Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

ԱՄՆ-Իրան. խաղաղության հաղթանակը՝ մարդկության հաղթանակ

ԱՄՆ-Իրան. խաղաղության հաղթանակը՝ մարդկության հաղթանակ
16.06.2026 | 12:08

Իրանի և ԱՄՆ-ի միջև պատմական փաստաթղթի ձեռքբերման և ռազմական գործողությունների դադարեցման մասին ցանկալի լուրը կայծակի արագությամբ տարածվում է բազմաչարչար մեր մոլորակում:

Երբ աշխարհը երկար ժամանակ ապրում է պատերազմի ստվերի տակ, նույնիսկ մեկ հրադադարի լուրը կարող է հնչել որպես հույսի զանգ։ Իսկ եթե իսկապես իրականություն է դառնում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համապարփակ համաձայնության ձեռքբերումը, ապա դա պարզապես հերթական դիվանագիտական փաստաթուղթ չէ։ Դա կարող է դառնալ պատմական շրջադարձ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար։

Մարդկությունը չափազանց մեծ գին է վճարել պատերազմների համար։ Դարեր շարունակ ժողովուրդները կորցրել են իրենց լավագույն զավակներին, ավերվել են քաղաքներ, ոչնչացվել են մշակութային արժեքներ, խեղվել են միլիոնավոր մարդկային ճակատագրեր։ Այդ պատճառով էլ ցանկացած համաձայնություն, որը կանգնեցնում է կրակը և հնարավորություն է տալիս խոսել ոչ թե հրթիռների, այլ բանակցությունների լեզվով, արժանի է ողջունման։

Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ ձեռք բերված հուշագրի առանցքային կետերը վերաբերում են ռազմական գործողությունների դադարեցմանը, անվտանգության երաշխիքներին, ծովային շրջափակման վերացմանը, Հորմուզի նեղուցի բնականոն գործունեության վերականգնմանը, Իրանի սառեցված ակտիվների հասանելիությանը և միջուկային հարցի հետագա բանակցային կարգավորմանը։ Եթե այս դրույթները լիարժեք կյանքի կոչվեն, ապա դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։

Առաջին կետը՝ ռազմական գործողությունների դադարեցումը, ամենակարևորն է։ Ոչ մի քաղաքական կամ աշխարհաքաղաքական նպատակ չի կարող հավասարվել մարդկային կյանքի արժեքին։ Ամեն փրկված երեխա, ամեն չավերված տուն, ամեն չընդհատված մարդկային ճակատագիր արդեն իսկ հաղթանակ է։

Երկրորդ և երրորդ կետերը՝ առևտրային սահմանափակումների թուլացումն ու Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնումը, կարևոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի տնտեսության համար։ Ժամանակակից աշխարհում պատերազմը վաղուց դադարել է լինել միայն ռազմաճակատի, ռմբահարում-հրթիռակոծությունների ու սառնասիրտ ավերածությունների խնդիր։ Այն հարվածում է հացի գնին, վառելիքի արժեքին, մարդկանց սոցիալական վիճակին նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրներում։

Չորրորդ կետը՝ ֆինանսական ակտիվների ապասառեցումը, տնտեսական շնչառության հնարավորություն է տալիս ոչ միայն մեր հարևան ու բարեկամ երկրին։ Իսկ տնտեսական կայունությունը հաճախ խաղաղության կարևորագույն երաշխիքներից մեկն է։

Հինգերորդ կետը՝ ամենաբարդ հարցերի տեղափոխումը բանակցային դաշտ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ ամենասուր հակասությունները հնարավոր է քննարկել ոչ թե ռումբերով, այլ խոսքի միջոցով։

ԱՄՆ-Իրան հակասությունների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի իրանական ժողովուրդը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ դժվար է չնկատել այն տոկունությունը, որով իրանցիները դիմակայեցին ծանր փորձություններին։ Պատերազմների իրական ծանրությունը միշտ կրում են հասարակ քաղաքացիները՝ ընտանիքները, աշխատավոր մարդիկ, մայրերը, երեխաները։ Հենց նրանք են խաղաղության ամենամեծ շահառուները։

Մեզ՝ հայերիս համար, այս զարգացումներն ունեն նաև առանձնահատուկ նշանակություն։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ցանկացած մեծ ցնցում անմիջապես անդրադառնում է ազգային անվտանգության, տնտեսության և ապագայի վրա։ Իրանը Հայաստանի կարևոր հարևանն է, և նրա շուրջ կայունության հաստատումը մեծացնում է նաև մեր տարածաշրջանի կանխատեսելիությունը, խաղաղության ապահովումը։

Հատկանշական է, որ դեռևս ամիսներ առաջ հրապարակված հոդվածներում հնչում էր այն միտքը, որ պատերազմի շարունակությունը կարող է աղետ դառնալ բոլոր կողմերի համար։ Այդ գնահատականը այսօր առավել արդիական է։ Իրոք, երբ պատերազմը ձգձգվում է, հաղթողներ չեն մնում։ Կորցնում են բոլորը։ Կորցնում են նույնիսկ նրանք, ովքեր հայտարարում են հաղթանակի մասին։ Հետևաբար, այսօր թերևս ամենաանիմաստ հարցը սա է՝ ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց։ Եթե պատերազմը շարունակվեր, հնարավոր է՝ բոլորը պարտվեին։ Եթե կողմերը կարողացել են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա արդեն իսկ շահել են երկուսն էլ։ Շահել են նաև աշխարհի ժողովուրդները։

Հինգ դար առաջ մեծ հումանիստ Էրազմ Ռոտերդամցին զգուշացնում էր. «Պատերազմը քաղցր է նրանց համար, ովքեր չեն տեսել այն»։ Ժամանակը միայն հաստատել է այդ դառը ճշմարտությունը։ Պատերազմը գրեթե միշտ ավելի շատ է խլում, քան տալիս է։ Այն ավելի հաճախ է ստեղծում նոր խնդիրներ, քան լուծում հները։

Այսօր աշխարհը կարիք ունի ոչ թե նոր ռազմաճակատների, այլ նոր կամուրջների։ Կարիք ունի ոչ թե հաղթանակների պաշտամունքի, այլ մարդկային կյանքի արժեքի վերագնահատման։ Կարիք ունի խաղաղության։

Եվ եթե Իրանի ու Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնությունը դառնա երկարատև ու համապարփակ խաղաղության սկիզբ, ապա այն կարելի է համարել ոչ միայն երկու պետությունների, այլև ողջ մարդկության հաղթանակը։

Մնում է հուսալ, որ նույն ճանապարհով մի օր կավարտվեն նաև աշխարհի մյուս արյունալի հակամարտությունները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Որովհետև պատմությունը բազմիցս ապացուցել է մի պարզ ճշմարտություն. ամենավատ խաղաղությունն էլ ավելի լավ է, քան ամենահաջողված պատերազմը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ

ություն