Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Չնքուշ

Չնքուշ
12.03.2026 | 12:45

Երևանի վարչական շրջաններից մեկը Նուբարաշենն է։ Դա, ըստ էության, մայրաքաղաքից մեկուսացված, 7 կմ հեռավորության վրա գտնվող, ամենափոքրաթիվ բնակիչություն ունեցող առանձին բնակավայր է։

1926 թ․, ճիշտ 100 տարի առաջ, ամերիկաբնակ հայերը Ֆիլադելֆիայում դրամահավաք կազմակերպեցին 1931-ին ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) արծաթյա հոբելյանը՝ 25-ամյակը, պատշաճ նշելու համար։ Ժողովվեց 250․000 դոլար, որին 100․000 ավելացրեց ընկերության հիմնադիր-նախագահ Պողոս Նուբարը, բայց պայմանով, որ ամբողջ այդ գումարով Խորհրդային Հայաստանում գյուղ կառուցվի, ուր կներգաղթեին Ցեղասպանությունը վերապրած, աշխարհով մեկ սփռված խլյակները։ Տեղն ընտրվեց, կառուցվեց շուրջ 120 տուն, և ավանն անվանվեց Նուբարաշեն՝ ի պատիվ և ի հիշատակ Պողոս Նուբարի։ 1938-ին այն վերանվանվեց Սովետաշեն, իսկ 1989-ին վերստացավ նախկին անվանումը։

Գուցե տարօրինակ թվա, բայց Նուբարաշենի փողոցներն անանուն են, դրանք համարակալված են թվերով, մի՞թե չէր կարելի դրանք կոչել ՀԲԸՄ երախտավորներ Աղթոնի, Մալեզյանի, Զարեհ Նուբարի, Կարագյոզյանի, Քելեկյանի և տասնյակ այլոց անուններով։

Բայց՝ ոչ, կա մի փողոց, որն անուն ունի՝ Չնքուշ և կա անգամ Չնքուշցիների հուշարձան։

Չնքուշը գտնվում էր Տիգրանակերտի (Դիարբեքիր) նահանգում, Եփրատ գետի ձախ ափին, Խարբերդ և Սեվերակ քաղաքների միջնամասում։ Աղբյուրն ավետում է․ «Չնքուշ ըլլալով գիւղաքաղաք մը լեռնային և զուրկ ընդեղէնի ընդարձակ արտերէ, անոր բնակիչներէն հայերը, որոնք կը կազմէին 1.500 տուն բնակչութեան չորս հինգերորդը (1.200 տուն) արհեստաւոր և առեւտրական էին: Թուրքերու հինգ-տասը տուները ԺԹ դարուն բռնութեամբ և հափշտակութեամբ կալուածի և հարստութեան տիրացած և վաշխառու աղաներ ու պէյեր էին, իսկ մնացեալ բացարձակ մեծամասնութիւնը՝ ջորեպան, իշապան, մշակ (օրավարձով որեւէ գործ ընող), աղքատ՝ ընդհանրապէս»:

Ուշագրավ է անվան ծագումը։ Ուշ միջնադարում մի հայ վաճառական առևտրական գործերով այցելում է Չինաստան և վերադառնալով ծննդավայր` հետը բերում… թութակ: Այդ զարմանահրաշ թռչունը իսկական իրարանցում է առաջացնում, գյուղացիները հերթով մտնում են վաճառականի տուն` Աստծո ստեղծած տարաշխարհիկ արարածին տեսնելու, և բոլորի շուրթերին երկու բառ էր` չինի ղուշ, չին ղուշ: Չին ղուշի համբավն այնքան է տարածվում, որ հին անվանումը մոռացվում է, և բնակավայրն սկսում է կոչվել Չնքուշ…

1915 թ. Ցեղասպանության ժամանակ չնքուշցիների մի մասը բարձրացավ լեռները, զինված դիմադրություն ցույց տվեց ու փրկվեց: Մնացածներին` 5700 մարդու, թուրք ցեղասպանները տեղահանեցին, կոտորեցին ու նետեցին Տուտան կոչվող կիրճի անդունդը:

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ