Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Օրինագծի վերջնական ընդունման հավանականությունը բավականին ցածր է

Օրինագծի վերջնական ընդունման հավանականությունը բավականին ցածր է
27.06.2026 | 12:42

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատը Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ուղարկել է Սենատ։

Այս մասին գրում են ռումինական և միջազգային լրատվամիջոցները, սակայն կարևոր է հասկանալ համատեքստը։

Մոլդովայի և Ռումինիայի միավորման մասին օրինագիծը ներկայացվել է Ռումինիայի S.O.S. România կուսակցության պատգամավորների կողմից։ Եվ քանի որ ստորին պալատում՝ քննարկման համար սահմանված ժամկետը լրացել է, նախագիծը համարվել է «լռելյայն ընդունված» (tacit adoption)։ Այսինքն՝ այն չի անցել քննարկման և քվեարկության ընթացակարգերով, բայց ընդունվել է։

Դրանից հետո նախագիծն ուղարկվել է Սենատ (Senate of Romania), որը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնող պալատն է։

Փաստաթուղթը նախատեսում է, որ Ռումինիայի իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն Մոլդովայի հետ՝ երկու պետությունների միավորման վերաբերյալ, և այդ մասին տեղեկացնեն համապատասխան միջազգային կառույցներին։

Միևնույն ժամանակ, ռումինական կառավարությունն ու պատգամավորների պալատի համապատասխան հանձնաժողովները օրինագծի վերաբերյալ տվել են բացասական եզրակացություններ։

Այս պահին խոսքը ոչ թե Ռումինիայի կողմից միավորման քաղաքական որոշման մասին է, այլ այն մասին, որ օրինագիծը, փոխանցվել է հաջորդ փուլ։ Այն դեռ պետք է քննարկվի և ընդունվի Սենատի կողմից, իսկ դրա վերջնական ընդունման հեռանկարները մնում են անորոշ։

Բացի այդ, հաշվի առնելով տրված բացասական եզրակացությունները, ինչպես նաև այն, որ նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր ազգայնական կուսակցություն է՝ օրինագծի վերջնական ընդունման հավանականությունը բավականին ցածր է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7198

Մեկնաբանություններ