Կանաչ ու կարմիր գետեր
26.11.2026 | 14:55
Ա
Եթե երկիրը չունի նահատակներ, և չի ապրում նրանց
շուք ու ոսկորներով, անդամալույծ, չէ՛, մեռա՛ծ է երկիրը,
թեպետ շարժվում է դեռ... թմրած ու անկամ ճամփորդի պես,
մինչև կհայտնվի անքուն վիշապն ու կճանկի նրան:-
Բայց ես տեսնում եմ հուշասյուները նահատակների -
անանուն հաճախ, վիշապքարերի կամ հողմի նման –
երկնքում, գետնին, հողի տակ, նաև՝ մեր նվիրական անկումների մեջ:
Բ
Ի՞նչ հունով է հոսում բերրի արյունն այն, որ ոռոգեց երկրի
կարկտահար կյանքը, հուռթի օազիսներ
երկնեց նրա խուլ ամայուտներում...
Ու՞ր անհետացավ արյան Նեղոսն այդ,
ի՞նչ ստորժամանակյա թունելներով է ոլորվում հիմա...
Չէ՛, գողանում են երկրի արյունը, կողոպտում նրա ավյունը բոսոր.-
մի ոսկրե խաչ ու մանրաքանդակ են կամենում թողնել նրա շողանքից:
Գ
Վերջին խոսքն ու կամքը հավետ նրանցն է, ովքեր մեզ նայում են
անդին աշխարհից,- ափսոսանքով ու ժպիտով են նայում.-
գիտեն, որ իրենց լսում ենք ուշիմ՝ ինչքան էլ անմիտ
աղաղակենք ու ետ վանենք նրանց:-
Մենք տեսնում ենք նրանց անգամ կույր աչոք.-
նրանք մեզ տանում են սիրո ու խղճի կանաչ գետերով.-
կարմիր գետերի հուներով են տանում:
Միասի՛ն ենք բացում ավետյաց ճամփան:
«ԿԱՏԱԲԱԶԻՍ» շարքից
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ