Եկեք ձեզ տանեմ անցյալ դարի յոթանասուն-ութսունականների արևոտ օրեր, որտեղ ես դեռ մանուկ ու պատանի, շատ բան եմ տեսել ասիականության թողտվության ու «կոմունիստական» կոչվող խորհրդային իրականության պայմաններում ապրող մեր Հայրենիքի հյուսիս-արևելյան Տավշո աշխարհում։ Ես Բերդից եմ՝ Ցլիկի, Աշոտ Երկաթի ու Ասպրամի ողբերգական Եռանկյունուց։ Իմ բախտը բերել է, և ես երջանիկ մանկություն եմ ունեցել, որտեղ Թումանյանի «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»- ը արտասանում էինք այնպիսի պաթոսով, որ թվում էր՝ անցյալի անցած իրողություն է, ու էլ չի լինի այդպես։ Բայց ես, չնայած փոքր էի, դիտողական էի, հակված վերլուծությունների։
Մեր բնակարանը, որին ապագայում դեռ պիտի խփեր ադրբեջանական «գրադի» արկը ու տաներ, առնվազն, ծնողներիս հավաքած ողջ գրադարանն ու մորս սիրելի կահկարասին, հինգհարկանի շենքի վերջին հարկի անկյունայինն էր։ Հետո, տարիներ անց, ռուսական արկը պիտի տաներ արդեն իմ հավաքած մեծ գրադարանը՝ արդեն ուկրաինական մի քաղաքում։
Մեր մուտքի լավ հարևաններից առնվազն չորս ընտանիքների պատերին ես տեսնում էի Զեյնաբ Խանլարովայի ծաղկաշատ, սև-սպիտակ պատկերը` ծաղիկները գունավոր դարձրած։ Նրանց մագնիտոֆոններից լսվում էին Զեյնաբի թուրքերեն երգերը։ Հայաստանում նա, որքան հիշում եմ, շռնդալից համերգներ էր տալիս ու ժողովրդական արտիստ էր։ Եթե սխալվում եմ՝ դուք ուղղեք ինձ։ Ես այդ երգչուհու պատկերը տեսել եմ Հայաստանի տարբեր մասերում, անգամ՝ մայրաքաղաքում, ավտոբուսներում, վարսավիրանոցներում` հնդկական «Բոբբի» ու «Կովկասի գերուհի» ֆիլմերի դերասանուհիների լուսանկարների կողքին։ Երբեմն, շատ ավելի քիչ, կային Ստալինի, շատ ավելի հաճախ՝ Անդրանիկի պատկերները։ Այնտեղ, որտեղ կար Անդրանիկ, Խանլարովա, իհարկե, չկար։
Ես ավելի վաղ հիշողություն ունեմ, երբ մանկապարտեզում մեզ սովորեցնում էին «ջու-ջու-ջուջալարըմ» երգը ու տանում էին երգելու Ադրբեջանից այցելած ինչ-որ «բարեկամական» պատվիրակության առջև, բայց հայրս, ով մաքուր խոսում էր թուրքերեն, մեզ` ինձ ու եղբորս, որ չորս- հինգ տարեկան էինք, կտրականապես արգելեց տանը կամ դրսում թուրքերեն բառ արտասանել, էլ չեմ ասում՝ երգել։
-Մամ ջան, պապ ջան, ընդհանրապես, հայերն ինչու՞ են Զեյնաբի պատկերը կախում իրենց պատերին,- վաղ պատանեկան հասակում մի օր հարցրի ծնողներիս։
-Չկարդացած, անկիրթ մարդիկ են, բալիկ ջան, ներողամիտ եղիր,- ասաց մայրս։
-Էշ են,- ասաց հայրս ու ավելացրեց:- Թող ների ինձ խեղճ անասունը։
Խորհրդային Հայաստանում դասական ընտրություններ չկային, բայց դեռ չծնված նիկոլ տեսակը կար, կար այսօրվա «պետականակերտ, հեղափոխական իրական հայաստանցի» մեծամասնությունը։ Իհարկե, Արցախյան շարժման, պայքարի ու Ազատամարտի հերոսական դրսևորումների պայմաններում այդ տեսակը մղվել էր երկրորդ պլան, նկարները հանել պատերից, մտել ծակուծուկերը, բայց չէր մեռել, կար, գնում էր Թուրքիա, առևտուր անում, գովերգում այդ Թուրքիան, հագնում թուրքականը, հանգստանում այնտեղ, ռուսաստաններում` ընկերություն անում նրա հետ, իր թշնամուն պատմում էր Հայաստանի ներքին իրավիճակի մասին գաղտնիքները ու սպասում էր այսօրվան։
Հիմա, որպեսզի այն, ինչ ասում եմ չպիտակավորեք որպես ընդդիմական, քարոզչական, քոչարյանական, ուժեղ հայաստանական, ձեզ ասեմ, որ եթե, տեսականորեն, հիպոթետիկորեն` Հայաստանում նախագահական ընտրություններ լինեն, և այսօրվա ընդդիմության առաջնորդների դիմաց Փաշինյանը չլինի, այլ լինի Ալիևի թեկնածությունը, թավշյա հեղափոխության պատճառով քնից արթնացած «խանլարովյան մեծամասնությունը» ընտրելու է Ալիևին։ Ես դրանում համոզված եմ։ Իսկ Հայաստանի տերերը նրանք են, այն փոքրամասնությունն է, ով երբեք չի ընտրի Փաշինյանին կամ Ալիևին։
Մեծամասնությունն ամենուր աննկարագիր է։ Աղքատ մեծամասնականը ու հարուստ մեծամասնականը չեն տարբերվում։ Նրանք հայրենիք չունեն։ Նրանք ընտրելու են կոմֆորտն ու ոսկին։
Իմ ճշմարիտ, ազնվական, փոքրամասնական, ասպետական հայեր։ Հայաստանը Մենք ենք։
Ես ձեզ ասել եմ, որ միշտ եղել եմ փոքրամասնական։ Ես երբեք չեմ հիշում, որ որևէ ընտրության դեպքում իմ ձեռքը մեծամասնության հետ բարձրանար։ Մի կողմից, սա վատ է, որովհետև երբեք որևէ իշխանություն իմը չի եղել, և կարծես կողքից անցնողներն են ձևավորել նրա քաղաքական առօրյան, սակայն, մյուս կողմից, փոքրամասնությունն է որակ ապահովում, գաղափարներ տալիս, դառնում բանակ ու մշակույթ։
Բոլոր տեսակի հասարակություններում փոքրամասնությունը միշտ ավելի խելացի է, ավելի իմաստուն է, սակայն, երբեմն, հակված է ծայրահեղ որոշումների, և սա փոքրամասնության աքիլեսյան գարշապարն է։
Բայց մեծամասնությանը եթե լսես, բանակ էլ պետք չէ։ Իհարկե, առողջ բալանս պիտի լինի այս երկուսի մեջ։ Իսկ այդ առողջ ներդաշնակությունը ապահովվում է նրանով, որ մեծամասնությունը, օրինակ, Ֆրանսիայում, Հոլանդիայում կամ քաղաքակիրթ որևէ երկրում, ընտրում է որևէ գաղափարական հոսանք կամ կուսակցություն։ Այսինքն, չնայած ընտրում է մեծամասնությունը, բայց իշխանության է բերում գաղափարական որևէ փոքրամասնության։ Սա է առողջ ժողովրդավարական ընտրական համակարգը։
Պետության ֆունկցիան հենց նրանում է, որ գաղափարական հոսանքները գան իշխանության, ոչ թե պատեհապաշտ ու պանդոկացավ թվային մեծամասնությունը։ Իսկ Հայաստանում հակառակն է։ Կամ վերարտադրվում էին դրամով, կամ վերարտադրվում են հեղափոխական դիկտատուրայի մամլիչով կամ, որ նոր զազրելի երևույթ է, հասարակությանը` բոլշևիկյան ունեզրկման զզվելի օրինակների մատուցումով։
Ես փոքրամասնական եմ, ազգային եմ, պահպանողական եմ, և սա պայմանավորված է իմ դաստիարակությամբ։ Իմ ծնողները ինձ դաստիարակել են այնպես, կարծես թե ես պիտի ապրեի ռոմանտիկ, իդեալական, ասպետական ապագայում և ոչ թե քայքայվող հայկական իրականության ու ինքնության կորստի մեջ, և ես չեմ հավատում, որ հեղափոխությամբ հաղթանակած մեծամասնական այս բոլշևիկյան վարակը հնարավոր է վերջ տալ ընտրություններով։ Մեզ պես մտածողները կամ հայկական բանտերում են հայտնվում, կամ ադրբեջանական։ Վերջերս լսեցի, որ Բերձորը տվել են Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը։ Քոչարյանին կալանավորել են Ալիևայի ծննդյան օրը։ Այս ստրկամտությունը իմ մանկության հարևանների պատերից «իջել է քաղաք», և մեկ տարի անց, Ալիևայի ծննդյան օրը կտան Տիգրանաշենը։ Իմ Երկրի ղեկավարը հարևանին քծնելու համար Նախիջևանը ծուռ է կարդում։
Ասում եմ ձեզ՝ մենք` փակուղու մեջ ենք և աշխարհաքաղաքական թակարդի մեջ ենք։ Մեր տեսակի անկումը ձեռնտու է մեր բոլոր հարևաններին ու թշնամիներին: Բոլո՛ր։ Մեզ բարձրանալու ձեռք՝ միայն մենք ենք մեկնելու, ազգային ազատագրական նոր վերելքով, որը հասունացնել, պատրաստել է պետք։
Դուք՝ որպես ընդդիմություն, մենք՝ որպես ընտրող ու արտախորհրդարանական ընդդիմություն, պարտավոր ենք միավորվել Հայաստանում և սփյուռքում։ Հայաստանը տասը միլիոնի Հայաստանն է։ Այս իշխանության հետ այսպես չի ստացվելու։ Երբ երեսին թքում են, նրանք համարում են, որ անձրև է գալիս։ Մեր քննադատություններն անգամ նրանց ջրաղացին են ջուր լցնում։ Հմուտ ծովահենի պես նրանք պարզել են իրենց արյունոտ առագաստները և հավաքում են բոլոր քամիները, նաև՝ մեր քննադատության... Այսօրվա Նիկոլը հաղթում է, որովհետև ամբոխին նոր զոհեր է մատուցում, էքսպրոպրիացիայի համայնավարական նոր օրինակներ, ում մասին ևս ութ տարի կխոսեն բազմոցին բազմած, ոչինչ չստեղծած զանգվածները։
Հարկավոր է փոխել խաղի կանոնները և միավորման նոր հարթակներ ստեղծել։
Դավիթ Վանյան