Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հովհան Օձնեցին տիրադավների տեսակի դեմ թիվ մեկ պայքարողներից էր

Հովհան Օձնեցին տիրադավների տեսակի դեմ թիվ մեկ պայքարողներից էր
13.12.2025 | 18:17

Լսեցի, որ տիրադավ 10-յակի ներկայացուցիչներից մեկը Վեհափառի գահից հրաժարման հետ կապված օրինակ էր բերում Գրիգոր Լուսավորչին և Հովհան Օձնեցուն, նշելով, թե «կարող է հետևել նրանց օրինակին, նման դեպքեր պատմության մեջ եղել են»։ Որպես օձունեցի ողջ կյանքն անիմաստ ապրածին մի թեթև լիկբեզ անեմ, հատկապես Օձնեցու հետ կապված։

Ուրեմն, նախ՝ Օձնեցին գահից չի հրաժարվել, մանիպուլյացիա մի արեք։ Նա, լինելով արդեն տարիքն առած, իր փոխարեն 727 թվականին տեղապահ է նշանակում Դավիթ Արամոնեցուն, որից հետո տեղափոխվում է Արդվի՝ ճգնելու։ Այսինքն՝ նա շարունակել է մնալ Հայրապետ, ուղղակի չի նստել Դվինում, սակայն բոլոր որոշումներն ու քայլերը տեղապահը համաձայնեցնում էր Կաթողիկոսի հետ։ Եվ միայն 728 թվականին, երբ 78 տարեկանում Օձնեցին կնքում է մահկանացուն, Արամոնեցին օծվում է որպես կաթողիկոս։ Ասեմ, որ կաթողիկոսները մշտապես զբաղվել են ճգնակեցությամբ և ուսուցչությամբ՝ վանքերում համապատասխան գործընթացներ կազմակերպելով։

Ինչ վերաբերում է Օձնեցու անձին, ապա նա այն եզակի կաթողիկոսներից էր, ով հասկանում էր իր բուն առաքելությունը և տիրադավների տեսակի դեմ թիվ մեկ պայքարողներից էր։ Օձնեցին երկու կարևորագույն ճառեր ունի՝ ընդդեմ Պողիկյանների և ընդդեմ Երևութականների, որոնցով պայքարում և հերքում է այդ երկու աղանդների տեսությունները, որոնք իր ժամանակին լայն տարածում ունեին Հայաստանում, իսկ դուք անամոթաբար կանգնել եք աղանդավորի օգնությամբ իշխանության եկածի կողքին ու քծնելով գլուխ եք խոնարհում:։

Ի դեպ, Օձնեցու հետ կապված մի կարևոր դրվագ ևս ասեմ՝ իմանաք։ Կաթողիկոսի մեծ ձեռքբերումներից մեկն էլ Հայոց Կանոնագրքի կազմելն էր։ Այսինքն, Օձնեցին մի տեղ հավաքեց ցիրուցան եղած եկեղեցական կանոնները և, իր խոսքով, «գեղեցկագույն մատյանով Հայրապետանոցում հաստատեց»։ Այս Կանոնագիրքը, ժամանակի ընթացքում մյուս ընդունված կանոններն էլ ներառելով իր մեջ, հասել է մեզ։

Ինչ վերաբերում է Գարեգին Վեհափառի հրաժարականի պահանջին, նա առաջին հերթին չի հրաժարվում Լուսավորչի գահից, որպեսզի պահպանի նույն Օձնեցու փոխանցած արժեքները, չի պառակտում և փակուղի մտցնում ողջ եկեղեցին։ Հակառակ դեպքում, եթե լինի հրաժարում, նա ոչնչով չի տարբերվի հայտնի 10-յակից, ովքեր իրենց ՀԷԿ-երի, «բենթլիների» ու շվայտ կենցաղի պատճառով իրենց ճակատին հավերժ դաջեցին դավաճանի խարանը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ