Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Գնամ իմ տան լույսերն էլ վառեմ, թող միանան քաղաքի լույսերին

Գնամ իմ տան լույսերն էլ վառեմ, թող միանան քաղաքի լույսերին
31.10.2026 | 23:04

Գիշերը փողոցի լույսերը լրիվ ուրիշ աշխարհ են նկարում։ Փակ խանութների ցուցափեղկերում շորերը, կոշիկները, մթերքները կարծես քնելուց առաջ տուփի մեջ լցված խաղալիքներ լինեն, որոնք մինչև առավոտ ոչ մեկին պետք չեն գալու։ Ցերեկվա եռուզեռը սառել-մնացել ա օդում։

Խանութների ճակատներին տխուր վառվող անունները նման են տառերը գրել սովորող առաջին դասարանցու տնային աշխատանքի, որ էլի մի անքուն գիշեր են անցկացնելու ամայացած փողոցում։

Իսկ լուսացույցը մինչև առավոտ կարգապահ աշակերտի նման փոխելու ա լույսերը՝ կարգավորելով դատարկ փողոցի երթևեկությունը։

Մի ուշացած մեքենա կանգնում ա կարմիր լույսի տակ ու միացնում ձախ շրջադարձի լույսերը՝ չգիտես՝ ում համար։ Ամայի փողոցում էդ թարթող լույսերը նման են դատարկ դահլիճում արտասանվող մենախոսության։

Մայթին կանգնած գովազդային վահանակը րոպեն մեկ նկարները փոխում ա ու ամեն փոխելիս՝ չխկում։ Ցերեկվա աղմուկի մեջ էդ չխկոցը չի լսվում, իսկ հիմա արձագանքում ա գիշերվա լռության մեջ։ Քաղաքը քնած ա, իսկ վահանակի ներսում կարծես աշխատանքային եռուզեռ լինի։

Նստում եմ նստարանին, ծխախոտ վառում։ Մարդ չկա, ամբողջ փողոցն իմն ա։ Կոմիտասը դատարկ տեսնելը տարօրւնակ ա, նման ա կատակերգու դերասանի, որ ամբողջ օրը առանց մի րոպե հանգստանալու զվարճացրել ա մարդկանց, ու հիմա բռնացրել ես մենակ նստած, իր խոհերի մեջ խորասուզված։

Գնա՛մ, գնա՛մ իմ տան լույսերն էլ վառեմ, թող միանան քաղաքի լույսերին։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12960

Մեկնաբանություններ