Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը ներդաշնակ «դասալիքների» հարցում

Ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը ներդաշնակ «դասալիքների» հարցում
16.11.2026 | 12:32

Նոյեմբերի 8-ին՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրը», Ստեփանակերտում Իլհամ Ալիևն ասաց. «Ադրբեջանական բանակից ոչ ոք չի փախել և չի դասալքվել։ Փոխարենը, ինչպես խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը, հայկական բանակում եղել է գրեթե 12 հազար դասալիք։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս տարբերությունը»։

Այս հայտարարության քաղաքական բանալին «ինչպես խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը» արտահայտությունն է։ Ալիևն այլևս չի բավարարվում սեփական պնդմամբ. նա որպես իր մեղադրանքի վկա ներկայացնում է հենց Հայաստանի իշխանությանը։ Իսկ այդ «խոստովանությունը» բավական ուշագրավ ճանապարհ է անցել։

- Դեռևս 2021-ի նոյեմբերի 8-ին Շուշիում Ալիևն ասում էր. «Հայկական բանակում եղել է 10 հազար դասալիք»։

- 2023-ի մարտին նա «ճշգրտեց» այդ թիվը. «Ոչ թե 10, այլ 11 հազար»։

- Մի քանի օր անց՝ ապրիլի 1-ին, Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում՝ զոհված զինվորի անունը կրող խաղահրապարակի բացման ժամանակ, Աննա Հակոբյանն ասաց. «Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք»։

- Եվս 3 օր անց՝ ապրիլի 4-ին, ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է»։

Այսպիսով, շրջանը փակվեց։ Թիվը հնչեց Բաքվում, հայտնվեց Երևանում, այստեղ ստացավ հայկական պաշտոնական կնիքը, ապա վերադարձավ Բաքու՝ արդեն որպես «Հայաստանի ղեկավարության խոստովանություն»։ Եվ ճանապարհին 10 հազարը հասցվեց գրեթե 12 հազարի։ Այստեղ կարևորը թվերի մեխանիկական համընկնումը չէ, այլ այն, որ Հայաստանի իշխանության խոսքն այսօր Ալիևի համար վերածվել է հայկական բանակի դեմ քաղաքական փաստարկի։

Բայց այս պատմության ամենացավալի կողմն այն է, թե ում մասին է խոսքը։ 2020թ․ նոյեմբերի 12-ին, բացատրելով հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելու իր որոշումը, Փաշինյանն ասում էր. «Ես 25 հազար զինվորի կյանքը գերադասեցի իմ կարիերայից և իմ կյանքից»։ Այդ օրերին նրա ձևակերպումներ տարբեր էին ՝ «ավելի քան 20 հազար», «25 հազար», «20-ից 30 հազար»։ Թվերը տատանվում էին, բայց քաղաքական ուղերձը նույնն էր. որոշումը կայացվել էր բանակը և զինվորներին փրկելու համար։ Ընդամենը 2,5 տարի անց նույն բանակի զինվորները նրա կնոջ շուրթերով արդեն ներկայացվում էին որպես դասալիքներ։ Փրկված զինվորի կերպարն իշխանական խոսքում վերածվել էր պարտության մեղավորի կերպարի։

Այս փոխակերպումը պատմության մեջ ծանոթ մեխանիզմ ունի։ 1918թ․ հետո գերմանացի գեներալները հասարակությանը համոզում էին, թե բանակը ռազմաճակատում չի պարտվել, այլ «դանակով հարված է ստացել թիկունքից»՝ սոցիալիստներից, «նոյեմբերյան հանցագործներից» և հրեաներից (թե ինչ տեղի ունեցավ 20 տարի անց հրեաների հետ, կարծում եմ՝ հիշեցման կարիք չունի)։

Հայաստանում այս առասպելը գլխիվայր շրջված է. ոչ թե բանակն է պարտության համար մեղադրում թիկունքին, այլ իշխանության ղեկավարը՝ բանակին։ Սակայն քաղաքական տրամաբանությունը նույնն է՝ պարտության պատասխանատուներին փնտրել ներքևում, որպեսզի պատասխան չտան վերևում։

Մեղավորների որոնումը միանգամից չհասավ շարքային զինվորին։ Այն անցավ մի քանի փուլով՝ աստիճանաբար իջնելով իշխանական և ռազմական աստիճանակարգով։ Եթե այդ հայտարարությունները դասավորենք հաջորդականությամբ, կտեսնենք, թե ինչպես էր փոխվում պարտության բացատրությունը՝ հանգամանքներից մինչև կոնկրետ մարդիկ, իսկ հետո՝ ամբողջ բանակը։

1․ Հանգամանքները․

Սկզբում կար «ես փրկեցի 25 հազար զինվորի» թեզը։ Պատերազմը կանգնեցնելու որոշումը ներկայացվում էր որպես հարկադրված քայլ, որը թույլ էր տվել փրկել զինվորների կյանքը։ Այս բացատրության մեջ պարտության կոնկրետ պատասխանատուների հարցը մնում էր երկրորդ պլանում. առաջնայինը փրկության պատմությունն էր։

2․ Ընդդիմախոսները․

Հետո պատասխանատվության որոնումը տեղափոխվեց քաղաքական հակառակորդների դաշտ։ 2020թ․ նոյեմբերի 10-ին Facebook-ի ուղիղ եթերում Փաշինյանն ասաց. «էսօր մի քաղաքական գործիչ կա՝ ընդդիմադիր, որը իմ հրաժարականն ա նաև պահանջել, էրեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել ա, փախել, գեներալի ուսադիրներով․․․»։ Խոսքն Արթուր Վանեցյանի մասին էր։ Այդ լուրը նախորդ օրը տարածել էին կեղծ կայքերը՝ հղում անելով կեղծ օգտահաշվի։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հետագայում հայտարարեց, որ Վանեցյանը «մինչև վերջ կանգնել է»։ Իսկ դատախազությունը, ըստ 2022թ․ տվյալների, այդ գործով չէր հայտնաբերել ո՛չ կասկածյալների, ո՛չ մեղադրյալների։ Այսպես՝ քաղաքական հակառակորդի դեմ հնչեց ռազմական փախուստի ծանր մեղադրանք, որի փաստական հիմքը հետագայում չհաստատվեց։

3․ Զենքն ու նախկինները․

Հաջորդ փուլում պարտության բացատրության կենտրոնում հայտնվեցին սպառազինությունն ու նախկին իշխանությունները։ Երբ 2021թ․ փետրվարին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Իսկանդերները» կարելի էր կիրառել պատերազմի արդեն չորրորդ օրը, Փաշինյանը հարցազրույցում հակադարձեց. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։ Լրագրողի ճշտող հարցին նա հավելեց. «Չգիտեմ… Գուցե 80-ականների զենք է»։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ Ղարաբաղում «այդ տեսակի հրթիռային համալիրներից ոչ մեկը» չի կիրառվել, իսկ վարչապետին, «ըստ ամենայնի, մոլորության մեջ են գցել»։ Մի քանի օր անց Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտնեց, որ վարչապետին «սխալ տեղեկություն էր զեկուցվել»։ Զենքի մասին հնչած աղմկահարույց պնդումը, փաստորեն, ավարտվեց այն բացատրությամբ, թե վարչապետին սխալ էին տեղեկացրել։

4․ Գեներալները․

Այնուհետև հերթը հասավ զինվորական բարձրագույն ղեկավարությանը։ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանն արձագանքելու համար պաշտոնից հեռացվեց Գլխավոր շտաբի պետի տեղակալը, ինչից հետո ԳՇ-ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս դա որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Ի վերջո նա հասավ նաև ԳՇ պետի պաշտոնանկությանը։ Պատերազմի պատճառների ու հետևանքների շուրջ քաղաքական վեճն այս անգամ վերածվեց իշխանության և բանակի ղեկավարության ուղիղ առճակատման։

5․ Սպաները․

Հաջորդ «մեղավորը» սպայական կազմն էր։ 2023թ․ մարտի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի ընթացքում բանակում գործել է «հինգերորդ շարասյունը». նրա խոսքով՝ այն զբաղվել է ապատեղեկատվության տարածմամբ և դիվերսիաներով, ինչպես նաև հրահրել դասալքություն։ Ապրիլին՝ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նա պատմեց մի բարձրաստիճան սպայի մասին, որը, իբր, հրամայել էր լքել արդեն հետ վերցված բարձունքը, և հարցրեց. «Կարո՞ղ են արդյոք այդ մարդիկ լինել մեկ այլ երկրի գործակալներ»։ Իսկ ապրիլի 18-ին Փաշինյանը հրապարակեց թիվը. պետական դավաճանության գործերով մեղադրվում է 53 մարդ, որոնց մեծամասնությունը զինվորականներ են։

6․ Զինվորները․

Եվ վերջապես հերթը հասավ ամենաներքևին՝ շարքային զինվորին։ Հենց այստեղ էլ հայտնվեցին «11 հազար դասալիքները»՝ արդեն Փաշինյանի կնոջ և նրա կուսակցի շուրթերով։ Պարտության բացատրությունը քայլ առ քայլ իջել էր իշխանական ուղղահայացով։ Սկզբում որոշումն էր հարկադրված, հետո մեղավոր էին ընդդիմախոսները, զենքը, նախկիններն ու գեներալները, սպայական կազմը, իսկ վերջում՝ զինվորները։

Պատասխանատվության այս ուղղահայացում միայն մի օղակ էր հետևողականորեն դուրս մնում շղթայից՝ որոշումներ ընդունած քաղաքական ղեկավարությունը։

Մինչդեռ հրապարակված պաշտոնական թվերը բոլորովին այլ պատկեր են տալիս։ Գլխավոր դատախազության տվյալով՝ պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու և դասալքության դեպքերով հարուցվել է 1․786 վարույթ, որոնցում ներգրավված է եղել 10․687 անձ։ Մինչև 2023թ․ գարուն մեղադրանք էր առաջադրվել 756 անձի, 143 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել էին դատարան, իսկ 64 անձի վերաբերյալ կայացվել էին դատական վճիռներ։

Այստեղ է քաղաքական հայտարարության և իրավական փաստի սկզբունքային տարբերությունը։ «11 հազարը» վարույթներում ներգրավված բոլոր անձանց մոտավոր թիվն է, ոչ թե դատարանով հաստատված դասալիքների թիվը։ Այդ թվերը նույնացնելը նշանակում է կասկածը վերածել դատավճռի և մի ամբողջ բանակի վրա տարածել այն մեղադրանքը, որը յուրաքանչյուր անձի դեպքում առանձին ապացուցման կարիք ունի։ Ավելին՝ խոսքը բանակի մասին է, որը, ըստ Քննչական կոմիտեի, ունեցել է 3․755 զոհ, իսկ ևս 172 զինծառայող համարվում է անհետ կորած։ Այդ զոհողության ֆոնին ընդհանուր «դասալիքների բանակ» ձևակերպումը ոչ միայն անհիմն ընդհանրացում է, այլև քաղաքականապես ծանր հարված։

Նույն մեխանիզմի ավելի վտանգավոր տարբերակը երևաց «դավաճանների» գործերում։ 2022թ․ ԱԱԾ-ն հայտարարեց բանակում գործակալական ցանցի բացահայտման մասին, և պետական դավաճանության մեղադրանք առաջադրվեց մի քանի տասնյակ զինվորականների։ Քարոզչական առումով մեղադրանքն արդեն հնչել էր։ Բայց դրա իրական կշիռը պետք էր չափել ոչ թե հայտարարությունների աղմուկով, այլ գործերի հետագա ճակատագրով։ Եվ այդտեղ պատկերը շատ ավելի բարդ էր։

Օրինակ՝ 18 տարեկանից ծառայության մեջ գտնվող 32-ամյա սպային 2022թ․ մարտի 3-ին ձերբակալեցին պետական դավաճանության մեղադրանքով։ Նա ընդունել էր միայն այն փաստը, որ նամակագրություն է ունեցել մի օգտահաշվի հետ, որի ավատարին երիտասարդ կին էր պատկերված։ Սպայի խոսքով՝ նամակագրությունը բացառապես անձնական բնույթի էր։ Գրեթե 4 ամիս նա անցկացրեց կալանքի տակ, իսկ հունիսին ապացույցների բացակայության պատճառով մեղադրանքը հանվեց։ Կասկածի հրապարակային ծանրությունը մնաց, իսկ քրեական մեղադրանքը չհաստատվեց։

Մեկ այլ զինծառայողի 2022թ․ փետրվարին ձերբակալեցին մի ադրբեջանուհու հետ անձնական նամակագրության պատճառով։ 4 ամիս անց նրան ազատ արձակեցին։ Հետագայում քննությունը սկսեց խոսել արդեն ոչ թե դիտավորության, այլ անփութության մասին, իսկ 2023թ․ ամռանը մեղադրանքն ընդհանրապես հանվեց։ Զինծառայողը ստիպված եղավ հեռանալ բանակից։ Նրա փաստաբանի խոսքով՝ կասկածը ծագել էր «բացառապես այն պատճառով», որ մարդիկ սոցիալական ցանցերում նամակագրություն էին վարում ադրբեջանուհիների հետ, իսկ այդ շփումների մանրամասների մեջ քննությունը «չէր խորանում»։ Այսինքն՝ մարդկանց ճակատագրերի վրա ազդող ամենածանր մեղադրանքներից մեկը հենվել էր մի շփման վրա, որի բովանդակությունը բավարար չափով չէր ուսումնասիրվել։

«Դավաճանների» գործերի վերաբերյալ Փաշինյանի այն հայտարարությունից ութ ամիս անց, թե փաստերը շուտով հրապարակային կդառնան, հայտնի դարձավ արդեն բոլորովին այլ թիվ։ Factor.am-ի տվյալներով՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող 16 սպաներից 10-ի նկատմամբ մեղադրանքը հանվել է։ Այս վիճակագրությունը չի պատասխանում բոլոր հարցերին, բայց մի կարևոր բան ցույց է տալիս. հրապարակային «դավաճան» պիտակը կարող է շատ ավելի երկար ապրել, քան այն քրեական գործը, որի վրա հիմնվել էր։

Այս ամենը միայն հայկական փորձառություն չէ։ 2008թ․ պատերազմից հետո Վրաստանում լայնածավալ աղմուկ բարձրացավ Մոսկվայի լրտեսներին բացահայտելու շուրջ։ 2010-11թթ․ «ԳՌՈՒ-ի լրտեսական ցանցի» գործով ձերբակալվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ վեց ռազմական օդաչու, Սաակաշվիլիի անձնական լուսանկարիչը և ևս երեք լուսանկարիչ։ Իշխանափոխությունից հետո՝ 2013-ի հունվարին, խորհրդարանը 190 մարդու ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այդ թվում՝ վերոնշյալ անձանց։ Երբ անվտանգությունը դառնում է ներքաղաքական պայքարի լեզու, լրտեսության մեղադրանքն էլ կարող է վերածվել իշխանական գործիքի։

Եվ այստեղ վերադառնում ենք սկզբնական հարցին. ինչո՞ւ է նույն պիտակը քաղաքականապես անհրաժեշտ և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին։ Նրանց շարժառիթները նույնը չեն, բայց հրապարակային խոսքի հետևանքը նույն ուղղությամբ է աշխատում։ Փաշինյանի համար «դասալիքների» մասին թեզը պարտության պատասխանատվությունը քաղաքական ղեկավարությունից դեպի բանակ տեղափոխելու միջոց է։ Ալիևի համար այդ նույն թեզը հակառակորդի զինվորին, իսկ նրա միջոցով՝ ամբողջ հայ հասարակությանը, վախկոտության ու դավաճանության կնիքով ներկայացնելու հնարավորություն է։ Դրա համար էլ նա հատուկ ընդգծում է, թե այս ամենը «խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը»։

Ալիևի բառապաշարում ապամարդկայնացումն արդեն վաղուց տեղ ունի։ Պատերազմի ժամանակ նա ասում էր, թե հայերին քշում է «շների պես», հետագայում Հայաստանի նախկին նախագահներին անվանում էր «մանկասպաններ», իսկ հայկական ուժերին՝ «վայրենիներ»։ «Դասալիքների» պատմությունն այդ նույն լեզվի շարունակությունն է։ Այստեղ զինվորն այլևս մարդ չէ՝ իր կոնկրետ ճակատագրով, պատասխանատվությամբ և իրավունքներով. նա դառնում է ընդհանրացված պիտակ, որը կարելի է օգտագործել ամբողջ ժողովրդի դեմ։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, թե ինչ վտանգավոր ճանապարհ կարող է բացել նման ապամարդկայնացումը։ Հիտլերն արդեն «Իմ պայքարը» գրքում հրեաներին անվանում էր «մակաբույծներ», իսկ նացիստական քարոզչությունը զինվորներին վարժեցնում էր նրանց ընկալել որպես «ստորադաս մարդկային էակներ»։ 1915թ․ երիտթուրքական կառավարությունը Սարիղամիշի ճակատամարտում կրած պարտության մեղքը գցեց «հայկական դավաճանության» վրա։ Հայ զինվորներին զինաթափեցին, ուղարկեցին աշխատանքային գումարտակներ, ապա սպանեցին։ «Դավաճանի» պիտակը դարձավ մի ամբողջ ժողովրդի ոչնչացումն արդարացնելու միջոց։

Այստեղ խոսքը ոչ թե պատմական դեպքերի կամ քաղաքական գործիչների մտադրությունները նույնացնելու, այլ մեխանիզմը ճանաչելու մասին է։ Նույն բառը մի դեպքում ծառայում է իշխանության ինքնաարդարացմանը, մյուս դեպքում՝ հակառակորդի ապամարդկայնացմանը։ Առաջինը փորձում է բացատրել, թե ինչու պատասխանատվությունը վերևում չէ։ Երկրորդը փորձում է համոզել, թե ում դեմ է թույլատրելի ամեն ինչ։ Եվ երբ այդ երկու պատմությունները սնվում են նույն «11 հազար դասալիքների» թեզով, ապա մեզ համար դրա գինը վճարված է նույնիսկ առանց նոր պատերազմի։

Բանակը, որին ասել են, թե վախկոտ է, հաջորդ պատերազմն արդեն պարտվել է։ Իսկ բանակում պատասխանատվությունը միակ բանն է, որը փոխանցվում է ոչ թե վերևից ներքև, այլ հակառակը։ Այդ պատճառով հայոց բանակին դիմացից ու թիկունքից սնում են նույն լեգենդներով ու առասպելներով, հարվածում երկու կողմից, թուլացնում ու բարոյալքում։ Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են, որ հայկական բանակը վստահաբար պարտվի հաջորդ պատերազմում և դիմադրության որևէ ուժ չունենա։

Հ.Գ. «Սև հայելի» («Black Mirror») սերիալի «Men Against Fire» էպիզոդում (S03 E05) ապագայի զինվորները որսում և ոչնչացնում են «ուտիճներին»։ Էպիզոդի վերնագիրը վերցված է ռազմական պատմաբան Ս. Լ. Ա. Մարշալի 1947թ․ գրքից։ Մարշալը պնդում էր (թեև հետագայում նրա մեթոդաբանությունը վիճարկվեց), որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հակառակորդի ուղղությամբ կրակել է ամերիկացի հետևակայինների ոչ ավելի, քան 15-25 տոկոսը։ «Men Against Fire» էպիզոդն հենց այն մասին է, թե ինչպես «շտկել» դա։ Երբեմն պիտակը կարող է դառնալ ոչ միայն քարոզչության գործիք, այլև կրակելու հոգեբանական նախապատրաստություն։

Լևոն Զարգարյան

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ