«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ֆրանսիական հեղափոխության ժամացույցը. ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»

Ֆրանսիական հեղափոխության ժամացույցը. ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»
12.10.2026 | 12:25

Մայրցամաքային Եվրոպայի հեղափոխության մայրաքաղաքը Ֆրանսիան է: 1789 թվականից հետո հեղափոխության ժամին ծանոթանալու համար միշտ նայում են Ֆրանսիայի կողմը: Մոտ 250 տարի այդպես է։

1645 թվականից հետո Ֆրանսիան հեղափոխության էստաֆետը վերցրել է Անգլիայից ու այլևս չի վերադարձրել։

«Ազատություն, եղբայրություն, հավասարություն» կոչերն ամեն մի դարում, ամեն մի տասնամյակում, ամեն մի տարի տարբեր շեշտադրումներ են ստանում: Կշեռքի նժարը մերթ ազատության կողմն է, մերթ հավասարության:

Եղբայրությունն արանքից միշտ դուրս է մղվում: Այն միայն մի պահ է առաջին պլան գալիս՝ բուն հեղափոխության ժամանակ, դառնում ամբոխի միավորման խթանիչ ու հետո արագ մոռացվում, երբ հավասարությունը հակադրվում է ազատությանը, երբ սերը պարտվում է ատելությանը:

Ֆրանսիայում այս օրերին ցնցումներ են: Աշակերտները դուրս են եկել փողոց ու բողոքում են, պահանջում են կրթական բարեփոխումներ: Ոստիկանության հետ դաժան բախումներ են տեղի ունենում:

Ֆրանսիայի դպրոցականների պահանջներն առաջին հայացքից, այսպես ասած, ապաքաղաքական են, բայց ունենալու են շատ կոնկրետ քաղաքական հետևանքներ: Ճիշտ այնպես, ինչպես 1968 թվականին տեղի ունեցած Ֆրանսիայի ուսանողության «ապաքաղաքական» ցույցերը հանգեցրին քաղաքական հետևանքների:

Դպրոցականների ու նախորդ դարի ուսանողների ցույցերի տարբերությունն այն է, որ 1968-ին չկային հեղինակություններ, որոնք շարժիչ ուժ էին հանդիսանում: Մարքսը, Մարկուզեն և Մաոն այն հեղինակություններն էին, որոնք ձախական հայացքների տեր ուսանողությանը դրդում էին գործողության:

3 «Մ»-ի ազդեցությունը 1968-ի մայիսյան «ապստամբության» վրա հսկայական էր:

Մեր օրերում տեղի ունեցող դպրոցականների «ապստամբությունը» գաղափարական հեղինակություններ չունի: Դա սոցցանցային վիրտուալ իրականության ազդեցության հետևանքն է: Չկան հեղինակություններ, չկան մակրոգաղափարներ: Այս պայմաններում «ապստամբությունը» տեղի է ունենում հանուն ապստամբության որպես հանրության մեջ առկա խնդիրների արտաքին դրսևորում:

Ֆրանսիայում տեղի ունեցողը եվրոպական ճգնաժամի հետևանք է՝ ճգնաժամ, որը խորացել է ԵՄ-ի քարշիչ ուժեր հանդիսացող Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարության ոչ լեգիտիմ ու հակաեվրոպական քաղաքականությամբ:

Մակրոնն ու Մերցը հեռացել են եվրոպական արժեքներից՝ ժողովուրդների շահերը հեդոնիստական այլասերմանը և գլոբալ պատերազմի արկածախնդրությանը զիջելով: Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ենթատեքստում այդ ամենի մերժումն է:

Դե Գոլից, Միտերանից ու Շիրակից հետո Ֆրանսիան այլևս քաղաքական նորաձևության առաջամարտիկը չէ: Այս երեքի ֆոնին Օլանդն ու Մակրոնը անկման խորհրդանիշներ են դարձել:

Դե Գոլը Ֆրանսիայի համար ուզում էր ինքնիշխանություն, ինքնուրույնություն և ինքնատիպություն ապահովել: Դա էր պատճառը, որ նա կողմ էր Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև բալանսին՝ առաջ քաշելով Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ համագործակցության գաղափարը, որը սուբյեկտայնություն կապահովեր ինչպես Ֆրանսիային, այնպես էլ մայրցամաքային Եվրոպային:

Ներկայիս Ֆրանսիայի ղեկավարությունը հակագոլիստ է : Այն ծառայեցնում է Ֆրանսիայի շահերը սեփական շահերին և գլոբալիստական նպատակներին: Արդյունքում տուժում են ԵՄ-ի, Ֆրանսիայի ժողովուրդներն ու գլոբալիստների մոտ խամաճիկի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչների ձեռքում տառապող երկրները: Վերջինների շարքին է դասվում նաև Հայաստանը:

2018-ից սկիզբ առած «թավշյա» ցնցումները չեն դադարում և շարունակում են ավերածությունների պատճառ դառնալ: Թավշյա հեղափոխությունը կավարտվի այս իշխանության հեռացմամբ և քաղաքականության փոփոխությամբ:

Մենք շատ ժամանակ չունենք: Թավշյա հրեշի երախից պետք է հանել Հայաստանը, որպեսզի այն Արցախի ճակատագրին չարժանանա: Դա հնարավոր է, առայժմ հնարավոր է:

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ,

12.10.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ