ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Կեղծ և զրպարտիչ արքեպիսկոպոս

Կեղծ և զրպարտիչ արքեպիսկոպոս
18.01.2026 | 12:42

Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը:

Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ:

Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար նաև շատ ճեմարանականների համար, Հովնան սրբազանը եղել է տիպար՝ Սբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետներին նվիրումի ու հավատարմության:

Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ նվիրակի առաքելությամբ, միաբանակից եղբորս հետ, գտնվում էի ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում՝ վայելելով հյուրընկալությունը Հովնան սրբազանի և Թեմի քահանայից դասի և հավատացելոց... Եվ, սակայն, թե՛ այնտեղ, թե՛ նաև երբևէ Մայր Աթոռում նրանից չի լսվել ոչ մեկ խեթ բառ կամ տրտունջք՝ Հայոց Հայրապետից կամ Մայր Աթոռից...

Ավելին, հրապարակային կերպով Հովնան սրբազանը միշտ գովասանքով, գնահատանքով ու երախտագիտությամբ է արտահայտվել Հայոց Հայրապետի և Նրա ծավալած եկեղեցաշեն, ազգակերտ ու հայրենանվեր գործունեության մասին: Եվ հիմա ինչո՞ւ կամ ինչպե՞ս այս նվիրյալ ու հավատարիմ, խոհեմ ու խորագետ արքեպիսկոպոսը դարձավ կեղծ ու զրպարտիչ...

Ափսոս այն աղն ու հացը, այն անկեղծ համարումը, այն ակնածանքը, որ երբևէ կիսել եմ և դեռ Ճեմարանից ունեցել ու տածել եմ դեպի այս արքեպիսկոպոսը:

Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ, դուք այլևս գայթակղության քար եք բոլորիս համար, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք:

Դուք շատ լավ գիտեք Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացարձակ ու անթաքույց ճշմարտությունն ու արդարությունը, սակայն գիտենալով՝ նենգաբար անգիտացաք և դարձաք հայհոյող Սուրբ Հոգու:

Արդար և Մեծ է մեր Տեր Աստված. արժանին կհատուցի ձեզ և ձեր կամակիցներին ու գործակիցներին:

Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ