Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, իրավական գործընթացի սովորական դրվագ չէ։ Սա դատական համակարգի խորքային ճգնաժամի և պատասխանատվությունից նահանջելու ակնհայտ ցուցադրություն է։
Արդեն երկրորդ դատավորն է, ֆորմալ իրավական ձևակերպումների հետևում թաքնվելով, հրաժարվում քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների վերաբերյալ գործը՝ այն հղելով Երևանի քրեական դատարան՝ «ընդդատությունը պարզելու» պատրվակով։
Իրավական անհերքելի տրամաբանությունը
Քրեական դատավարության օրենսդրության հիմնարար պահանջներից մեկը պարզ է և աներկբա:Գործի ընդդատությունը որոշվում է ենթադրյալ արարքի կատարման վայրով։
Եթե ենթադրյալ արարքի վայրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, ապա տարածքային ընդդատության կանոնով գործի քննությունը միանշանակ պատկանում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին։
Տարածքային ընդդատության հարցը բարձրացնելն ու գործն այլ դատարան «սահեցնելը» ստեղծում է իրավական անորոշություն և արհեստականորեն ձգձգում գործընթացը։
Այս իրավիճակը, ըստ իս, ցույց է տալիս երկու հիմնական միտում:
Նախ՝ պատասխանատվության ճգնաժամ դատական համակարգում, որտեղ դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև. մի կողմից քաղաքական կոնյունկտուրան է և իշխանական ճնշումների վտանգը, մյուս կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցու, դարավոր ինստիտուտների և հանրային արդարադատության առջև սեփական անվան ու հեղինակության կորուստը։ Արդյունքում ընտրվում է ամենահարմար ճանապարհը՝ «գործը փոխանցել մեկ ուրիշին»։
Երկրորդ դիտարկումս այն է, որ այստեղ ինստիտուցիոնալ հարված է հասցվում պետականությանը:
Ցավոք, այստեղ պետական ապարատն ու դատական համակարգը դառնում են քաղաքական վեճերի գործիք, որտեղ վտանգվում է ոչ միայն արդարադատության բուն էությունը, այլև հասարակական համերաշխությունը։ Եկեղեցու և հոգևոր դասի շուրջ իրավական անհիմն կամ ընտրողական գործընթացները խորացնում են հասարակության պառակտումը։
Դատական ակտերով հնարավոր է փոխել գործի ընդդատությունը, փոխանցել թղթապանակները մի դատարանից մյուսը, սակայն հնարավոր չէ փախչել պատմական և բարոյական պատասխանատվությունից։ Արդարադատությունը պահանջում է վճռականություն և օրենքի տառին անշեղ հետևում, այլ ոչ թե պատասխանատվության վերահասցեագրում։
«Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ.):
Ես ասում եմ. «Տեր, մի ներիր նրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում»:
Արևշատ օրեր Ամենայն Հայոց Օծյալ Հայրապետին:
Միշտ շեն ու կանգուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հայկ Մովսիսյան