ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի Սահմանադրության առաջարկվող փոփոխություններին

Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի Սահմանադրության առաջարկվող փոփոխություններին
26.11.2026 | 15:03

Այս ամենից հետո առաջանում է նաև մեր օրերի համար կարևոր մի հարց․ ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխություններին, երբ դրանք ներկայացվում են որպես խաղաղության հաստատման անհրաժեշտ պայման։
Այս հարցի պատասխանը քրիստոնյայի համար չի կարող որոշվել միայն քաղաքական խոստումներով, իշխանության կամ ընդդիմության դիրքորոշմամբ, ինչպես նաև վախով կամ հուզական վերաբերմունքով։
Նրա դատողության հիմքում պետք է լինեն ճշմարտությունը, արդարությունը, խղճի պատասխանատվությունը և սեփական ժողովրդի հանդեպ սերը։
Քրիստոնյան պարտավոր է քննել ճշմարտությունը։
Խաղաղության անվան տակ ներկայացվող յուրաքանչյուր առաջարկ պետք է գնահատել ոչ միայն հայտարարված նպատակով, այլև դրա իրական բովանդակությամբ և հնարավոր հետևանքներով։
Բարի նպատակի մասին հայտարարությունը դեռ չի ապացուցում, որ առաջարկվող բոլոր միջոցները ճիշտ են կամ անհրաժեշտ։
Խաղաղասիրությունը չի նշանակում անքննադատ համաձայնություն։
Քրիստոնյան կարող է անկեղծորեն խաղաղություն ցանկանալ և միաժամանակ չհամաձայնել այն միջոցներին, որոնք իրեն ներկայացվում են որպես այդ խաղաղությանը հասնելու միակ ճանապարհ։
Այդպիսի անհամաձայնությունն ինքնին խաղաղության մերժում չէ։
Քրիստոնյան պարտավոր է առաջնորդվել արդարության սկզբունքով։
Խաղաղության հաստատմանն ուղղված պահանջներն ու պարտավորությունները պետք է գնահատել նաև արդարության և փոխադարձության տեսանկյունից։
Եթե մի կողմին ներկայացվող պահանջները չեն տարածվում մյուս կողմի վրա, ապա անհրաժեշտ է քննել, թե որքանով են դրանք նպաստում արդար և տևական խաղաղության հաստատմանը։
Քրիստոնեական խաղաղասիրությունը չի նշանակում միակողմանի պահանջներն ու անարդարությունը խաղաղության անվան տակ անվերապահորեն ընդունել։
Քրիստոնեական սերը ներառում է պատասխանատվություն գալիք սերունդների հանդեպ։
Մերձավորի հանդեպ սերը չի սահմանափակվում անձնական ապահովության ցանկությամբ։ Այն ներառում է նաև հոգատարություն ընտանիքի, ժողովրդի և հայրենիքի ապագայի նկատմամբ։
Ուստի կարևոր որոշումների առջև անհրաժեշտ է մտածել ոչ միայն այսօրվա խոստացվող օգուտների, այլև վաղվա հնարավոր հետևանքների մասին։
Մենք պատասխանատվություն ենք կրում նաև այն հայրենիքի համար, որը ժառանգելու են մեր զավակները։
Քրիստոնյան չպետք է առաջնորդվի վախով։
Ո՛չ պատերազմի վախը, ո՛չ խաղաղության հնարավորությունը կորցնելու վախը չպետք է փոխարինեն բանական դատողությանը և խղճի ազատ որոշմանը։
Վախի ազդեցությամբ տրված համաձայնությունը դեռ չի նշանակում, որ մարդը համոզվել է առաջարկվող քայլի ճշմարտացիության մեջ։
Քրիստոնյան պարտավոր է պահպանել իր խղճի ազատությունը։
Նա չպետք է որևէ քաղաքական ուժի կամ գործչի խոսքը դարձնի իր բարոյական դատողության վերջնական չափանիշը։
Քրիստոնյայի համար քաղաքական իշխանությունը չի կարող փոխարինել Աստծու պատվիրաններին, իսկ քաղաքական նպատակահարմարությունը՝ ճշմարտությանն ու արդարությանը։
Քրիստոնյան պետք է տարբերակի խաղաղության խոստումը դրա իրական երաշխիքներից։
Խաղաղության ձգտումը չի բացառում ողջամիտ նախազգուշական միջոցների անհրաժեշտությունը։
Պետք է քննել, թե ինչ իրական երաշխիքներ կան ստանձնած պարտավորությունների կատարման համար, ո՞վ և ի՞նչ միջոցներով է ապահովելու դրանց պահպանումը, և ի՞նչ հետևանքներ են նախատեսված պայմանագրի խախտման դեպքում։
Ընդհանրապես երրորդ կողմի ներգրավվածությունը կարող է դառնալ խաղաղության գործուն երաշխիք։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել միջնորդին, պայմանագրի ստորագրման վկային և դրա կատարման համար կոնկրետ պարտավորություններ ստանձնած երաշխավորին, քննել նրանց անաչառությունն ու շահագրգռվածությունը։
Նման հարցերի բարձրաձայնումը խաղաղության մերժում չէ, այլ սեփական ժողովրդի անվտանգության և ապագայի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի արտահայտություն։
Քրիստոնյան պատասխանատվություն է կրում իր ժողովրդի ազգային և հոգևոր ժառանգության պահպանության համար։
Ընդհանրապես Սահմանադրության փոփոխությունները քննարկելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն արտաքին անվտանգությանն ու խաղաղության հաստատման հարցերին, այլև պետության ներքին արժեհամակարգին։
Մասնավորապես՝ անհրաժեշտ է քննել հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս են ամրագրվում հայ ժողովրդի ազգային ինքնության և պատմամշակութային ժառանգության պահպանության երաշխիքները։
Ինչպե՞ս է ճանաչվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում ընտանիքի պաշտպանության և ծնողների՝ իրենց զավակներին սեփական կրոնական ու բարոյական համոզմունքներին համապատասխան դաստիարակելու իրավունքի համար։
Ի՞նչ տեղ է հատկացվում կրթության ազգային, մշակութային, հոգևոր և բարոյական բովանդակությանը։
Ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում մեր ժողովրդի պատմական և հոգևոր ժառանգության, այդ թվում՝ մեր սրբավայրերի, եկեղեցիների ու վանքերի պահպանության համար։
Քրիստոնյայի համար այս հարցերը միայն իրավական կամ քաղաքական նշանակություն չունեն։ Դրանք առնչվում են նաև նրա խղճին, հավատքին և գալիք սերունդների հանդեպ պատասխանատվությանը։
ԱՅՍՊԻՍՈՎ․ Քրիստոնեական խաղաղասիրությունը մեզ պարտավորեցնում է խաղաղություն փնտրել, բայց չի պարտավորեցնում առանց քննության ընդունել խաղաղության անունով առաջարկվող յուրաքանչյուր փոփոխություն։
Սուրբ Գիրքն ու պատմությունը մեզ սովորեցնում են տարբերակել խաղաղության խոստումը, իրական խաղաղությունը և խաղաղության պատրանքը։
Խոստումը կարող է տրվել մարդու շուրթերով, բայց դրա արժանահավատությունը բացահայտվում է նրա գործերով։
Խաղաղության մասին խոստումները գնահատելիս անհրաժեշտ է քննել նաև դրանք տվողների նախկին գործողությունները, ստանձնած պարտավորությունների կատարումը և ընդունված որոշումների հետևանքները։
Խաղաղության հանդեպ ձգտումը պետք է զուգորդվի ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, Աստծուց մեզ պարգևված հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ և մեր դարավոր սրբությունների պահպանությամբ։
Մի՞թե կարող ենք ակնկալել Աստծու օրհնությունն ու պահպանությունը՝ անտարբեր մնալով Նրա պարգևների և մեզ վստահված սրբությունների հանդեպ։
Հիշե՛ք, առանց մեր սխալների գիտակցման, անկեղծ զղջման, ապաշխարության և Աստծու հետ հաշտության՝ չկա ճշմարիտ, կայուն և տևական խաղաղություն։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ