Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ասել է Türkiye թերթին՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին։               
 

Սգո քայլերգ

Սգո քայլերգ
19.06.2026 | 12:56

Մանթաշյանց սիրասուն ամուսինները ծնող էին ութ երեխայի՝ չորս դստեր և չորս որդու։ Կենցաղային հարցերի կարգավորման համար նրանք տանն ունեին դայակներ, խոհարարներ, աղախիններ, կրկնուսույցներ, բայց երեխաների դաստիարակությամբ զբաղվում էր անձամբ տիկին Դարիան։

Լինելով Թիֆլիսի ազնվազարմ, արիստոկրատ, ներկայանալի կին, մեծահարուստ բարերարի ամուսին, տիկին Դարիան ինքն էլ էր հնարավորության սահմաններում բարեգործությամբ զբաղվում։

Այսպես, 1877-1880 թթ․ նա դրամական միջոցներ տրամադրեց ներգաղթյալ տաճկահայ ընտանիքներին, Հավլաբարի Սբ Մարիամյան իգական դպրոցին, Թիֆլիսի «Քրիստոնյա գաղթականաց օգնող մասնաժողովին»: (Ես դիտավորյալ գումարների չափը չեմ նշում, դրանք այսօրվա ընթերցողին ոչինչ չեն ասի)։

1879 թ․ Կ․ Պոլսի հայուհիները հիմնեցին «Ազգանուէր հայուհեաց ընկերութիւնը», որի նպատակն էր ավելացնել Տաճկահայաստանում իգական տարրական դպրոցների քանակը և դրանց համար վարժուհիներ պատրաստել։ Նրանց նմանողությամբ 1883 թ․ թիֆլիսցի հայուհիները ստեղծեցին «Թիֆլիսի հայուհեաց բարեգործական ընկերութիւնը», որի հիմնադիր ու մշտական անդամ դարձավ Դարիա Մանթաշյանցը և այդ կարգավիճակում մնաց ավելի քան տասը տարի։

Տարբեր տարիներ ֆինանսական միջոցներ նվիրաբերեց Զրկինանց մանկական պարտեզին, Զրկինանց Սբ Կարապետ եկեղեցու ծխական ուսումնարանին, Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության վարչությանը, Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությանը, Երուսաղեմի Սբ Յակոբա վանքին, Թիֆլիսի ձրի և էժանագին ճաշարաններին, Ձրի և էժանագին ճաշարանների ու թեյատների ընկերությանը՝ սեփական շենք կառուցելու համար։

Տիկին Դարիան երկար տարիներ տառապում էր շաքարախտով, և ամենայն պատասխանատվությամբ հետևում էր առողջական վիճակին․ դիցուք, երբ ձկան խավիար պիտի է ուտեր, նախ, բժշկական կշեռքով չափում էր քանակը․․․

Մանթաշյանց ամուսինները տարվա գրեթե կեսն անցկացնում էին Փարիզում։ 1909 թ․ հոկտեմբերի սկզբին տիկնոջ առողջական վիճակը վատթարացավ, և որոշվեց, որ բժշկի ուղեկցությամբ մեկնի Գերմանիա, ուր Տյուբինգեն քաղաքում բուժում էր ստանում։ Բայց այս անգամ ճակատագիրը դաժան էր՝ Դարիա Մանթաշյանցը վախճանվեց 1909 թ․ հոկտեմբերի 8-ին։

Ամուսնու մեջքը կոտրվեց, սիրտը կոտրվեց․․․ Դա նշան էր, կանխազգացում․ հոր մահից հետո մայրն ապրել էր մեկուկես տարի, Դարիայի մահից հետո ինքն էլ էր այդքան ապրելու։

Ա․ Մանթաշյանցը համապատասխան մարդկանց հրահանգեց Դարիայի աճյունը փոխադրել Թիֆլիս և ինքն էլ շտապեց մեկնել Պետերբուրգ, այնտեղից՝ ծննդավայր։

Դեռևս տարեսկզբին, ստանալով Էջմիածնի սինոդի համաձայնությունը, նա Թիֆլիսի թեմական հոգևոր իշխանությունից 5000 ռուբլով Վանքի ավագ եկեղեցու բակում մի փոքր հողակտոր գնեց՝ իր և կնոջ համար տոհմական դամբարան կառուցելու համար։

Թե Թիֆլիսը և թե հայությունը սկսեց պատրաստվել հուղարկավորությանը։

Արդեն հոկտեմբերի 11-ին, Ա․ Մանթաշյանցի բացակայությամբ, Վանքի ավագ եկեղեցում կատարվեց հոգեհանգիստ Մանթաշյան առևտրական դպրոցի հոգաբարձության, ուսուցիչների և աշակերտների, Ներսիսյան դպրոցի հոգաբարձության, ուսուցիչների, քաղաքային վարչության և զանազան հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տունդարձից հետո Ա․ Մանթաշյանցն զբաղվեց հուղարկավորության հետ կապված հարցերով։

Ի թիվս դրանց, հոկտեմբերի 23-ին նա զանգահարեց Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովսեփ Խունունցին և խնդրեց ֆիրմայի գրասենյակ ուղարկել դպրոցի երաժշտության դասատու, ջութակահար Դավիթ Դավթյանին։ Վերջինս հայտնի երաժիշտ էր, 1900 թ․ ավարտել էր Բրյուսելի կոնսերվատորիան, ջութակ դասավանդել այդ բուհում, 1904-ին առաջին մրցանակի էր արժանացել Բրյուսելի միջազգային մրցույթում, ապա մենահամերգներով հանդես եկել եվրոպական մի շարք քաղաքներում, 1906-ից՝ Թիֆլիսում, Վաղարշապատում, Կարսում, Ռուսաստանի քաղաքներում։ 1908 թ․ աշխատանքի էր անցել Ներսիսյան դպրոցում, սերտ կապի մեջ էր Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Անտոն Մայիլյանի հետ, հեղինակել էր մի շարք երաժշտական ստեղծագործություններ ու մանրանվագներ։

Ֆիրմայի գրասենյակում Ա․ Մանթաշյանցը դիմեց ջութակահարին․

-Երիտասարդ, ծնունդով որտեղացի՞ ես։

-Տրապիզոնցի եմ, տիար Մանթաշյանց։

-Մի քանի տարի առաջ Արտիստական ընկերության թատրոնում լսեցի քո համերգը, կատարեցիր Բեթհովենի, Գրիգի, Պագանինիի գործերը, և դա ինձ շատ դուր եկավ։

-Շնորհակալ եմ։

-Լսել ես, անշուշտ, որ կինս մահացել է, և ես քեզ խնդրանք ունեմ։

-Համակ ուշադրություն եմ։

-Ուզում եմ քեզ պատվիրել, որ մի երաժշտական գործ ստեղծես ու կատարես հոգեհանգստի ժամանակ, որքան պետք է՝ կվճարեմ։

Անակնկալի եկած Դավթյանը պատասխանեց․

-Ձեր ցանկությունը կկատարեմ, բայց վճարի կարիք չկա, ե՛ս եմ ձեզ պարտական։

Տեսնելով Մանթաշյանցի հարցական հայացքը, Դավթյանը պատասխանեց․

-Թուրքիայում վիճակը ծանր է, և ես ծնողներիս փոխադրել եմ Բաթում, հայրս աշխատում է ձեր արկղերի գործարանում․․․

-Դավիթ, խնդրանքս մեկ այլ կողմ էլ ունի, դու ունես մեկ օր ժամանակ, ստեղծագործությունդ պետք է կատարես մեկ անգամ, հոգեհանգստի ժամանակ և այլևս՝ երբեք․․․

-Հրամանքդ, տիար Մանթաշյանց։

Երբ ջութակահարը գնաց, Մանթաշյանցը կանչեց իր ֆինանսական գործերի կառավարիչ Դավիթ Խարազյանին և հրահագեց հուղարկավորությունից հետո երաժշտին վճարել 1000 ռուբլի։

Դարիայի աճյունը Թիֆլիս հասավ հոկտեմբերի 25-ին, կիրակի, իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ հուղարկավորությունը։

Էջմիածնի սինոդը մխիթարության կոնդակ էր ուղարկել Ա․ Մանթաշյանցին, իսկ սգահանդեսի ներկայացուցիչ կարգել թեմակալ առանորդ Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյանին։

Օրը երկուշաբթի էր, աշխատանքի և գործի օր, բայց Թիֆլիսի ժողովուրդը, առանց դասակարգի և ազգության խտրության շտապել էր Վանքի ավագ եկեղեցին: Ժողովրդի հոծ բազմություն խռնված էր եկեղեցում, նրա գավթում և հարակից փողոցներում:

Ի նշան սգի, քաղաքում փակ էին շատ խանութներ և կրթական, առևտրական հաստատութիւններ։

Բացի հանգուցյալի բազմաթիվ ազգականներից, բարեկամներից ու ծանոթներից, թաղմանը մասնակցում էին ավելի քան քսան պատգամավորություններ Թիֆլիսի, Կովկասի զանազան քաղաքների, Մոսկվայի ու Պետերբուրգի կրթական, բարեգործական, առևտրա-արդյունաբերական և այլ հաստատութիւնների կողմից, իսկ դագաղը զարդարված էր թարմ ծաղիկներից, մետաղից և արծաթից պատրաստված 150 պսակներով։

Սգահանդեսին առանձնակի շուք էին հաղորդում համքարները, որոնք ներկայացել էին սև քող քաշած իրենց նշանավոր դրոշներով։

Եկեղեցու գավթում ասեղ գցելու տեղ չկար։ Դամբանական խոսեց պատարագիչ Գարեգին սրբազանը, որը, դիմելով Ալեքսանդր Մանթաշյանցին, մասնավորապես ասաց․ «Ամենքս ենք վշտացած ընտանիքիդ հասած այդ ծանր ու դառն աղէտի համար, բայց իսկական կորուստը քոնն է: Դու ես զրկւում կեանքիդ ճշմարիտ ու մտերիմ բարեկամից, քո երկար տարիների խելօք ու անկեղծ խորհրդակցից, որից զրկուելուդ համար ծածուկ չէ ոչ ոքից այն ծանր վիշտը, որ կրում ես ինքդ։

Նա, որ բազմաթիւ բարեգործութիւններիդ ժամանակ եղել է քո ազնիւ ու մաքուր խորհրդականը և իր բարեմասնութիւններով պսակել է քո արժանաւոր գլուխը, նրա փոխանակ այսօր թանկագին պսակներով է զարդարել հանգուցեալի դագաղը:

Դու ես, Աղէքսանդր Իվանիչ, քո կողմից ժրագլուխ ամուսնուդ կեանքը երկարացնելու համար կատարեցիր քո պարտականութիւններդ ինչպէս վայել էր, բայց բնութեան օրէնքը առաւել հզօր հանդիսացաւ և խլեց քեզանից իր աւանդը: Եւ ես ծանօթ լինելով լաւագոյն իղձերիդ ու բաղձանքներիդ՝ հաւատում եմ, որ այսուհետև ևս առաւել արիաջան կերպով պէտք է աշխատես ազնիւ իղձերիդ հասնել»:

Սրբազանից հետո ելույթ ունեցավ․․․ Ա․ Մանթաշյանցի որդեգիր-ուսանող Կոմիտաս վարդապետը։ Նա Էջմիածնից հատուկ ժամանել էր հուղարկավորությանը մասնակցելու համար և կատարեց մի քանի շարական՝ ներկաների աչքից արցունք կորզելով։

Վարդապետին հաջորդեց Ներսիսյան դպրոցի երգչախումբը՝ Սպրիրիդոն Մելիքյանի ղեկավարությամբ։

Ապա ելույթ ունեցավ Դ․ Դավթյանը․ նա կատարել էր Ա․ Մանթաշյանցի պատվերը և ջութակով նվագեց մեկ օրում իր հեղինակած «Սգո քայլերգը»․․․

ՀԵՏՈ

Տիկին Դարիայի մահվանից հետո ամուսինը ապրեց մեկուկես տարի՝ Ալեքսանդր Մանթաշյանցը վախճանվեց 1911 թ․ ապրիլի 19-ին Պետերբուրգում։

Թողնելով Թիֆլիսը, Դավիթ Դավթյանը՝ այդ տաղանդաշատ ջութակահարը, Բաթումից անցավ Տրապիզոն, այնտեղից՝ Սամսոն, որպեսզի մեկնի Անգլիա, ապա՝ ԱՄՆ։ Բայց ընդառաջելով ազգակիցների խնդրանքին, գնաց Մարզվան՝ մենահամերգ տալու։ Ապրիլի 25-ին, Մանթաշյանցի մահվանից վեց օր անց, կաթված ստացավ ու 34 տարեկան հասակում մահացավ։ Սակայն նա կատարեց Մանթաշյանցին տված խոստումը՝ այլևս երբեք չնվագեց «Սգո քայլերգը»։ Նրա դին տեղափոխեցին Սամսոն, ուր ժամանակի հոլովույթում անհետացավ նրա գերեզմանը։

1938 թ․, Աստվածմերժության և հակակրոնական շարժման ժամանակ, Թբիլիսիի կոմկուսի առաջին քարտուղար Լ․ Բերիայի հրահանգով քանդեցին Վանքի եկեղեցին, բակում հանգչող բազմաթիվ մեծանուն հայորդիների գերեզմանները։ Ավերեցին նաև Մանթաշյանց ամուսինների դամբանը և նրանց ոսկորները դեն նետեցին։

Սգո քայլերգ․․․

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 95

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ