ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից-3

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից-3
19.04.2026 | 16:14

Սկիզբը՝ այստեղ

(տրիբունալ Ծիծեռնակաբերդի բարձունքում)

Դահլիճում լույսերը կենտրոնացան Մեղադրողի վրա, որը դանդաղ քայլքով ուղղվեց դեպի ամբաստանյալի վանդակը, ձեռքին՝ Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի տրամադրած թղթապանակն էր, որտեղ ամփոփված էին տասնյակ հազարավոր զոհերի անունները։

Մի պահ կանգ առավ, նայեց սևազգեստ մայրերին, ապա կտրուկ շրջվեց դեպի ճաղավանդակը։ Նրա ձայնը հնչեց որպես դատաստանի շեփոր։

- Ամբաստանյա՛լ, ես չեմ հարցնելու Ձեր սխալների մասին, որովհետև սխալը մարդկային է, իսկ այն, ինչ արել եք Դուք՝ դիվային դավադրություն է։

Ես հարցնելու եմ Ձեր Լեզվի մասին, որը դարձավ ավելի մահաբեր, քան թշնամու ողջ զինանոցը։

2019-ի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի սրտում՝ համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման ընթացքում, կոկորդ էիք պատռում՝ «Արցախը Հայաստան է և վե՜րջ»։

Հանրությունը կարծեց, թե նպատակն Արցախի և Հայաստանի միասնականությունն ընդգծելը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հայտարարություններին պատասխանելն է։

Հանցավոր այդ գոռոցով շղթայեցիք ողջ հայ ժողովրդի բանականությունը։ Իսկ հազարավոր տղաների,- օդում թափահարեց թղթապանակը,- ուղարկեցիք խրամատներ՝ «վերջ»-ի հավատով։

Իհարկե, ավելի ուշ՝ 2025-ի սեպտեմբերի 20-ին, հարազատ Ձեր դիվային էությանը, հայրենասիրության շինծու «մոդելի» մանիպուլյացիաներով փորձեցիք արդարանալ, թե․

«Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել»։

Ձեր իսկ առաջադրած հռետորական հարցին՝ «ի՞նչ է հիմա հայրենասեր չե՞մ», պատասխանեցիք՝ «ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ»։

Ստացվեց դիլեմա՝ ի վերջո, հայրենասեր ե՛ք, թե՝ չե՛ք։

Պարզվեց՝ այդ «եք»-ի ու «չեք»-ի միջակայքում է հենց թաքնված գլխավոր հանցագործն ու սադրիչը՝ Ձեր լեզուն։ Որը, ըստ էության, միայն տեսականորեն է Ձերը։

Քանի որ, ինչքան էլ անհավատալի թվա, իրական չարագործները ԽՍՀՄ նախկին, ա՜խ այդ «նախկին»-ները, ղեկավարներն էին, ովքեր որպես բռնակալներ կառչել էին Ձեր իսկ լեզվից ու անամոթաբար «քշում» էին, ոնց թուրք-ադրբեջանական շահերն էին թելադրում։

Զարմանալու հարկ չկա՝ իմ եզրակացության հիմքում Ձեր իսկ խոստովանությունն է։ Լսեք։

Դահլիճում հնչեց ամբաստանյալի ձայնը․

«2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը։ Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մենք չենք էլ նկատել, որ մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-ից 1980-ական թվականներին ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա»։

- Մտաբերեցի՞ք,- իրոնիկ շեշտադրմամբ հարցադրեց Մեղադրողը։- Լուսաբանենք, սակայն, կարևոր մի նրբություն․ ո՞ր, ավելի ճիշտ ու՞մ «մոդելով»

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարեցիք՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։

Այսօր ճակատագրական այդ «վերջը» դարձել է մեր հայրենիքի վերջը, մեր սրբավայրերի պղծումը և 10 հազարից ավելի,- կրկին թափահարեց թղթապանակը,-զավակների շիրիմը։

Մեղադրողը մի քայլ առաջ գնաց՝ գրեթե դիպչելով ճաղավանդակին.

- Պատասխանեք, այդ ի՞նչ դիվային խաղ էր։ Ինչպե՞ս կարող է նույն շուրթերից հնչել և՛ «հայկական Արցախի» կոչը, և՛ «ադրբեջանական Ղարաբաղի» դատավճիռը։ Մի՞թե Ձեր բառարանում «վերջը» նշանակում է միայն կործանում։

Մի՞թե այնքան անտեղյակ էիք, որ չէիք հասկանում Ձեր խոսքի կործանարար գինը, թե՞ Ձեր յուրաքանչյուր բառը նախապես հաշվարկված որոշակի «մոդելի» դիվային քայլ էր՝ մեզ բերելու հոգեբանական և ֆիզիկական կապիտուլյացիային։

Պատասխանե՛ք դատարանին. Ձեր հռչակած «վերջը» տգետի պատրանքո՞վ էր ասված, թե՞ միայն Ձեզ հայտնի «մոդելով» դավաճանության վերջնական ու անդառնալի հարվածն էր մեր պետականությանը։

Դահլիճում տիրեց այնպիսի լռություն, որ լսվում էր ներկաների զսպված շնչառությունը։ Ամբաստանյալը, որ նյարդային ջղակծկումներով դեմքն էր ծամածռում, վեր թռավ տեղից և սկսեց հիսթերիկ մենախոսությունը.

- Եթե ինձ հարցնում եք հակասությունների մասին, նշանակում է՝ չե՛ք հասկացել իմ քաղաքականության հանճարեղությունը։

Երբ Ստեփանակերտի հրապարակում գոռում էի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», անում էի ոչ թե նրա համար, որ հավատում էի դրան, այլ որպեսզի վերջնականապես փակեմ բանակցային բոլոր դռները։ Ինձ պետք էր պատերազմ, որովհետև առանց պատերազմի չէի կարողանա ստիպել ձեզ հրաժարվել Արցախից։ Նշաձողը պետք է այնքան բարձրացնեի, որ դրա անկումը մահացու և անդառնալի լիներ։

Դա «ծուղակ» էր ձեր իսկ հայրենասիրության համար։ Ես ձեզ տվեցի այն էյֆորիան, որը հետո պետք է դառնար ձեր կործանման հիմքը։

Ներկա սևազգեստ մայրերն ասես քարացել էին։

- Իսկ երբ հաստատեցի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ», ընդամենն ավարտին հասցրի այն, ինչ սկսել էի առաջին նախադասությամբ,- ասես մեղադրողի դեմքին թքեց բառերը։- Առաջին «վերջը» բերեց պատերազմն ու մահը, երկրորդ «վերջը» բերեց հանձնումը և ուրացումը։

Ես ձեզ սովորեցրի, որ «վերջը» միշտ իմ ձեռքում է։

Ես ձեզ խաբել եմ այնքան ժամանակ, որքան դուք ուզել եք խաբված լինել։ Ես օգտագործեցի ձեր հույզերը՝ ձեր տունը ձեր ձեռքից խլելու համար։

Ամբաստանյալն ընդհատեց խոսքը։ Նրա անակնկալ հռհռոցը սարսուռ առաջացրեց։

- Ես ցույց տվեցի, որ կարող եմ ասել ցանկացած բան և դրա հակառակը, ու դուք դարձյալ կգաք իմ հետևից։

Դա ոչ թե հակասություն էր, դա հոգեբանական ջարդ էր։ Ես պետք է ոչնչացնեի ձեր հավատը խոսքի և ճշմարտության հանդեպ, որպեսզի դուք դառնայիք կույր զանգված՝ իմ ձեռքում։

Ես հաղթեցի ձեզ ձեր իսկ լեզվով։

Դահլիճում տիրեց այնպիսի մահացու լռություն, որ լսվում էր միայն ամբաստանյալի հաճախացած նյարդային շնչառությունը։

Նա այլևս մեղադրյալ չէր, այլ սեփական ժողովրդի դահիճը, որը հրապարակավ խոստովանեց, որ իր ողջ իշխանությունը եղել է մի մեծ դիվային փորձարկում՝ ազգային ոգու ոչնչացման համար։

Ամբաստանյալը, տեսնելով դահլիճի զայրացած հայացքները, սկսեց նյարդային քայլել վանդակում։ Նրա ձայնը դարձավ սուր ու կտրուկ, ասես փորձում էր սեփական վախը թաքցնել ագրեսիայի հետևում։

- Իմ բոլոր քայլերով ես ընդամենը փորձել եմ ազատել ձեզ «զոհի բարդույթից»,- գրեթե բղավեց՝ թքելով բառերը դեպի մարդիկ։- Ես ուզում էի, որ դուք դադարեք լաց լինել անցյալի վրա, որ մոռանաք ձեր կորուստները, որպեսզի կարողանամ ձեզ դարձնել «իրական»։ Ձեր հիշողությունը ձեր բեռն էր, և ես փորձեցի կտրել այդ բեռը։

Դահլիճում տիրեց շնչահեղձ լռություն։ Մեղադրողը, որ մինչ այդ լուռ հետևում էր նրա ջղաձգումներին, դանդաղ մոտեցավ կենտրոնին։ Նրա հայացքը հիմա ավելի սառն էր, քան երբևէ։

- «Ազատե՞լ զոհի բարդույթից»,- Մեղադրողի ձայնը հնչեց ցածր, բայց այն ներթափանցեց դահլիճի ամենամութ անկյունները։- Ամբաստանյա՛լ, Դուք «զոհի բարդույթ» եք անվանում մի ողջ ազգի արյունոտ հիշողությու՞նը։ Դուք «ազատագրում» եք անվանում մեր նահատակների սուրբ կանչը լռեցնելու Ձեր փորձե՞րը։

Նա շրջվեց դեպի դատավորները.

- Մեծարգո՛ դատարան, մենք ականատեսն ենք ոչ թե սովորական ուրացման, այլ Հայոց ցեղասպանության երկրորդ արարի՝ իրականացված հենց մեր ներսից։ Ամբաստանյալը փորձեց սպանել ոչ թե մարմինները, այլ մեր Ինքնությունը։ Նա փորձեց մեզ համոզել, որ մեր պապերի մոխիրը «բեռ» է, որ մեր պահանջատիրությունը «հիվանդություն» է, իսկ մեր արդար դատի ձգտումը՝ «պատրանք»։

Նայեց ամբաստանյալին՝ խորին արհամարհանքով.

- Դուք չէիք փորձում մեզ «ազատել», Դուք փորձում էիք մեզ զինաթափել։ Որովհետև առանց հիշողության ազգը անդեմ է, իսկ առանց արդարության՝ անպաշտպան։ Դուք ուզում էիք մաքրել ոճրագործի ճանապարհը՝ ջնջելով զոհի հիշողությունը։ Դուք փորձեցիք ուրանալ Մեծ եղեռնը, որպեսզի հեշտությամբ մարսվի Ձեր իսկ իրականացրած նոր եղեռնը։ Դա «զոհի բարդույթից» ազատում չէր, դա մեղսակցություն էր ոճրագործին։ Դուք փորձեցիք դառնալ մեր պատմության վերջին դահիճը, ով պիտի փակեր մեր հազարամյակներ ձգվող էջը՝ այն վերածելով սպիտակ ու դատարկ թղթի։

Բայց իմացե՛ք, ամբաստանյա՛լ. հիշողությունը չի սպանվում հրամանագրերով կամ լպիրշ ճառերով։ Այն ապրում է այստեղ ներկա յուրաքանչյուրի սրտում, և Ձեր այդ «ուրացման փրկությունը» դառնալու է Ձեր հավերժական խարանը։

- 1,5 միլիոն զոհերը ձեր ներկան կաշկանդող շղթաներն էին, իսկ ես ուզում էի կտրել այդ շղթաները։ Ես ասել եմ՝ պետք է ճանաչել «իրական Հայաստանը», իսկ իրական Հայաստանի համար Ցեղասպանությունը ոչ թե քաղաքական գործոն է, այլ ընդամենը պատմական անցյալ, որը մեզ խանգարում էր հարևանների հետ «կառուցողական» լինել։

Այո՛, ես կասկածի տակ դրեցի զոհերի թիվը, ես փորձեցի փոխել դպրոցական դասագրքերը, ես Ցեղասպանության հիշողությունը փոխարինեցի «ցավի» ընդհանուր ձևակերպմամբ։ Ինչու՞։ Որովհետև քանի դեռ հայը հիշում է հարևանի յաթաղանը, նա երբեք չի համակերպվի իմ բերած «խաղաղության» հետ։ Ինձ պետք էր ազգ, որը չունի Ցեղասպանության հիշողություն, որովհետև միայն այդպիսի ազգին կարելի է հասկացնել, որ թշնամին այլևս թշնամի չէ։

Մի պահ ընդհատեց խոսքն ու սկսեց հռհռալ հոգեշեղվածի քրքիջով։ Ապա լրջացավ ակնթարթորեն ու դեմքի դիվական ծամածռությամբ գրեթե բղավեց․

- Ես ուրացել եմ 1915 թվականը, որպեսզի դուք չնկատեք 2020-ի և 2023-ի ցեղասպանությունը։ Ես աճուրդի հանեցի մեր նախնիների արյունը, որպեսզի գնեմ իմ իշխանության վաղվա օրը։ Եվ ես չեմ զղջում դրա համար, որովհետև պատմությունը գրում են նրանք, ովքեր ողջ են մնում, այլ ոչ թե նրանք, ովքեր հավատարիմ են մնում իրենց նահատակներին...

Ամբաստանյալի ձայնը, որը վերջում վերածվեց հիսթերիկ բղավոցի, դեռ արձագանքում էր դատարանի սառը պատերի ներքո։ Նրա խոսքերը՝ «Ես աճուրդի հանեցի մեր նախնիների արյունը», իսկական ֆիզիկական հարվածի էֆեկտ թողեցին ներկաների վրա։

Դահլիճում տիրեց խլացնող լռություն։

Ամբաստանյալը կառչել էր ճաղերից։

Դեմքը փայլում էր հիվանդագին հպարտությամբ, ասես, գովասանքի խոսքեր էր ակնկալում անսպասելի «անկեղծության» համար։

Ներկաների համար անսպասելի լսվեց մի ձայն՝ սառը, հատու և անողոք։

Մեղադրողը չէր։

Ոչ էլ Դատավորը։

Զոհված զինվորի հայր էր, որը դանդաղ վեր կացավ տեղից։ Չէր գոռում։ Ձայնի անհասկանալի, բայց տպավորիչ դատարկությունը վայրկենապես մարեց ամբաստանյալի հիսթերիկ քրքիջը։

Աչքերում ոչ թե արցունքներ էին, այլ սահմռկեցուցիչ անդորր, ինչն ավելի սարսափազդու էր, քան ցանկացած ցասում։

- Ասում ես՝ «ողջ մնացողնե՞րն են գրում պատմությունը»,- հարցրեց Հայրը՝ հայացքը մեխելով ամբաստանյալի դողացող ձեռքերին։ – Սխալվում ես։ Պատմությունը գրում են նրանք, ովքեր ապրում են, ովքեր արժանապատվություն ունեն։ Իսկ դու մեռած ես, չթաղված դիակ, որն անփառունակ քայլում է սեփական զոհերի արյան վրայով։

Դու աճուրդի հանեցիր մեր նախնիների արյունը, բայց այնքան սնանկ ես, այնքան փուչ, որ ստոր այդ քայլով նույնիսկ չկարողացար գնել պիղծ հոգուդ փրկությունը։

Գիտե՞ս ինչու էիր փորձում մեզ «ազատագրել» հիշողությունից, որովհետև քո անմաքուր տեսակը կարող է գոյություն ունենալ միայն մոռացության մեջ։ Դու վախենում ես մեր որդիների շիրիմներից, որովհետև ամեն մի հողաթումբ քեզ համար կախաղան է։ Դու ուրացել ես 1,5 միլիոն նահատակներին, որովհետև նրանց սուրբ լռությունը քո դավաճանության աղաղակող վկայությունն է։

Լսի՛ր ինձ, դահի՛ճ. դու կարող ես ջնջել դասագրքերը, կարող ես փոխել սահմանները, բայց չես կարող փախչել այն արյունից, որը հիմա քո երակներում թույն է դարձել։

Հայրը ձեռքը պարզեց դեպի վանդակը՝ ոչ թե մատնացույց անելով, այլ ասես անեծքը դրոշմելով նրա ճակատին.

- Քո պատիժը մահը չէ։ Մահը քեզ համար շռայլություն կլիներ։ Քո պատիժն այն է, որ դու դատապարտված ես ապրելու որպես սեփական ազգի աղբ, որին անգամ հողը չի ընդունելու։

Դու աճուրդի հանեցիր հայրենիքդ, բայց գնորդդ քեզնից հետո քո անունն էլ է լվանալու իր վրայից՝ որպես կեղտ։ Դու արդեն չկաս։

Դու ընդամենը դատարկություն ես՝ լցված մեր զավակների անեծքով։

Հայրը շրջվեց դեպի Մեղադրողը.

- Պարո՛ն Մեղադրող, սա այլևս քաղաքական դատավարություն չէ։ Սա Գոյության դատավարություն է։ Նա խոստովանեց, որ ուրացել է 1,5 միլիոն նահատակներին, որպեսզի արդարացնի մեր զավակների սպանդը։ Նա աճուրդի է հանել մեր Ոգին։ Ես պահանջում եմ, որ դատավճիռը հնչի ոչ թե օրենքի տառով, այլ մեր սրբազան հիշողության ուժով։

Մեղադրողը, որը ցնցված էր մեղադրյալի լպիրշությունից, խոսեց դանդաղ, բայց հատու։

- Ամբաստանյա՛լ, Դուք ասացիք, թե աճուրդի եք հանել մեր նախնիների արյունը՝ Ձեր իշխանությունը գնելու համար... Բայց մոռացաք կարևոր մի «նրբություն». այդ աճուրդում Դուք Ձեզ համար գնեցիք միայն մեկ բան՝ Հավերժական Անեծք։ Դուք այլևս մարդ չեք, Դուք սոսկ թիվ եք դավաճանների ու ազգն ուրացածների ցուցակում, որովհետև Դուք հոգեպես մեռաք այն պահին, երբ առաջին անգամ կասկածի տակ դրեցիք Ցեղասպանությունը։

Մեղադրողն ակնդետ նայեց նրան․

- Դուք փորձեցիք սակարկել այն արյունը, որը Ձերը չէր, և այն հիշողությունը, որը Ձեզ չէր պատկանում։ Դուք մեզ շղթաներից չեք ազատագրել, Դուք փորձել եք մեզ զրկել մեր արմատներից, որպեսզի քամին մեզ տանի այնտեղ, ուր Ձեր տերերն են կամենում։ Սա պրագմատիզմ չէ, ինչպես Դուք եք կարծում, այլ բացարձակ սրբապղծություն։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ