ԱՄՆ ում Կոնգրեսի ընտրություններ են:
Դոնալդ Թրամփը փայլուն հաղթահարեց իր նախագահության ամենաբարդ ժամանակահատվածը:
Նա ամենօրյա ռեժիմով աշխարհի ուշադրությունը շեղեց լուրջ խնդիրներից՝ խուսափելով իրեն բաժին հասած լուրջ խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելուց:
Վաղվանից Կոնգրեսում մեծամասնություն կկազմեն դեմոկրատները, և Թրամփը կունենա հարցերից խուսափելու ավելի ակնհայտ պատճառ:
Եթե անցած երկու տարում հանրապետականների տիրապետության տակ գտնվող Կոնգրեսում և Սենատում Թրամփը բոլոր մեղքերը բարդում էր Բայդենի ու դեմոկրատների վրա, այժմ առավել ևս բոլոր հարցերում Թրամփը հղում է կատարելու դեմոկրատական Կոնգրեսին, գուցե նաև՝ Սենատին:
Ակնհայտ էր, որ Թրամփի վրա գործադրվում է մեծ ճնշում, ակնհայտ էր, որ նրան թույլ տվեցին հրաշքով հաղթել Քամալա Հարիսին, որպեսզի հետագայում օգտագործեն բոլոր իսրայելական (և ոչ միայն) ծրագրերում: Ճիշտ է, օգտագործեցին, Գազան ոչնչացվեց, տարածաշրջանի բազմաթիվ երկրներ ենթարկվեցին ռազմական ագրեսիայի, հատկապես՝ Իրանը: Բայց միևնույն է, Թրամփը փայլուն կերպով խուսափեց լայնածավալ պատերազմներից: Միջին Արևելքում ռազմական բախումների միջոցով Թրամփը նաև ԱՄՆ-ը կարողացավ հեռու պահել Ուկրաինական պատերազմից: Նախընտրական քարոզարշավի վերջին միտինգի ժամանակ Թրամփը մարդկանց պատմում է նոր կառուցված Լինքոլնի անվան լողավազանի մասին...
Վաղը նա կարող է հանգիստ շունչ քաշել, հիմնական գործն արված է: Հաջորդ երկու տարիները արագ կթռնեն, եկող տարի Ամերիկան կկենտրոնանա գալիք նախագահական ընտրությունների վրա:
ԱՄՆ-ը ավելի կհեռանա մեծ կոնֆլիկտներից, կոնֆիլկտները չեն լուծում կայսրության առջև ծառացած լուրջ հարցերը:
Թրամփի ժամանակ սպանելու նպատակը նաև ամերիկյան AI հեղափոխությունն էր, որը խոշոր IT գիգանտներին պետք է հնարավորություն տար կլանել ողջ ոլորտը, դառնալ միանձնյա առաջատար: Արհեստական բանականությունը ԱՄՆ-ին գերտերություն պահելու վերջին միջոցն է: Ռազմական ու արդյունաբերական ոլորտներում ԱՄՆ-ը Չինաստանին վաղուց է պարտվել: Ռազմական ոլորտում գուցե պարտվել է ավելի թույլ երկրների: Եվ անցած երկու տարում, մինչ Թրամփը ժամանակ էր սպանում և ամեն գնով խուսափում մեծ պատերազմներից, ամերիկյան AI ոլորտի հսկաները աշխատում էին օր ու գիշեր:
Սակայն մեծ հարց է՝ արդյո՞ք AI ոլորտում ԱՄՆ-ը կկարողանա հաղթել Չինաստանին:
Վաղվանից մեծ քաղաքականության նոր փուլ է սկսվելու, հատկապես մեր և մեր հարակից տարածաշրջանում:
Թրամփի կողմից տրված որևէ խոստում, քաղաքական ու տնտեսական ծրագիր էլ ավելի է արժեզրկվելու: Ամենավառ օրինակներից մեկը մեր օդից կախված ԹՐԻՓ-ն է, որը իրականություն չի դառնա, բայց կդառնա առևտրի առարկա:
Համաշխարհային քաղաքականության մեջ նոր ալիքներ են սկսվելու: Աշխարհը փաստացի մատնված է անտերության, չկա միջազգային իրավունք, միջազգային հեղինակություն ունեցող գերտերություն: Միակ գերտերությունը Չինաստանն է, որը ծայրահեղ պահպանողական է և ոչ մի տարածաշրջան, ոչ մի հարցի մեջ ուղղակի կերպով չի մտնում:
Այս առթիվ ինձ հատկապես հետաքրքրում է վերջին օրերին բեմադրվող թուրք-ազերական քաղաքական շինծու հակամարտությունը: Անկախ նրանից, սա վերադասավորություն է, թե տարածաշրջանային գալիք նոր խաղի նախերգանք, այն անմիջական առնչվելու է հատկապես Հայաստանին:
Հայաստանից խոսելու ցանկություն չկա, մենք վերածվել ենք գորշ զոնայի, որտեղ ժամ առ ժամ վերանում են մարդկային ու ազգային արժեհամակարգի վերջին փշրանքները: Համատարած անտարբերության ու դեգրադացման մթնոլորտում ոչ ոքի ոչինչ չի հետաքրքրում, երկրի հետ կարող են անել ամենաանհավանական բաները, և չի լինի որևէ դիմադրություն...
Արա Արայան