Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելու Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակները

Ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելու Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակները
21.02.2026 | 17:16

Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու տնօրինումը ռուսական ընկերության կողմից խնդիրներ է առաջացնում հատկապես Հայաստանով տարանցման համար: Ըստ նրա՝ «շատ երկրներում՝ Արևմուտքում, Արևելքում, Հարավում և Հյուսիսում, կա կարծիք, որ Նախիջևանից հետո երկաթուղին չպետք է անցնի Հայաստանով՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու վերահսկողության պատճառով»:

Դրան հետևեց «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը երրորդ կողմին փոխանցելու հնարավորության մասին գաղափարը:

Տրամաբանական հարց է առաջանում. այդ ո՞ր երկրներն են ցանկանում Հայաստանով տարանցում իրականացնել, բայց, հաշվի առնելով ռուսական կապիտալի առկայությունը, խուսափում դրանից:

Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել հարցը մակրոռեգիոնալ ու ռեգիոնալ կտրվածքներով:

Արևմուտքի կամ Կենտրոնական Ասիայի երկրնե՞րը:

Դրանց միջև վաղուց է առկա տրանսպորտային հաղորդակցություն՝ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով, այժմ էլ TRIPP-ով փորձ է արվում դիվերսիֆիկացնելու այդ երթուղին:

Մերծավոր Արևե՞լքը:

Կնշե՞ք այդ ռեգիոնի որևէ լուրջ խաղացողի, որն այս պահին ինտենսիվ տնտեսական փոխգործակցություն չի իրականացնում Մոսկվայի հետ:

Իրանն ու Վրաստա՞նը:

Առաջինի դեպքում՝ ուղղակի բացառում ենք, երկրորդի՝ փաստում ռուս-վրացական տնտեսական ու ենթակառուցվածքային դինամիկ փոխգործակցությունը 2012-ից ի վեր:

Մնում են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հեռահար նպատակները Հայաստանից ռուսական կապիտալի դուրսմղման մասով որևէ կասկած չեն հարուցում:

Այս առիթով հիշում եմ 2010-ի փետրվարը, երբ Հայաստանի պատվիրակության շրջանակներում ներկայացնում էի «Հարավկովկասյան երկաթուղին» Ստամբուլում անցկացվող TRACECA աշխատանքային ժողովին: «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ընթացքի մեջ էր, սկսվել էին բանակցություններ Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ, Մոսկվան էլ, ակնկալելով հայ-թուրքական սահմանի վերաբացումը, սահմանային Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծ նախաձեռնեց, որը և ներկայացնում էի հատուկ զեկույցով:

Սուրճի ընդիջման ժամանակ ինձ մոտեցավ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Մեկ-երկու ճշտող հարց տալով նախագծի վերաբերյալ՝ ասաց. «Այդ ամենը շատ լավ է, բայց եթե իսկապես ուզում եք ինտեգրվել ու դառնալ տարանցման գոտի, պետք է կառավարեք ձեր երկաթուղին առանց ռուսների»:

Անկարայի ռեգիոնալ պատկերացումներում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև վերջին տասնամյակում է՛լ ավելի է արմատավորվել ռուսական գործոնի բացառման սկզբունքը: Դա առավել քան ցայտուն արտահայված է Թուրքիայի՝ մինչև 2053 թ. տրանսպորտային զարգացման գլխավոր պլանում:

Հ.Գ. Իսկ չոր մնացորդում ունենք հետևյալը. Փաշինյանը գիտակցում է, որ TRIPP-ը չի հանգեցնելու Հայաստանի տրանսպորտային ինտեգրմանը, որ իրականում հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման հարց օրակարգում չկա, ուստի և անհրաժեշտ է գտնել հերթական մեղավորի: Տվյալ դեպքում այդ կարգավիճակում է հայտվում Մոսկվան:

Ընտրություններից առաջ լավ փաստարկ է՝ հիմնավորելու, թե ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացված պայծառ ապագայից:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ