Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թե ինչու Հայաստանում 2020 թվականից ի վեր իշխանափոխության շարժումներն այդպես էլ հաջողություն չեն ունենում

Թե ինչու Հայաստանում 2020 թվականից ի վեր իշխանափոխության շարժումներն այդպես էլ հաջողություն չեն ունենում
20.10.2026 | 10:20

Դրանք չեն հաջողում մի պարզ պատճառով. գործող իշխանությունների համար սեփական դիրքերի պահպանումն ունի գոյաբանական նշանակություն, և նրանք պատրաստ են ամեն գնով վերարտադրվել: Բացի այդ՝ նրանց աջակցող արտաքին հզոր ուժերն ամեն ինչ անում էին այդ վերարտադրությունն ապահովելու համար:
Մյուս կողմից՝ ընդդիմության շարժումները հիմնականում սահմանափակվում էին լոկ «իշխանափոխություն» հասկացությամբ: Այդ պայքարի փիլիսոփայության հիմքում ընկած չ էին համակարգային փոփոխությունները, կորսված ազգային ինքնության, արժանապատվության, հայկականության, ավանդույթների ու հայկական տարածքների վերականգնումն ու պահպանումը: Այնտեղ բացակայում էին անկեղծ հավատքին ու մեր ազնվական արմատներին վերադառնալու, այս բարոյազուրկ վիճակից ու համակողմանի ճգնաժամից դուրս գալու հայեցակարգերն ու ծրագրերը, պետությանն ու ազգին անկեղծ ծառայելու մղումները: Փոխարենը՝ այդտեղ գերիշխում էին անձնական ու կուսակցական շահերով ու ամբիցիաներով առաջնորդվող անհատների կամ քաղաքական ուժերի նպատակները:
Չունեցանք հաջողություն, որովհետև մղվող պայքարը ոչ թե ազգային գաղափարներ, արժեքներ ու սկզբունքներ կրողների բախում էր, այլ ռեսուրսներ, լծակներ ու ազդեցություն ունեցողների կապրիզների ու հավակնությունների կռիվ: Սա պայքար էր սեփական ռեսուրսները պահպանել ցանկացողների, փառքի ու շահի ձգտողների միջև:
Հայաստանը սկսեց դեգրադացվել հենց այն պահից, երբ հանրային, պետական և նույնիսկ կուսակցական շահը մղվեց երկրորդ պլան, իսկ պետությունն ու երկիրը սկսեցին ծառայել նախևառաջ անհատների անձնական շահերին: Պետականաշինությանն ուղղված քայլերն էլ ընդամենն իմիտացիա էին:
Մենք հաջողություն չունեցանք, քանի որ շարժման բացահայտ թե քողարկված առաջնորդները նրանք էին, որոնց համար ազգային-պետական շահն առաջնային չէր: Ավելին՝ հենց իրենք են ստեղծված այս միջավայրի ու իրավիճակի պատասխանատուները, քանի որ այսպես թե այնպես, կամա թե ակամա, ծառայել էին Հայաստանը կործանելու և այլասերելու նպատակով դրսից ներդրված համակարգին: Իսկ միջավայրի ծնողը չի՛ կարող պայքարել իր ծնած զավակի դեմ. նա կարող է ընդամենը պայքարել այդ միջավայրի ծննդի՝ իր զավակի կյանքի երկարաձգման ու գոյատևման համար:
Չունեցանք հաջողություն նաև այն պատճառով, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները՝ շարժման առաջնորդները, անկեղծ չ էին ժողովրդի հետ: Տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմադիրները ոչ թե իշխանափոխության խնդիր էին դրել իրենց առաջ, այլ ընդամենը լուծում էին ընդդիմադիր դաշտի առաջատարի դիրքը գրավելու հարցը: Նրանք կռիվ էին տալիս մի քանի պատգամավորական մանդատի և խորհրդարանում իրենց կողմնակիցների համար հարմար հանգրվան ապահովելու համար՝ ակամա նպաստելով այս իշխանությունների լիազորությունների երկարաձգմանը:
Ժողովուրդը բնազդով զգում է դա: Ժողովուրդը նման է նժույգի. նա իրեն պահում է՝ հաշվի առնելով, թե ով է նստած իր թամբին: Մինչդեռ ժողովուրդն անկեղծ է եղել անկախության բոլոր տարիներին, սակայն նրա հաղթանակներն ու արդյունքները սեփական իշխանությունները պարզապես մսխել են: Այս վերջին տարիների պայքարում էլ ժողովուրդը և շատ նվիրյալ անհատներ՝ արևին թե անձրևին, գիշեր թե ցերեկ, դուրս եկան փողոց՝ անկեղծ պայքարի՝ անցնելով զրկանքների ու տառապանքների միջով: Սակայն, միևնույն է, ընդդիմությանը չհաջողվեց հասնել հաղթանակի:
Որպեսզի հնարավոր լիներ հաջողության հասնել, անհրաժեշտ էր համազգային համերաշխություն և միասնություն. միայն այդ դեպքում կարող էր տեղի ունենալ իսկական ազգային զարթոնք: Զարթոնքի ու վերածննդի տրամադրություններ, լայն զանգվածների համախմբում և, հետևաբար, արմատական փոփոխություններ կարող էին ձևավորվել միայն անկեղծ ազգային շահեր սպասարկող օրակարգի, գաղափարների ու ծրագրերի շուրջ՝ ազնիվ, նվիրյալ ու իմաստուն առաջնորդների, պետականության ու հայրենիքի բարձր զգացողություն ունեցող մարդկանց շուրջ:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ