Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին. ի՞նչ է սպասվում, և ի՞նչ է պետք անել

Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին. ի՞նչ է սպասվում, և ի՞նչ է պետք անել
09.11.2026 | 10:50
Վեց տարի առաջ՝ գիշերով, բոլորը տեղեկացան, որ պարտվել ենք պատերազմում, թեև մինչ այդ քարոզչամեքենան բոլորովին այլ բաներ էր ասում։ Ստում էին ամենալկտի ձևով։
Երևանի, Բաքվի և Մոսկվայի համատեղ հայտարարությամբ կանգնեցվեց 44-օրյա մղձավանջային պատերազմը, որը տեղի չէր ունենա, եթե քաղաքացի Նիկոլ Փ․-ն`
ա) Չտապալեր բանակցային գործընթացը,
բ) Ադրբեջանին ու Թուրքիային Արցախի վրա հարձակվելու լեգիտիմ հնարավորություն չտար,
գ) Casus belli չառաջացներ։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը տրվել են տարբեր գնահատականներ, հիմնականում՝ էմոցիոնալ։
«Հաղթելու ենք»-ի, «Շահումյանն ու Գետաշենը ազատագրել ենք»-ի, «Շուշիի համար մարտերը շարունակվում են»-ի, «Գյորբագյոր 2020»-ի, ոճերի, ագրեսիվ և ստերով լեցուն քարոզչության ֆոնին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գերշոկային էր։
Շոկի, էմոցիաների, սգի ու ողբի արանքում խլացվում էր քաղաքական սթափ գնահատականը․ ողջամիտ և պետականամետ խոսքը կորչում էր էմոցիայի ու ստի մեջ։
Պարզ էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ մեկիս երազանքը չէր (մեղմ ասած)։ Բայց դա իրողություն էր, որի հետ պետք էր հաշվի նստել և փորձել դրա շրջանակներում առավելագույնս պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը։ Դա տեղի չունեցավ․ իշխանությունը դավաճանեց, իսկ քաղաքական դաշտն ադեկվատ չգտնվեց։ Արդյունքը՝ Արցախի հայաթափումն ու կորուստն էր։
Այս ամենի ամբողջական գնահատականը դեռ չի տրվել, բայց վաղ թե ուշ տրվելու է։
Պատերազմի, հետպատերազմյան քաղաքականության և այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը ՀՀ իշխանությունն է․ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց կան նաև այլ պատասխանատուներ․․․
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծնվեց Ալիևի մեծ դիմադրության պայմաններում և ի հեճուկս Նիկոլ Փ․-ի ցանկության (2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հաստատվեց այն տեսակետը, ըստ որի՝ եթե Նիկոլ Փ․-ի կամքով լիներ, ապա նա 2020-ին ամբողջությամբ կհանձներ Արցախը)։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նա, ելնելով իր երկրի աշխարհաքաղաքական շահերից, պաշտպանում էր նաև հայկական շահերը՝ որքանով դա հնարավոր էր։
Կրկնեմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր երազանքը չէր, բայց պատերազմի արդյունքն այլ տարբերակ չէր թողնում։ Հայկական կողմի խնդիրը պետք է լիներ այդ փաստաթղթի շրջանակներում պաշտպանել մեր շահը՝ Արցախը պահելով հայկական, իսկ կարգավիճակի հարցը թողնելով հետագային։
2022 թվականին Պրահայում՝ Մակրոնների, Բայդենների, Միշելների, Ուրսուլաների միջնորդությամբ, Էրդողանի ու Ալիևի թելադրանքով և Նիկոլ Փ․-ի ձեռամբ, դեն նետվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլ Փ․-ն պաշտոնապես ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ հնարավորություն տալով Բաքվին շրջափակելու և հետագայում ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախահայությանը, ինչպես նաև հիմնազուրկ դարձնելով ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում։
Հիմա շատերը կերազեն վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոյին, մինչդեռ այն ժամանակ այդ փաստաթղթի հնարավորությունները գրեթե ոչ ոք չէր գնահատում։
Հայրենասիրությունը տարբեր ճամբարներից հնչող՝ Շուշին հետ բերելու մասին ճոռոմ բաժակաճառերը չէր (Նիկոլ Փ․-ն էլ էր խոստանում Շուշին հետ բերել)։ Իրական հայրենասիրությունը ոչ պոպուլյար քայլերով նոյեմբերի 9-ի փաստաթղթից առավելագույնը վերցնելն էր։ Դա, ցավոք, տեղի չունեցավ։
Այո՛, դա մեր ցավալի պարտությունը արձանագրող փաստաթուղթ էր, և մարդկայնորեն դժվար էր այդ փաստաթղթից կառչելը։ Ռուսաստանը դրանից ավելին չէր կարող ապահովել, քանզի Պուտինը միայնակ կռիվ էր տալիս Թուրքիայի, Ադրբեջանի և, ինչպես հետագայում շատերի համար պարզ դարձավ, Արցախին ու Հայաստանին թիկունքից հարվածող Նիկոլ Փ․-ի դեմ։
Պարզ է, որ Ռուսաստանն իր շահերն էր պաշտպանում մեր տարածաշրջանում՝ կողմ արտահայտվելով հայկական Արցախին։ Բայց պարզ է նաև, որ Մոսկվան չէր կարող և հիմա էլ չի կարող հայերից ավելի հայ լինել։ Եթե Հայաստանն ու Արցախը դավաճանվում են ներսից, ապա ոչ մի ռազմավարական դաշնակից չի կարող և չի ցանկանա քո համար պայքարել։
Ի դեպ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը զուտ ձևականորեն դեռ ուժի մեջ է․ կողմերից որևէ մեկը չի հայտարարել այդ համաձայնագրից դուրս գալու մասին։ Այլ հարց է, որ Երևանն ու Բաքուն դե ֆակտո չեղարկեցին այն Պրահայում։
Արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային հարթակներում բարձրաձայնելու և աջակցություն ստանալու լեգիտիմ հիմքերից մեկը հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։
Նոյեմբերի 9-ին հաջորդած եռակողմ համաձայնությունների շրջանակներում պետք է իրականացվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները՝ հիմնվելով խորհրդային քարտեզների վրա։
Հասկանալի է, որ սահմանազատման, սահմանագծման և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի միջնորդն ու երաշխավորը պետք է լինի Մոսկվան․ այլ տարբերակները նշանակում են հայկական միակողմանի ու անվերջ զիջումներ։ Այս հարցում լղոզված դիրքորոշումներ չեն կարող լինել։
ՀՀ օրվա իշխանությունն առաջարկում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կազմակերպել առանց միջնորդների, ինչն իրականում նշանակում է Հայաստանին մենակ թողնել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։ Այսօր հենց այդ վիճակում ենք, և դրա համար էլ նախապայմանների վերջը չի երևում։
Առանց միջնորդ-երաշխավորի՝ ոչ թե խաղաղություն է հաստատվելու, այլ ականատեսն ենք դառնալու ՀՀ-ի փուլային լուծարմանը։
Հայ ժողովուրդը և ՀՀ-ն դեռ ժամանակ ունեն ընթացիկ արատավոր քաղաքականությունից հրաժարվելու համար։ Բոլորս պետք է քաջ գիտակցենք մեր անելիքները և կյանքի կոչենք դրանք:

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
09.11.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները
Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ