Ցավոք սրտի, այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ եթերներով պայքարող ընդդիմությունը որևէ ռեալ օրակարգ չունի, որը դոմինանտ կդառնա քաղաքական դաշտում ու բոլորը` լրագրողներ, ակտիվիստներ, հասարակական-քաղաքական գործիչներ և ընդհուպ մինչև իշխանություն` կսպասարկեն հենց ընդդիմության թելադրած օրակարգը:
Փոխարենը այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընդդիմությունը մեծ մասամբ սպասարկում կամ տարածում է մեր` մի քանի լրագրողներիս «առաջացրած» օրակարգը, որը, իրականում, բխում է հիմնականում իշխանության թելադրած օրակարգից:
Մենք ամեն օր, ենթարկվելով սպառնալիքների, վտանգելով մեր կյանքն ու առողջությունը, ձյան տակ, ցրտին կամ ամառվա տապին, գնալով առաջին գիծ` «թշնամու բերան», հայտնվելով փողոցային հանցագործ կամ կիսահանցագործ, անդաստիարակ ու փնթի բաշիբոզուբզուկների մեջ, ենթարկվելով նրանց սադրանքներին ու հարձակումներին, մատերիալ ենք ապահովում ընդդիմության և ֆեյսբուքյան ակտիվիստների համար, որ իրենք դրա հիման վրա հերթական դատապարտող գրառումն անեն կամ էլի մեր տաղավարներ հյուր գան ու ճառեր ասեն իշխանության դեմ: ՈՒրիշ ոչինչ:
Իսկ ո՞վ պետք է զանգ կախի, ի՞նչ է անում ընդդիմությունը` բացի առանձին լրագրողների ու լրատվամիջոցների ստեղծած օրակարգի հետևում «թաքնվելուց» և դրանով իսկ իշխանության օրակարգը ակամա սնելուց, որովհետև իրենք սեփական օրակարգ չունեն` ոչ դրսում, ոչ ներսում` խորհրդարանում:
Այ սա է մեր գլխավոր խնդիրը, երբ լրագրողները, որ, իրականում, մենակ են պայքարում բոլորի ու ամեն ինչի դեմ, ընդդիմության թելադրած օրակարգը առաջ տանելու փոխարեն ակամա կամ ճարահատյալ, որոշները` գուցե գիտակցված, իշխանության օրակարգն են սնում ու սպասարկում:
Վահե ՄԿԱՐՅԱՆ
Հ․Գ․
Իսկ թե ինչ ասել է ընդդիմության օրակարգը սպասարկել, կարդացեք հետևյալ հղումով՝
https://t.me/MakaryanVahe/13523