Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ադրբեջանի նարատիվային պատերազմը Հայաստանի դեմ․ մեթոդները և նպատակները

Ադրբեջանի նարատիվային պատերազմը Հայաստանի դեմ․ մեթոդները և նպատակները
24.09.2026 | 14:10
Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվում է հստակ, մեթոդաբանության տեսանկյունից կազմակերպված, մտածված ու մշակված նարատիվային պատերազմ (Narrative warfare):
Այն ուղեկցվում է․
պատմության վերաշարադրմամբ (Revisionism),
հայկական ազգային, մշակութային և կրոնական ժառանգության ակնհայտ ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
միջազգային հարթակներում Հայաստանի և հայերի դեմ ատելության քարոզով, ատելության բորբոքմամբ ու տարածմամբ,
հայկական պատմական արեալի նկատմամբ ակնհայտ նարատիվային հարձակմամբ,
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող կեղծ նարատիվների ստեղծմամբ ու շրջանառմամբ։
Նարատիվային պատերազմի մյուս ուղղությունը հայկական ժառանգության ալբանիզացիան (աղվանացումն) է, որը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունների տարրեր է ձևավորում, որոնց խտացումն այսպես կոչված հնարածին և հակագիտական «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն է։
Վերը թվարկվածն իրական գործողությունների միայն մի մասն է, և չեմ հավակնում այստեղ ներկայացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմի ամբողջական պատկերը։
Հիմա ամենակարևորը․ այս ամենն առանձին կազմակերպությունների կամ հասարակական խմբերի կողմից իրականացվող գործողություններ չեն (դա հնարավոր էլ չէր լինի), այլ Ադրբեջանի պետական իշխանության կողմից մոդերացվող, տրամաբանական հաջորդականություն ունեցող գործողությունների շղթա։
Հիմնական դերակատարներն են․
Իլհամ Ալիևը (ում բոլոր հարցազրույցները պարունակում են Հայաստանի դեմ նարատիվային պատերազմի տարրեր),
Հիքմեթ Հաջիևը (ում վերջին այցելությունը հայկական պատմամշակութային և կրոնական կառույցներ՝ դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, ամբողջացնում է ՀՀ նկատմամբ վարվող նարատիվային պատերազմը)։
Տեղին է նշել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թեպետ փորձում է որոշակի դիվանագիտական զսպվածություն ցուցաբերել, սակայն նա ևս կանգնած է Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմի առաջնաբեմում:
Սրան լծված են նաև պետական համակարգի գրեթե բոլոր պաշտոնյաները, ինչպես նաև ավտորիտար համակարգում որպես քաղաքացիական հասարակություն և փորձագիտական հանրույթ ներկայացող, սակայն գործնականում պետական իշխանության հետ փոխկապակցված անձինք ու խմբերը։
Կարելի է այստեղ որպես էմպիրիկ հիմք բերել բազմաթիվ փաստեր, կցել հղումներ, սակայն իմ խնդիրը ոչ թե գիտական հոդված գրելն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին բարձրաձայնելը, որի մասին այս օրերին ոչ միայն քիչ է խոսվում, այլև սրանից բխող հավանական վտանգները, կարծես թե, աչքաթող են արվում։
Իսկ նարատիվային պատերազմի նպատակը, որպես կանոն, ապագա գործողությունների շուրջ տեղական և միջազգային հանրության լոյալություն ձևավորելն է, ինչն էլ փորձում են անել Ադրբեջանի իշխանությունները։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ

«ն դի­վա­նա­գի­տու­թ­յուն)