«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել

Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել
27.12.2025 | 11:23

Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր «մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան։

2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում «խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։

Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև Արցախի հարցի քաղաքական լուծման շարունակություն, անվտանգության համակարգի վերականգնում և պետական շահերի պաշտպանություն։

Այդ ժամանակաշրջանում իշխանության խոսույթում առկա էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության հնարավոր սցենարների վերաբերյալ ուղիղ կամ անուղղակի ակնարկներ՝ անգամ Կոսովոյի նախադեպի հղումներով։

Այսօր նույն ձևակերպումը գործածվում է արդեն բոլորովին այլ իմաստով։

«Խաղաղությունը» սահմանվում է որպես սահմանային հարաբերական լռություն, որը պայմանավորված չէ ինստիտուցիոնալ համաձայնություններով, իրավական պարտավորություններով կամ միջազգային երաշխիքներով։

Խաղաղության պայմանագիր չկա, սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ՝ դրանք ուղղակիորեն կապելով պայմանագրի ստորագրման հետ։

Այն հանգամանքը, որ տվյալ պահին սահմանին չեն կրակում, ինքնին խաղաղություն չէ, երբ այդ վիճակը ձեռք է բերվում միակողմանի զիջումների միջոցով։

Այս իրավիճակում հակառակորդը փաստացի ստացել է գրեթե ամեն ինչ (այդ թվում՝ Արցախը) և միաժամանակ պահպանել է նոր պահանջներ ներկայացնելու լիակատար ազատություն։

Փաշինյանի ներկայացրած խաղաղության մոդելը կառուցված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների, ուժերի հավասարակշռության և զսպման մեխանիզմների, այլ մշտական նահանջների տրամաբանության վրա։

Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել, որի պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր բանակցային սուբյեկտայնությունը, իսկ հասարակությանը ներկայացվում է «խաղաղության» անվան տակ ձևավորված քաղաքական պատրանք։

Եթե «խաղաղ զարգացման դարաշրջան» ասելով նկատի է առնվում պատերազմից հետո ձևավորված իրականության հետ հարմարվելը՝ պետական և ազգային շահերի հաշվին, ապա նման մոտեցումը հնարավոր է ներկայացնել որպես կատարված խոստում։

Սակայն եթե խոստումը վերաբերում էր արժանապատիվ, կայուն և ինստիտուցիոնալ խաղաղությանը, ապա այն ոչ միայն չի իրականացվել, այլև փաստացի փոխարինվել է պերմանենտ կապիտուլյացիայով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ