ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ռաբիսն» ազատություն է, իսկ չսիրողի ցավն էլ... տանեմ»

«Ռաբիսն» ազատություն է, իսկ չսիրողի ցավն էլ... տանեմ»
27.07.2026 | 12:56

Սովորություն ունեմ ժամանակ առ ժամանակ «թերթել» «Երեկոյան Երևանի» թվայնացված արխիվը։ Եվ այդ հնարավորության համար անսահման երախտապարտ եմ Ազգային գրադարանին (փա՜ռք Աստծո, «իրական» Հայաստանում դեռևս պահպանվում է «ազգային» կոչվելու իրավունքն ունեցող գոնե մեկ կառույց)։

Հավատացեք՝ անցյալի էջերով նման շրջապտույտը պարզապես «նոստալգիա» չէ։ Կարդում ես նյութեր, որոնք ոչ միայն հուշ են, այլև մի ողջ ժամանակաշրջանի, դրա բարդությունների ու արժեքային բախումների ճշգրիտ հայելին։

Այսօրվա անդեմ կլկլոց-աղմուկի, իմաստազուրկ շոու-բիզնեսի ու եվրո-դոլարային մոլուցքի ֆոնին՝ առանձնակի ջերմությամբ ու թեթև ժպիտով վերընթերցեցի 1997 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանի հետ ունեցած իմ հարցազրույցը («Երեկոյան Երևան», 1 փետրվարի 1997 թ․) և մտաբերեցի դրան հետևած «բուռն» զարգացումները։

Այն ժամանակ մենք բանավիճում էինք ճաշակի, ազգայինի ու «զուլալ ակունքների» մասին։

Նախ մեջբերեմ Լաերտ Մովսիսյանի հետ զրույցից այն հատվածը, որը բորբոքեց «ռաբիսի անթագակիր արքային» ու նրան անձամբ բերեց մեր խմբագրություն:

ԼԱԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ - Կյանքը բարդ է: Առավել բարդ է մեր գործը՝ մաքրել հայ արվեստը, վերագտնել նրա զուլալ ակունքները: Թող ցածրաճաշակն էլ լինի, այն էլ իր սպառողն ունի, բայց չպիտի թողնել, որ «ռաբիսը», մուղամը, ընդհանրապես թուրք-պարսկականը որոշիչ դեր խաղան երաժշտական արվեստի ձևավորման, հասարակության ճաշակի զարգացման, կրթման գործում:

ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ - Ասել է՝ մահակ չեք ճոճում «ռաբիսի» գոյության փաստի վրա:

Լ. Մ. - Անիմաստ է: Վերջերս, օրինակ, կարդացի մամուլում, թե՝ «պիտի վերահսկենք «ռաբիսը»: Հնարավոր չէ: «Ռաբիսը» չի կարելի վերահսկել կամ դրա դեմն առնել ոստիկանական մեթոդներով: Ի վերջո, չես կարող գնալ ու հոխորտալ, թե՝ քո հարսանիքում ի՞նչ իրավունքով ես «ռաբիս» երգում, կամ՝ ինչո՞ւ ես Արամ Ասատրյանի կասետը վաճառում:

Փ. Մ. - Ըստ Ձեզ՝ էժան «արվեստի» դեմ պայքարելու միջոց չկա՞:

Լ. Մ. - Իհարկե կա՝ լավ, բարձրաճաշակ երգերի մատուցումն է: Գրեք լավը, տվեք թեկուզ «ռաբիս» երգողին:

Փ. Մ. - Ասել է՝ մահակի փոխարեն...

Լ. Մ. - Շուկայում ոչ թե մահակով պիտի ընթանալ, այլ բարձրորակ «ապրանքով»: Սովորական փաստ մեր առօրյայից. վաճառասեղաններին հայտնվեցին ավելի որակյալ ապրանքներ, և մարդիկ ինքնաբերաբար հրաժարվեցին թուրքական, պարսկական արտադրության ապրանքներից: Նույն օրենքն է և արվեստում: Ուժով ոչնչի չես հասնի:

Փ. Մ. - Բայց հարցի մյուս կողմն էլ կա. այն, որ «ռաբիսի» ներկայացուցիչը, օրինակ՝ նույն ինքը Արամ Ասատրյանը, երբեք էլ չի կարողանա իսկական հայկական արվեստ մատուցել, պրոպագանդել:

Լ. Մ. - Չի կարողանա, ուրեմն երգիչ չէ: Օգտագործենք մեր այն ուժերին, որոնց ակունքները մաքուր են, զուլալ:

Փետրվարի 3-ին, աշխատանքային շաբաթվա առաջին օրը, իր երգչուհու՝ Օհաննա Մտղյանի հետ խմբագրություն մտած Արամ Ասատրյանը ծայրաստիճան ագրեսիվ էր․ խոսում էր սպառնալիքներով՝ պատրաստ «հաշիվներ մաքրելու» իրեն քննադատելու համար։

Սկզբում փորձում էի հանգիստ երևալ, բայց երբ «պատահաբար» ցուցադրեց ատրճանակը, ինքս էլ զայրացա, պատասխանեցի նույնքան ագրեսիվ ու վճռական։

Թվում էր՝ բախումն անխուսափելի է։ Բայց հենց այդ սուր, դեմ առ դեմ մարտահրավերից ծնվեց մի բացառիկ երկխոսություն։

ՈՒղիղ աչքերի մեջ նայելով ասացի․ «Չեմ սիրում Ձեր երգը և Ձեր մոլի հակառակորդն եմ»։

Եվ տեղի ունեցավ անսպասելին․ զարմանալիորեն նա չվիրավորվեց և վայրկյանների ընթացքում ընդունեց «խաղի կանոնները»։

Քիչ առաջվա ագրեսիվությունից ու սպառնալից կեցվացքից հետք անգամ չէր մնացել․ մեր առջև կանգնած էր բոլորովին այլ Արամ...

Ստորև ներկայացնում եմ 1997 թվականի փետրվարի 5-ին տպագրված հարցազրույցը՝ առանց խմբագրման, այնպես, ինչպես պահանջել էր հենց ինքը՝ Արամը։

Երգում և․․․ հերքում է Արամ Ասատրյանը

«Հանդիպասրահի» առնչությամբ «Երեկոյան Երևանը» միշտ էլ նշում է, որ բացառված չեն հակառակ կարծիքները․ որոնք պատրաստ ենք տպագրել:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանի («Երեկոյան Երևան», 1 փետրվարի 1997 թ․) զրույցից հետո խմբագրություն եկավ «ռաբիսի» հանրահայտ ներկայացուցիչ Արամ Ասատրյանը։ Նա ցանկացավ որ իր մտքերը տպագրենք առանց խմբագրման։ Կատարում ենք Արամի պահանջ-ցանկությունը (իհարկե, լեզվական որոշ շտկումներով) քանի որ մեր պայմանն անխախտ է՝ «Երեկոյան Երևանի» էջերը բաց են բոլոր նրանց առջև, ովքեր ասելիք ունեն: Թեկուզ և հայտնած կարծիքները լինեն վիճելի, կատեգորիկ նույնիսկ շատերի համար անընդունելի:

Ո՞Վ Է ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ

«Երգիչըմիայնչպիտիսահմանափակվիիրարվեստը, իրերգըմատուցելով: ԱյդպիսինէԱրամԱսատրյանը:

Նամեծբարեգործէ. իրքրտինքովվաստակածըներդնումէիրժողովողիբարoրությանհամար։ՈՒոչմիանգամնաչիխոսելայդմասին։Որովհետևիսկականբարեգործնարածիմասինչպիտիխոսի»։

Օհաննա Մտղյան

«Կարծում եմ, Արամին մանրակրկիտ ներկայացնելու հարկ չկա։ Նրա կատարումներն այսօր ողողել են երևանյան փողոցները, կանգառները, տոնավաճառները:

Արամն այսօր, ի հեճուկս Կոմիտասի, Կանաչյանի, Եկմալյանի, Մելիքյանի ու մյուսների, ամենուր է, անգամ (որքան էլ զարմանալի ու անհասկանալի թվա)՝ սիրված շատ-շատերի կողմից: Ինչպես կասեր Սևակը՝ դե եկ վարդապետ ու մի խենթանա...»։

Հատված փետրվարի 1-ի հարցազրույցից․

«Ռաբիսի ներկայացուցիչը, օրինակ՝ նույն ինքը Արամ Ասատրյանը, երբեք էլ չի կարողանա իսկական հայկական արվեստ մատուցել, պորպագանդել։ ժամանակն անցնում է, չի գործում դպրոցականի ֆիլհարմոնիան, իսկ արամները սերունդ են «կրթում», «ճաշակ դաստիարակում»։

- Նախ ասեմ, որ վերոհիշյալ որակումների հետ Լաերտ Մովսիսյանը ոչ մի առնչություն չունի, դրանք իմ բառերն են, իմ կարծիքը: Ի դեպ, ցանկացած ոք սեփական կարծիքի իրավունք ունի և չեք կարող ստիպել կամ պարտադրել, որ այլ կերպ մտածի: Որպեսզի մեր զրույցն անկեղծ լինի, սկզբից ևեթ ասեմ՝ չեմ սիրում Ձեր երգը, երբեք չեմ լսել (նկատի չունեմ ակամա ունկնդրումը. տրանսպորտ, կանգառ, փողոց) և Ձեր մոլի հակառակորդն եմ։

- Չեմ առարկում, դա Ձեր կամքն է:

- Մի հաrց ևս. կարո՞ղ եք ժխտել, ոr Դուք այսօր «ռաբիսի» կարկառուն դեմքերից եք։

- Ոչ: Բայց... Նորից ցավոտ այն բառը, որը տարիներ շարունակ շրջում է մեր շուրթերին, ու շատերը, մինչ oru, չգիտեն, թե «ռաբիսն» ինչ է:

- Ի՞նչ է:

- «Ռաբիս»․․․ Բայց ես ինձ ռաբիս չեմ համարում, ես «ֆոլկ» երգիչ եմ, և ինձ նմաննեrը շատ են։

- Այսօր չկա՞ «ռաբիս» հասկացությունը:

- Հա, չկա: Որովհետև ճիշտը չեք ներկալացնում։ Դա ռուսական բառ է, եղել է անցյալում: Ասել են այդ բառն ու արտահայտվել. «Օ՜յ, ինչ ռաբիս ա»: Մինչդեռ ռաբիսը դեմոկրատիան է, ազատամտությունն է, մարդու ազատ կյանքն է:

- Դեմոկրատիան ու ազատությունն ինչպե՞ս ընկալեմ:

- Աստված մարդուն ինչ շնորհքով, որ oժտել է, նա այն էլ մատուցում է ունկնդրին: Շատ կներեք, իմ երգերը լսում են, սիրում են, ուրեմն՝ դուք են գալիս, ինչու՞ եք փորձում բռնանալ: Մարդիկ սիրում են իմ արվեստը, կան և չսիրողներ, այդ թվում՝ Դուք: Լավ եք անում չեք սիրում, բայց իմ արվեստը «ռաբիս» մի՛ համարեք, որովհետև թե՛ Դուք, թե՛ մյուս չսիրողները իրավունք չունեն գնահատել իմ արվեստը կամ էժանագին համարել: Իմ արվեստը իմ ունկնդրի համար անգին է, իսկ չսիրողի էլ... ցավը տանեմ: Աստված իր հետ: Հետո՝ «ռաբիս» կոչվածի շարքում են նաև ուրիշները, որոնց անունները հայտնի են, կասետներն էլ վաճառվում են։

- Կներեք, պիտի ընդհատեմ, ես Արամ Ասատրյանից բացի «ռաբիսի» ուրիշ ներկայացուցչի անուն-ազգանուն չգիտեմ. Ձեր անունն էլ «շնորհիվ» եղբորս դպրոցական որդու ծանոթ է ինձ: Նա համառորեն սուլում կամ երգում է Ձեր տողերը։

- Դուք էլ բռնանում եք երեխայի վրա։

- Անպատճառ: ՈՒ պիտի հասնեմ այն բանին, որ իմ զարմիկը իսկական հայկականը լսի, բարձր արվեստով հրապուրվի:

- Սխալ է, մի՛ բռնանա երեխայի վրա:

- ․․․

- Բա ո՜նց... Երեխային տուր իր կյանքը, ինչ սիրում է՝ թող դրանով ապրի: Վաղն էլ թող կատարելագործի Արամի երգն ու արվեստը:

- Ես չէի ցանկանա, որ մեր դպրոցականները տարվեն Արամով:

- Ինչու՞: ես Կոմիտասի մի կաթիլը չե՞մ: Մի՛ նեղացրու երեխային, թող էնքան լսի ինձ, որ հոգնի, հետո ավելի լավը փնտրի: Կյանքը պայքար է, փնտրտուք: էսօր ինձ կլսի, վաղն ավելի լավին կգտնի: Մի՛ զգուշացեք ինձնից: Ես վատը չեմ, շատ եմ անմիջական, այնքան, որ երեխան հենց երգս լսում է, փողոցում սուլում է: Չբռնանա՛ս: Համոզված եղեք, վաղը Շուֆուտինսկի կլսի:

- Է՜, նույն «ռաբիսը» չի՞։

- Նույնն է, բոլորն էլ «ռաբիս» են:

- Բոլորի մեջ ովքե՞ր են մտնում։

- Մայքլ Ջեքսոն, Սթիվի ՈՒոնդեր, Ալլա Պուգաչովա, Վիսոցկի, ամերիկյան հանրաճանաչ շատ «աստղեր» (բայց ինքս ինձ «ռաբիս» չեմ համարում): «Աստղեր», որոնց մի մասի կատարումները տանում են դեպի թմրամոլություն, ինքնասպանություն, ինչպես, օրինակ, «Փարփըլի» արվեստը, որն ինձ դուր չի գալիս: Բայց չի նշանակում, թե իրավունք ունեմ որևիցե մեկին արգելել, թե՝ մի լսիր: Իսկ իմ երգը կանչն է, հայրենիքը, սերը, կարոտը։

- Թվարկված անունները և Ձեր «ռաբիսը» տարբեր հարթություններ են ներկայացնում: Մակարդակների հսկայական տարբերություն կա:

- Ինչպե՞ս... երաժշտությունը չունի տարբերություն կամ սահման: Ամեն մարդ իր ունկնդիրն ունի: Տարբերությունը ո՞րն է։

- Թեկուզ և այն, ու Ձեր կատարումները խորապես ողողված են թուրք-պարսկական ազդեցությամբ:

- Իմ երգը ո՛չ թուրքական է, ո՛չ էլ պարսկական: Այն իմ ապուպապերի երգն է, հորս երգն է: Երբ պապերս գաղթել են ու եկել Հայաստան, մագնիտոֆոն չեն ունեցել, որ իրենց երգը ձայնագրեն: Իրենց արյունով եկել, անցել է ինձ: Ես էդ ոճը սիրում եմ։ Իսկ ինչ վերաբերում է նմանությանը՝ թուրք-պարսկականին, ինչու՞ չես կարծում, որ նրանք են ինձ նմանակել: Ի վերջո, իմն Արևելյան ավազանի երաժշտություն է։ Թող լսի դպրոցականը, վնաս չունի:

- Ինչու՞ չեք փորձում մեր մաքուր արվեստը մատուցել Ձեր ունկնդիրներին:

- Դրա մատուցողներն էնքա՜ն շատ են:

- Իսկ Դուք կարո՞ղ եք կատարել․․․

- Կոմիտա՞ս:

- Թեկուզ:

- Իհարկե: Բայց էնքան շատ են վարպետ-կատարողները, որ նրանց չեմ համարձակվի կրկնել: Դրա համար էլ ես Աստծու տված իմ երգն եմ երգում: Եթե պետք է՝ Կոմիտաս էլ եմ երգում, Եկմալյան էլ, Ջիվանի էլ։ Սայաթ-Նովա երգեմ՝ խենթանաս, քույրս:

- ՈՒրեմն, ինչու՞ չեք խենթացնում:

- Էuoր ես ո՞նց, օրինակ, «Ձախորդ օրերը» երգեմ, երբ մեր վարպետները կատարել ու կատարում են: Բայց հարկ եղած դեպքում երգում եմ, Դու՛ք չեք լսել: ճշմարտությունն այն է, որ Արամ Ասատրյանի անունը (չգիտես ինչու] քննադատության տեսանկյունից դարձել է չափանիշ:

- Մամուլը Ձեզ քննադատեց «Հայ եմ ես» երգի համար: Ի՞նչ չափանիշի մասին է խոսքը: Ի՞նչ եք ուզում ասել դրանով:

- Իմ երգն օտար ափերում ապրող պանդուխտի մասին է։ 1988-ից սկսած իմ երգերը կանչ են եղել, որ մարդիկ oտար ափերից գան, աշխատեն, մեր երկիրը պահեն: Օrինակ, ինչու՞ եք քննադատում այդ երգը. օտար ափերում ապրող պանդուխտն ասում է. «Արի միանանք, բախտներս կապենք, օտար աշխարհում ուրիշ ճար չունենք»:

- Եվ ի՞նչ եք ուզում ասել:

- Այն, որ հայը չգնա անգլիացու առնի: Ինձ էդպես է ձեռնտու. թող հայն հայի առնի, որ մեր ազգը հարատևի, ու մեր նորածիններն էլ հայ լինեն: Ես իմ ազգի ծառան եմ, ես երգում, ոեկլամում եմ իմ ոգին: Մեր ազատամարտիկները, մեր հայոց բանակի որդիները, հակառակ Ձեզ, գիտե՞ք ինձ որքան են սիրում: Ես էլ նրանց եմ սիրում։ Ստեփանավանում, Գյումրիում, Հոկտեմբերյանում, Ղարաբաղում, ամենուր երգել-ուրախացրել եմ նրանց: Սպասում եմ գարնանը, որ բարեգործական համերգնելով ուրախացնեմ իմ արվեստի երկրպագուներին:

Ամենամեծ գնահատողն ու ուսուցիչը, ի վերջո, ժողովուրդն է։ Եթե նա գնահատում է իմ երգը, ոչ թե բռնացեք, այլ...

Գրեք լավ երգեր, մենք էլ երգենք:

Լավ երգը միշտ էլ լսվում է:

Զրուցեց

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Հ․Գ․

Փետրվարի 5-ի կեսօրին նա կրկին խմբագրությունում էր։ «Երկհարկանի» մի հսկա «բոմբոներկա» ու կոնյակ դրեց սեղանիս։

Մինչ կփորձեի բացատրել, որ մեր կոլեկտիվում նման բաներ ընդունված չեն, նա արդեն բացել էր քաղցրավենիքը, գործավարուհուց բաժակներ էր խնդրել, հրավիրել ողջ անձնակազմին և բոլորի ներկայությամբ շնորհակալություն հայտնեց հրապարակման համար։

Բաժանվեցինք որպես լավ բարեկամներ։

Ես այդպես էլ երբեք չլսեցի ու չսիրեցի նրա երգը, որն ինձ հետաքրքիր չէր այն ժամանակ, հետաքրքիր չէ նաև հիմա։

Բայց ես անվերապահորեն գնահատեցի նրա մարդկային տեսակը, թասիբն ու անմիջականությունը․ որակներ, որոնք այնքա՜ն պակասում են այսօրվա «թվային» ու պլաստիկ արտիստներին, կեղտաբերան «քաղաքագետներին», «գործ սարքող» քանդակագործներին ու բոլոր-բոլոր ծախու հոգիներին։

Դիտվել է՝ 294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ