Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

«Տեխասցի դիպուկահարները»՝ հայկական քաղաքական դաշտում

«Տեխասցի դիպուկահարները»՝ հայկական քաղաքական դաշտում
28.10.2026 | 15:18

«Տեխասցի դիպուկահարի» մոլորությունը հայտնի այն իրավիճակն է, երբ հրաձիգը կրակում է պատին, իսկ հետո, ելնելով ստացված պատահական արդյունքներից, ընտրում է ամենախիտ խմբավորված խոցումների կետերը ու դրանց շուրջ նշանակետ նկարում և հայտարարում իր «անթերի» դիպուկության մասին։

Այս ֆենոմենն ամենալավն է նկարագրում մեր քաղաքական դաշտի ներկայիս իրավիճակը:

Իշխանություններն այս մոլորության մեջ են պահում Հայաստանը արտաքին հարաբերություններում ու իրենց «բանակցած» կամ իրենց գործողություններով հանգեցրած ցանկացած անհեթեթություն մեկնաբանում են որպես լավ ծրագրավորած և Հայաստանի շահերից բխող լրջագույն ձեռքբերում (Պրահա, ԹՐԻՓ, ՌԴ-ի կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում սուբսիդավորված արտահանում Եվրոպա, միակողմանի հանձնում, իբրև թե, դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում և այլն):

Հետ չի մնում նաև ընդդիմությունը, սակայն արդեն այս իշխանությունների դեմ պայքարում: Համաձայնեք՝ մեծ «տաղանդ» է պետք ունենալ, որպեսզի ընտրողները խորհրդարանական ընտրություններում իշխանությանը զրկեն երեք հինգերորդի մեծամասնությունից, իսկ դու, թույլ տալով գողանալ անհրաժեշտ մանդատները, հայտարարես, թե էլեկտորալ աննախադեպ մեծ աջակցությամբ գնում ես խորհրդարան՝ խանգարելու այդ մանդատները գողացած իշխանությունների ազգակործան քաղաքականությանը։ Իսկ դրանից հետո ՏԻՄ ընտրություններում ծանր պարտություն կրես ու դա ներկայացնես որպես «մեծ հաջողություն» կամ արդարանաս՝ «եթե չմասնակցեինք, ի՞նչ էր լինելու»։

Լավ նորությունն այն է, որ հասարակությունն աստիճանաբար դուրս է գալիս իրեն հրամցվող այս մոլորություններից՝ դրանց հեղինակներին թողնելով միայնակ:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3555

Մեկնաբանություններ