Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անքննելի են ծրագրերը Կրեմլի

Անքննելի են ծրագրերը Կրեմլի
01.04.2026 | 20:15

Ինչ ուզում եք ասեք՝ ճարպիկ է մեր տղեն, իսկը «մոր աչքի սուրմա թռցնող մե զուլում լակոտ»: Ափսոս, Պերճ Պռոշյանի պես գրող չկա հիմա, թե չէ մի նոր «Հացի խնդիր» կունենայինք, բայց ոչ թե գինեվաճառ, այսինքն, Միկիտան Սաքո, այլ Հողավաճառ Նիկոլ գլխավոր հերոսով: Բա չէ, էն խեղճ ու կրակ Գիքորի նման, որ գյուղից եկավ քաղաք, մի Բազազ Արտեմի հախից էլ չկարողացավ գալ, խանութն իրենով աներ, տիրոջն էլ պրիստավի ձեռքը տար… Լավ, չշեղվեմ թեմայից, ասածս էն է, որ ճարպիկ վարչապետ ունենք, շատ էլ թե գրականություն-բան սերտած կիրթ զանգվածը չակերտների մեջ է առնում վարչապետ բառը, հայերենի հարուստ բառապաշարից պեղած ածականներն էլ հետևից շարում: Ինքն իր գործը լավ գիտի, գինետուն չէ, է՜, «ցելի» երկիր է ձեռք գցել, հարիֆ գիքոր հո չի՞, ձեռքից բաց թողնի: Փոխնախագահ Դի Վեյսի հետ Բաղրամյան-26-ում ողջագուրվե՞ց՝ ողջագուրվեց, ուրեմն, Ամերիկան կօգնի: Կայա Կալասը խոստացա՞վ ապրիլի սկզբին գալ Հայաստան,15 միլիոն եվրո էլ հյուսիսից եկող հիբրիդայիյն պատերազմի չեզոքացմանը հատկացնել՝ խոստացավ, ուրեմն, Եվրոպան էլ կօգնի: Էրդողանն ու Ալիևը պարզ հասկացրի՞ն, որ թույլ չեն տա Հայաստանում ռևանշիստները գան իշխանության՝ հասկացրին, ուրեմն, Թուրքիան ու Ադրբեջանն էլ կօգնեն: Մնաց Պուտինը… Այ, Պուտինի հետ դժվար է լինելու, բայց որ խնդրանքը չի մերժել, համաձայնել է Կրեմլում ընդունել, ուրեմն, իր մտքին էլ կա օգնել, միայն թե՝ ինչի՞ դիմաց:

Այս տվայտանքների մեջ էլ մեր ճարպիկը ճանապարհվել է Մոսկվա, որտեղ, մեղմ ասած, լավ չեն դիմավորել նրան տեղի հայերը: ''Вести'' լրատվական ծրագրի սարկազմով լեցուն ծավալուն ռեպորտաժն էլ հո լրիվ խայտառակություն էր. Հայաստանի ղեկավարներից ոչ մեկը նման բացառիկ «պատվի» չի արժանացել երբևէ ռուսական հեռուստաեթերում: Ես, որ երևանաբնակ հայ եմ, ամոթից տեղս չէի գտնում մոնիտորի առաջ, պատկերացնում եմ ռուսաստանաբնակ հայերի վիճակը:

Բայց մեր ճարպիկը հեշտ կոտրվողներից չի, «դաբաղանի կաշին» էլ միշտ հետն է, Պուտինի մոտ մտնելուց առաջ քաշել է դեմքին, ու ստացվել է մի չնաշխարհիկ բարիդրացիական պատկեր՝ հայ-ռուսական դարավոր եղբայրության ֆոնին:

Ցավոք, հասարակ մահկանացուներս այդպես էլ չենք իմանա, թե ինչ ասաց Լադիմիրովիչը Վավաևիչին դռնփակ առանձնազրույցի ժամանակ, քանզի անքննելի են ծրագրերը Կրեմլի, բայց որ Հայաստանն այս այցից ոչինչ չի շահելու, կասկածից վեր է: Շահելը՝ դեռ մի կողմ, ասա՝ հերթական անգամ չկորցնենք:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 19996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ