Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր

44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր
09.11.2026 | 10:37

Ըստ հայտարարության առաջին կետի՝ հաստատվում էր ամբողջական հրադադար, և կողմերը պետք է կանգ առնեին իրենց դիրքերում: Դա տեղի չունեցավ: Հայկական կողմը, տարբեր պատճառներով, հեռացավ հրադադարի պահին առկա իր դիրքերից, իսկ 2022թ. և 2023թ. Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություններ: Օկուպացվեցին ՀՀ տարածքները, և հայ ժողովուրդն ամբողջովին զրկվեց մի քանի հազարամյա հայկական Արցախից:

Երկրորդ կետի համաձայն, մինչ նոյեմբերի 20-ը Աղդամի շրջանը վերադարձվեց Ադրբեջանին:

Երրորդ և չորրորդ կետերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորակազմերը, որոնք, 5 տարին մեկ ժամկետի երկարաձգման իրավունքով, պետք է մնային Արցախում: Զուգահեռաբար հայկական զինված ուժերը դուրս եկան՝ պաշտպանությունը թողնելով Արցախի փոքրաթիվ ՊԲ-ի և աշխարհազորի վրա: Չնայած խաղաղարար առաքելության առկայությանը՝ Ադրբեջանը ոչ միայն փակեց Արցախը սնող ճանապարհը, այլ նաև լայնածավալ հարձակում իրականացրեց բոլոր ուղղություններով: Ըստ ՌԴ մեկնաբանության՝ խաղաղարար առաքելությունն անհնարին դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը, 2022թ, հոկտեմբերի 6-ին, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Համարվում էր, որ այդ կերպ խաթարվել էր խաղաղապահ առաքելության իրավասությունների ողջ տրամաբանությունը:

Հինգերորդ կետով նախատեսվող վերահսկողության կենտրոնի փոխարեն՝ ավելի ամրացվեց Թուրքիայի ներկայությունն ու դերակատարումը տարածաշրջանում: Աղդամում՝ հրադադարի պահպանման վերահսկողության նպատակով, չգիտես ինչու, ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն:

Վեցերորդ կետով, մինչ նոյեմբերի 25-ը, Ադրբեջանին վերադարձվեց Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը (բացառությամբ միջանցքի)՝ մինչև դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, պետք է մնար ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Սակայն 2022թ, դեկտեմբերի 12-ից ( Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քավորությամբ արված Պրահայի հայտարարությունից երկու ամիս անց) Լաչինի միջանցքը փակվեց: Եվ ժամանակավորապես բացվեց միայն Արցախն ամբողջովին հայաթափելու նպատակով: Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ նոր երթուղու պլանը, երեք տարվա ընթացքում համաձայնեցնելու փոխարեն, կարճ ժամանակ հետո ուղղակի պարտադրվեց անցնել նոր ճանապահին և հանձնել Բերձորն ու Աղավնոն:

Յոթերորդ կետով արցախցիների ճնշող մեծամասնությունը (անգամ օկուպացված Հադրութի ու Շուշիի բնակիչները) վերադարձան Լեռնային Ղարաբաղ: Սակայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ի հեճուկս իր ստանձնած վերահսկողության, անգամ բլոկադայի դաժան ժամանակահատվածում ոչինչ չարեց:

Ութերորդ կետով պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Հայաստանը բոլորին տվեց, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ առ այսօր պահում է պատանդի կարգավիճակում:

Իններորդ կետի պահանջները դարձան Նիկոլի կառավարության անկանոն վայրիվերումների և աշխարհաքաղաքական առևտրի առանցքը: Այս կետի «տերերը» փոխվեցին նոր «տերերով», և այն դարձավ շահագրգիռ կողմերի համար տեսանելի ու անտեսանելի «կռվախնձոր»: Փաշինյանի կառավարությունն այսօր Սյունիքն է կանգնեցրել լրջագույն մարտահրավերի առջև: Ապաշրջափակումն ու «խաղաղության խաչմերուկն» այսօրվա տեսքով կա՛մ պարզապես չի կայանա և կհետաձգվի անորոշ ժակետով, կա՛մ Հայաստանի հարավը կվերածի զուտ թուրք-ադրբեջանական ճսնապարհի, կա՛մ էլ, վատթարագույն զարգացումներով, այն կարող է դառնալ տարածաշրջանային նոր բախման պատճառ:

Ահա, թե ընդամենը վեց տարում ռեգիոնալ դերակատար և անվտանգային գործոն հանդիսացող Հայաստանը, «դըմփ-դըմփ հու»-ի արդյունքում, ինչից ինչ դարձավ:

2020թ. նոյեմբերի 9-ի իջնող վարագույրը տարեցտարի ավելի ծանրացավ արժանապատվորեն ձեռք բերված հաղթանակների ու համազգային նպատակների վրա:

Հ.Գ.

Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը: Միայն կիսագրագետներն ու անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ թղթերով ձեռք բերվելիք խաղաղությանը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ