտրությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը հրաժարվում է լինել կանխորոշված սցենարի պասիվ հանդիսատես
18.06.2026 | 17:43

Ինձ համար սև ու սպիտակ լուսանկարները միշտ էլ առանձնահատուկ էներգետիկա են ունեցել, դրանցում բացակայում է ավելորդ աղմուկը՝ թողնելով միայն էականն ու պարզը։ Կյանքում նույնպես երբեմն պետք է հանել գունավոր ակնոցները, որպեսզի պատրանքների խտության մեջ չկորցնենք իրականությունը։ Չէ՞ որ կյանքին չափազանցված գույներով նայելու հիասթափությունը սովորաբար շատ չի ուշանում։

Մի հին ճշմարտություն կա` ինչպես թատրոնում, այնպես էլ քաղաքական կյանքում հաճախ դեկորացիաները փոխվում են, հռետորաբանությունը՝ երբեմն, իսկ բեմադրիչները՝ գրեթե երբեք։

Եվ եթե խոսենք կանխորոշված ընտրությունների մասին, ապա նման իրավիճակներում ամենադժվար դերը բաժին է ընկնում հենց ընտրողին, քանի որ նրանից ակնկալվում է ձևացնել, թե ինքն իրոք ընտրություն է կատարում։

Իսկ գիտե՞ք՝ որն է կանխորոշված ընտրությունների և իրական թատրոնի տարբերությունը։ Թատրոնում դու գոնե նախապես գիտես, որ ներկայացում ես դիտելու, իսկ տոմսի համար վճարում ես միայն մեկ անգամ՝ դրամարկղում։ Քաղաքական ներկայացումների մեջ, սակայն, ամեն ինչ շատ ավելի բարդ է բեմադրված։

Այնտեղ դերասանները կարող են փոխել դիմակները, բայց երբեք չեն մոռանում հին տեքստերը։ Բեմի վրա կրքերն այնպիսի ուժգնությամբ են բորբոքվում, որ հանդիսատեսը հաճախ պատրաստ է հավատալու, թե այդ ամենն անկեղծ է։ Տարիներ շարունակ մենք ականատես ենք լինում նույն քաղաքական թատրոնին, որտեղ հնչում են բարձրագոչ հայտարարություններ, փոխադարձ մեղադրանքներ ու խոստումներ։ Արդյունքում՝ հանդիսատեսը բաժանվում է ճամբարների, բորբոքվում, երբեմն նույնիսկ թշնամանում հարևանի կամ ընկերոջ հետ՝ պաշտպանելով այս կամ այն կողմին։

Բայց եթե մի պահ հայացքներս բարձրացնենք բեմից վերև, կտեսնենք, որ շատ թելեր կառավարվում են նույն կետից։ Նման կանխորոշված խաղերում հանդիսատեսին ընդամենը թույլ է տրվում ընտրել, թե որ կերպարն այս անգամ ավելի տպավորիչ կխոնարհվի բեմից։

Լավագույն ընտրությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը հրաժարվում է լինել կանխորոշված սցենարի պասիվ հանդիսատեսը։ Ժամանակն է կյանքին նայել սև ու սպիտակ հստակ կոնտրաստով, որպեսզի ներկայացման աղմուկի մեջ վերջապես տեսնենք իրականությունը։

Եվ վերջապես, ինձ համար իսկական քաղաքացին նա չէ, ով հանճարեղորեն խաղում է իրեն պարտադրված դերը, այլ նա, ով հրաժարվում է խաղալ ուրիշի սահմանած կանոններով:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ