ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ամուլսարը պետք է մնա սար

Ամուլսարը պետք է մնա սար
13.10.2026 | 10:29

Քաղաքացինե՛ր, հայրենակիցնե՛ր,
Մենք այսօր կանգնած ենք պատմական և անդառնալի ընտրության առաջ։ Խոսքը ոչ թե հերթական տնտեսական ծրագրի կամ ներդրման մասին է, այլ մեր հողի, մեր ջրի, մեր երեխաների ապագայի և, վերջապես՝ մեր արժանապատվության։
Ամուլսարն ուզում են վերածել փոշու, թույնի և անխնա շահագործման օբյեկտի։ Մեզ փորձում են կաշառել թվերով՝ նետելով «հինգ-վեց միլիոն դոլարի» ողորմություն, որպեսզի լռենք։ Բայց ո՞րն է դրա գինը։ Ո՞րն է գինը, երբ վտանգվում է Սևանը՝ մեր բոլորի կյանքի աղբյուրը։ Երբ սնդիկն ու ցիանիդը լցվեն Արփա ու Որոտան, երբ թթվային դրենաժը քայքայի մեր լեռները, ո՞ւր են գնալու այդ միլիոնները։ Ո՞ւմ ենք ծախելու մեր առողջությունը։
Ամենազզվելին, սակայն, այս ամենում ոչ թե գործարանատերերի անհագուրդ ագահությունն է, այլ նախկին «էկոակտիվիստների» դավաճանությունը։
Ո՞ւր են նրանք հիմա։ Ո՞ւր են այն մարդիկ, ովքեր տարիներ առաջ կրծքով պաշտպանում էին Ջերմուկը, փակում ճանապարհները, պղտոր ջրի դեմ գոռում հրապարակներում։ Հենց որ այդ նույն մարդիկ իշխանական աթոռներ զավթեցին, հենց որ մտան կաբինետներ ու նստեցին կաշվե փափուկ բազկաթոռներին, մոռացան ամեն ինչ։ Բնապահպանական պայքարը դարձավ «պետական շահ», իսկ Ամուլսարի թույնը՝ «ներդրումային անհրաժեշտություն»։
Նրանք ուրացան իրենց անցյալը, դավաճանեցին այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր հավատացել էին իրենց։ Այսօր այդ նույն նախկին ակտիվիստները, Կառավարության կոմիսարների դերում, լռեցնում են համայնքներին, ջարդում մարդկանց դիմադրությունը և սպասարկում օտարերկրյա հանքարդյունաբերական շահերը։ Սա սովորական քաղաքականություն չէ, սա մեր հայրենիքի և սկզբունքների դասական վաճառք է։
Բայց մենք չենք լռելու։ Մենք թույլ չենք տալու, որ միլիոնավոր դոլարների խոստումներով մեր հողը դարձնեն անապատ։
Թող լսեն բոլորը՝ կաբինետներում նստած նախկին «ակտիվիստները» և հանքարդյունաբերողները. Ամուլսարը պետք է մնա սար։ Մենք մեր սարը չենք տալու ոչ մեկին՝ ոչ ագահներին և ոչ էլ աթոռի համար սկզբունքները ծախածներին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ