Ծուռ հայելիների երկրում ենք ապրում։ Արդարադատության նախարարը հուզվում է, երբ իր երեխայի հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչեցվում, բայց բացարձակ անհաղորդ է, երբ այդ նույն անթույլատրելի երևույթը կատարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հանդեպ։
Տիկի՛ն նախարար, և՛ մարդկայնորեն, և՛ որպես մայր անկեղծորեն հասկանում եմ ձեր ապրումները, բայց ո՞ւր էիք, երբ երկու անգամ՝ վաղ առավոտյան, երբ իմ անչափահաս դուստրն իր անկողնում հանգիստ քնած էր, ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները բռի կերպով ներխուժեցին մեր բնակարան։ Ո՞ւր էիք, երբ իմ երեխայի աչքի առաջ ինձ՝ բոլորովին անհիմն, նախ բերման ենթարկեցին և հետո առանց որևէ ապացույցի մեղադրական եզրակացություն «կարեցին» ու կալանավորեցին զուտ այն բանի համար, որ չգնացի ձեր կեղտոտ համակարգի հետ համագործակցության և կեղծ ցուցմունք չտվեցի Անդրանիկ Թևանյանի դեմ։ Իսկ ո՞ւր էիք, երբ շուրջ երկու ամիս երեխայիս զրկել էին մոր հետ անգամ քրեակատարողական հիմնարկից հեռախոսազանգ ունենալուց, իր 14-ամյակն էլ նա դիմավորեց կալանավայրում, երբ բարձրացված հանրային մեծ աղմուկից հետո միայն նրան թույլատրվեց ընդամենը մի քանի ժամով այցելել կալանավայր, որպեսզի ճաղերի հետևում մայրը կարողանա շնորհավորել իր դստեր ծննդյան տարեդարձը։ Իսկ ո՞ւր էիք, երբ իմ անչափահաս դստեր մոտ մոր նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման հետևանքով հոգեմարմնական (փսիխոսոմատիկ) խնդիրներ են առաջացել, և մինչ օրս էլ նա այցելում է հոգեբանի։
Ո՞ւր էիք նաև, երբ Անդրանիկ Թևանյանին կառավարության փաստացի ղեկավարի ապօրինի հրահանգով կալանավորեցին նրա անչափահաս որդու Վերջին զանգի օրը, և ոչ միայն հայրը չկարողացավ մասնակցել այդ հիշարժան միջոցառմանը, այլև նրա որդին։ Ո՞ւր էիք, երբ Թևանյանի երեխաներին ամիսներով արգելում էիք տեսակցել հորը կամ կալանավայրից հեռախոսով զրուցել նրա հետ։
Իսկ ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց երեխաներին, թոռներին, հարազատներին, որոնց անասելի տառապանք եք պատճառում։
Հուզվելը լավ բան է, ճիշտ եք անում, որ հուզվում եք։ Անթույլատրելի է երեխաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ատելության խոսք տարածելը՝ անկախ նրանց ծնողների ով լինելուց։ Բայց ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հասցեին սոցիալական ցանցերում ամենավերջին անեծքները, ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենաստոր սպառնալիքներն են հնչեցվում։ Թե՞ երեխաներին վիրավորելու անթույլատրելիության հարցում էլ եք խտրական։ Ձեր երեխաներին չի կարելի վիրավորել, մեր երեխաներին կարելի՞ է։
Չէ՛, տիկի՛ն Գալյան, այսպիսի երկակի չափանիշներ չեն լինում։ Սա ձեր իշխանության սերմանած ատելության մթնոլորտի հետևանքն է, հիմա դուք քաղում եք ձեր ցանածի թունավոր պտուղները։ Եվ սա այն դեպքում, երբ 2018 թ․ իշխանության եկաք սիրո և հանդուրժողականության կեղծ թեզերով։ Փաստորեն, հերթական անգամ խաբեցիք։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ատելության խոսքն անթույլատրելի է՝ լինի չափահաս, թե անչափահաս, ընդդիմադիր գործիչ, թե իշխանության ներկայացուցիչ։ Բայց այս մթնոլորտը ստեղծել եք դո՛ւք՝ ձեր իշխանությունը, իր փաստացի ղեկավարի անմիջական խրախուսմամբ, և սրա վերացման բանալին էլ է ձեր ձեռքում։
Վե՛րջ տվեք այս ատելությանը, այս կեղտոտ միջավայրին, հասարակությունը պառակտելու ձեր քաղաքականությանը, այլապես այս ամենը լավ ավարտ չի ունենա որևէ մեկի և հատկապես մեր երկրի համար։
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում