Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Կարևորը՝ իրենք կուշտ են, իսկ ժողովուրդը «սրտիկով» էլ կկշտանա

Կարևորը՝ իրենք կուշտ են, իսկ ժողովուրդը «սրտիկով» էլ կկշտանա
26.01.2026 | 16:05

Եվս մեկ ցավոտ իրավիճակ, որին հանդիպեցի և չեմ կարող չկիսվել:

Միգուցե այս պատմությունը կօգնի, որ ինչ-որ մեկի սրտում արթնանա խիղճը, և մեր երկրում վերջապես փոփոխություններ տեղի ունենան:

Խանութում եմ՝ մսի բաժնում: Երկու տարեց կանայք մոտենում են վաճառասեղանին: Մի քանի րոպե լուռ նայում են գներին, աչքերում՝ հուսահատություն և հոգնածություն: Վերջապես մեկը դիմում է մսավաճառին. «Տղաս, խաշի ոտք ունե՞ք այսօր: Շատ ցուրտ է, սրտներս խաշ է ուզում…»:

Մսավաճառը ժպտալով պատասխանում է. «Այո, ունենք, մայրիկ ջան»:

Տատիկը հարցնում է. «Ինչքա՞ն կարժենա մեկ ոտքը»:

Մսավաճառը՝ մտահոգ. «Մայրիկ ջան, մեկ ոտքը քիչ չի՞»:

Տատիկը, աչքերը գետնին հառած, խոստովանում է. «Մոտս փողը քիչ է, տղաս, երկուսին չի հերիքի: Տանը չորս հոգի ենք, մեկը հերիք կանի… Ոչինչ»:

Մսավաճառը մեկ ոտքը դնում է կշեռքին: Գումարը՝ 4200 դրամ: Տատիկի դեմքը մթագնում է. «Չէ, տղա ջան, շատ մեծ է: Փոքըր չունե՞ս»:

Հաջորդ ոտքը՝ 3640 դրամ: Բայց տատիկի աչքերից երևում է, որ նույնիսկ դա չափազանց շատ է: Նա կանգնած է այնտեղ, ձեռքերը դողալով, փորձելով հաշվարկել վերջին կոպեկները, որոնք հազիվ են հերիքում գոյատևման համար:

Ես չեմ դիմանում. «Ինչքա՞ն է պակասում: Ես կտամ»:

Մսավաճառը շտապում է. «Ախպերս, նորմալ է, ես կտամ»:

Չվիճելու համար որոշում ենք ոտքը երկուսով առնել: Առնում ենք: Տատիկների դեմքերին վերջապես ժպիտ է հայտնվում: Նրանք օրհնում են մեզ. «Աստված ձեզ պահապան լինի»,- և գնում են՝ կրելով իրենց «շքեղ» ճաշը, որը մեզ համար սովորական է, իսկ նրանց համար՝ տոն:

Բայց ի՞նչ է այս ամենը նշանակում մեր երկրում, որտեղ իշխանավորները միլիոնավոր պարգևավճարներ են ստանում՝ իրենց «ծառայությունների» դիմաց: Նրանց համար այս պատմությունը խորթ է, անհետաքրքիր: Կարևորը՝ իրենց ստամոքսները լցված են, գրպանները՝ լիքը: Իսկ ժողովրդի մասին՝ միայն գեղեցիկ, փաթեթավորված խոսքեր, որոնք տարիներ շարունակ չեն վերածվում իրական օգնության: Չեն դառնում հաց, չեն դառնում արժանապատիվ կյանք:

Սա ողբերգություն է և ամոթ: Մի երկրում, որտեղ հազարավոր տարեցներ, ընտանիքներ պայքարում են ամենօրյա գոյատևման համար, իշխանությունները հարստանում են, իսկ աղքատներն ավելի են աղքատանում: Ո՞ւր է արդարությունը: Ո՞վ է պատասխանատու այս անտարբերության համար: Գուցե ժամանակն է, որ մենք բոլո՞րս խոսենք, կիսվենք նման պատմություններով և պահանջենք փոփոխություններ: Ի՞նչ եք կարծում դուք: Կիսվեք ձեր մտքերով, ձեր պատմություններով:

Գուցե միասին կարողանանք փոխել այս իրականությունը:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 5047

Մեկնաբանություններ