Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

TRIPP-ը և եվրաինտեգրումն անհամատեղելի են

TRIPP-ը և եվրաինտեգրումն անհամատեղելի են
12.09.2026 | 14:38

Այս մասին, ըստ էության, վկայում է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը, որը օրերս Բրյուսելում` Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի միջոցառման ժամանակ, ձևակերպեց վաղուց հասունացած թեզը` թեկնածու երկրները պետք է խզեն կապերը Դոնալդ Թրամփի MAGA շարժման հետ։

Ակնհայտ է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքական «խաղաղության նախաձեռնությունները», ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում սփռված՝ Թրամփի անունը կրող միջանցքները, կամուրջներն ու ջրանցքները MAGA-ի արտաքին քաղաքական բաղադրիչի առանցքային հենասյուներն են։

ԵՄ-ում, ի տարբերություն Երևանի, շատ լավ են կարդում աշխարհաքաղաքական կոդերը։ MAGA-ն ենթադրում է գլոբալ լիբերալ հեգեմոնի դերից հրաժարում՝ հօգուտ կոշտ պրագմատիզմի և տնտեսական պրոտեկցիոնիզմի։

TRIPP-ը նման պրագմատիզմի ճոռոմ դրսևորումներից է։

Նախագծի նպատակը ոչ այնքան Իրանի և Ռուսաստանի, որքան Եվրոպայի գեոտնտեսական զսպումն է։

Հատկապես 2022-ից հետո Եվրոպան գտնվում է իր արտաքին տնտեսական ռազմավարության ակտիվ վերաիմաստավորման փուլում։

Հիմնական շեշտը դրվում է ածխաջրածինների և այլ կրիտիկական հանածոների մատակարարման նոր աղբյուրների որոնման վրա՝ հատկապես Կենտրոնական Ասիայից։ Դրանով է պայմանավորված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքի և դրա այնպիսի բաղադրիչի, ինչպիսին Միջին միջանցքն է, զարգացման օրակարգի ակտիվացումը։

Արևելք-Արևմուտք առանցքով լոգիստիկա ձևավորելով՝ ԵՄ-ը ձգտում է մուտք գործել դինամիկ զարգացող ասիական շուկաներ, նախևառաջ՝ չինական շուկա՝ միաժամանակ ապահովելով էներգակիրների, հատկապես՝ թուրքմենական ու ղազախական բնական գազի կայուն մատակարարումները։

Դրանով է պայմանավորված նաև Կասպից ծովով դեպի Հարավային Կովկաս, իսկ այնուհետև Թուրքիայի տարածքով դեպի Արևմուտք գազի մատակարարման ենթակառուցվածքային նախագծերի ակտիվ քաղաքական ու լոբբիստական աջակցությունը, ներառյալ Տրանսկասպյան գազատարի խիստ խնդրահարույց նախագիծը։

Ակնհայտ է, որ նման այլընտրանքային երթուղիների բացակայության պայմաններում ոչ միայն Եվրոպա-Կովկաս-Ասիա էներգետիկ միջանցքը չի կարող արդյունավետ կյանքի կոչվել, այլև Հարավային գազային միջանցքը վաղ թե ուշ կբախվի անհրաժեշտ ծավալների ապահովման խնդրին։

ԱՄՆ-ի համար TRIPP-ը հնարավորություն է՝ սահմանափակելու ԵՄ-ի ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն վարելու հնարավորությունը։ Դա հատկապես հստակ է դառնում Եվրոպայում ԱՄՆ-ի հստակ արտահայտված էներգետիկ շահերի ֆոնին։

Այսօր ԱՄՆ-ը Եվրոպայի համար հեղուկացված բնական գազի (LNG) գլխավոր մատակարարն է․ Եվրոպա ներկրվող LNG-ի 57%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2028 թ. այդ ցուցանիշը կարող է հասնել 80%-ի։

Ասիայից գազի ներկրման հաշվին եվրոպական էներգահամակարգի դիվերսիֆիկացումը ուղղակի մարտահրավեր է ԱՄՆ-ի տնտեսական շահերին։

Հաշվի առնելով, որ TRIPP-ը դիտարկվում է որպես Միջին միջանցքի դիվերսիֆիկացման պոտենցիալ ուղղություն, իսկ Միջին միջանցքը ԵՄ «Գլոբալ դարպասներ» ծրագրի մակրոտարածաշրջանային առաջնահերթություններից մեկն է, Վաշինգտոնի և Բրյուսելի գեըտնտեսական շահերի բախումը ստանում է ստույգ ուրվագծեր։

Եվ այս իմաստով Մարտա Կոսի հայտարարությունը միանգամայն տեղին է ու քաղաքականապես հասունացած։

Այս իրավիճակում Հայաստանը կրկին հայտնվում է երկընտրանքի առաջ։ Մի կողմից՝ եվրաինտեգրման նպատակը, մյուս կողմից՝ TRIPP-ի գործարկման ծրագրերը։

Սրանք միմյանց հակասող նպատակներ են։

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ