Ինչու Ալիևը կազմակերպեց «հիջաբ» օպերացիան
02.11.2026 | 10:29
1942թ․ հունիսին՝ իր պատմության ամենափառահեղ հաղթանակներից ընդամենը կես տարի անց, Ճապոնիան Միդուեյ կղզու ճակատամարտում կորցրեց իր բոլոր չորս ավիակիրները։ Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո նա գրավել էր Սինգապուրը, Ֆիլիպինները, Մալայան և Հոլանդական Արևելյան Հնդկաստանը։ Այդ հաջողություններով արբեցած՝ Ճապոնիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածեց, որ կարող է իրեն ավելին թույլ տալ․ ընդլայնեց հարձակման գիծը, թերագնահատեց հակառակորդին և չամրապնդեց ծածկագրման համակարգը, թեև ամերիկացիներն արդեն կարդում էին ճապոնական ծածկագրերը։ Այս երևույթն անվանում են «հաղթանակի հիվանդություն», ճապոներեն՝ «սենսյոբյո»։ Այն անպայմանորեն պարտության չի հանգեցնում, բայց հաճախ նախորդում է դրան, քանի որ հաղթողը դադարում է հաշվի առնել ծախսերն ու կորուստները և սկսում է գործել բոլորովին այլ քաշային կատեգորիայում։
Այս հիվանդությունը միայն պետություններին չէ հատուկ․ այն ունի նաև անհատական դրսևորում։ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Օուենն այն անվանել է «գոռոզության համախտանիշ» («In Sickness and in Power», «Հիվանդության և իշխանության մեջ», 2008)։ Նրա առանձնացրած 14 ախտանիշներից են աշխարհն իբրև իշխանության և փառքի համար պայքարի ասպարեզ ընկալելը, խոսքի մեսիական ոճը, սեփական անձն ազգի հետ նույնացնելը, խորհուրդների և քննադատության նկատմամբ արհամարհանքը, անխոհեմությունն ու իմպուլսիվությունը։
Այս պատմական զուգահեռից անցնենք մեր օրեր։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանը փաստացի արգելեց դպրոցներում հիջաբ կրելը։ Թեև կառավարության թիվ 309 որոշման մեջ «հիջաբ» բառը բացակայում է («Չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են աշակերտների համար սահմանված հագուստի ձևի միասնականությունը»), գլխաշոր կրող աղջիկներին արգելեցին մուտք գործել դասասենյակներ։ Հոկտեմբերի 6-ից նույն կանոնը տարածվեց նաև ուսուցիչների վրա։ Դրան հետևեցին Ադրբեջանում վերջին տարիների ամենախոշոր բողոքի ցույցերը․ Բաքվում այրեցին դպրոցի տնօրենի մեքենան, ՆԳՆ-ն հաղորդեց 37 ձերբակալվածի մասին, իսկ Նարդարանում, տեղի ակտիվիստի խոսքով, ձերբակալվեց 88 մարդ։
Ինչո՞վ է ուշագրավ այս ամենը։ Ալիևը նման ռիսկի դիմելու որևէ ակնհայտ պատճառ չուներ։ Ընդդիմադիր գործիչները կալանավորված են կամ արտերկրում, իսկ հասարակությունն ապաքաղաքականացված է և վաղուց չի հավատում փոփոխություններին։ Այդ դեպքում ինչո՞ւ է «ամենակարող հաղթողին» պետք անկարգություններ հրահրել սեփական երկրում։ Պատասխանը, ըստ ամենայնի, պետք է փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս։
Հոկտեմբերի 22-ին ամերիկյան NPR լրատվականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են նոյեմբերի սկզբին՝ Կոնգրեսի ընտրություններից հետո, հնարավոր հարված հասցնել Իրանին։ Իրանի վարչակարգը կարողացավ դիմակայել պատերազմի նախորդ երկու փուլերին՝ փետրվարի 28-ից ապրիլի 8-ը և հուլիսի 8-ից սկսված։ Այս համատեքստում հիջաբների արգելքը, ըստ երևույթին, ունի երեք հասցեատեր․
1․ Երկրի ներսում․
Հնարավոր նոր պատերազմից առաջ Բաքուն մաքրում է շիական միջավայրը, որի միջոցով Թեհրանն ավանդաբար ազդեցություն է գործադրում Ադրբեջանում։ Այս առումով Նարդարանի դեպքը պատահական չէ, առավել ևս, որ երկրի 322 քաղբանտարկյալներից 178-ը հավատացյալներ են։ Իշխանությունը պնդում է, թե բողոքի ցույցերը հրահրում է Իրանը, մինչդեռ իրավապաշտպան Էլդար Զեյնալովի կարծիքով՝ բողոքը միտումնավոր է հրահրվել՝ արմատականներին բացահայտելու և մեկուսացնելու համար։ Դպրոցներում հիջաբներն արգելվել էին նաև 2010թ․, սակայն այն ժամանակ հարավային սահմանին պատերազմ չկար։
2․ Վաշինգտոն ու Երուսաղեմ․
Միաժամանակ Բաքուն ակնհայտ ազդանշաններ է ուղարկում ԱՄՆ-ին և Իսրայելին՝ իրեն ներկայացնելով որպես աշխարհիկ պետություն։ Պետական AzTV-ն այդ ուղերձը ձևակերպեց այսպես․ «Պետությունը կկանխի արաբա-պարսկական արժեքները մեր ազգային ինքնության մեջ ներմուծելու ցանկացած փորձ»։ Սեպտեմբերի 24-ին, երբ Նեթանյահուի ելույթի ժամանակ տասնյակ պատվիրակություններ, այդ թվում՝ թուրքականը, լքեցին ՄԱԿ-ի դահլիճը, Ադրբեջանի ներկայացուցիչը մնաց իր տեղում։ Իսկ հոկտեմբերի 15-ին Բաքվում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության» (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովում ելույթ ունեցավ Իսրայելի նախագահ Հերցոգը, և այս անգամ դահլիճը լքեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
3․ Իրանի ադրբեջանցիներ․
Մարտի 5-ին Ալիևն անկախ Ադրբեջանն անվանեց «հույսի վայր Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար»։ Երբ հոկտեմբերին Թեհրանը հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին հրավիրեց կրթություն ստանալու Իրանում, Ադրբեջանի կրթության նախարարությունը հիշեցրեց, որ Իրանի շուրջ 40 միլիոն ադրբեջանցիներ «տասնամյակներ շարունակ զրկված են իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից»։ Այս տրամաբանության մեջ Վաշինգտոնի և Երուսաղեմի համար իդեալական սցենարը կլինի Իրանի կազմաքանդումը ներսից՝ հենց ադրբեջանցիների մասնակցությամբ։
Սակայն հենց այս հաշվարկն է ամենառիսկայինը։ Իրանի ադրբեջանցիների մեծամասնությունը շիա է, և 2011թ․ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքում էին հենց Բաքվի՝ հիջաբների արգելքի դեմ։ Հանգուցյալ գերագույն առաջնորդ Խամենեին և նախագահ Փեզեշքիանը ևս ազերական արմատներ ունեն։ Բացի այդ, մարտի 5-ին՝ Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածից հետո, Ալիևն անձամբ խոստացավ թույլ չտալ Ադրբեջանի տարածքն օգտագործել հարևանների դեմ։
Սակայն հաղթողի համախտանիշն ամենից հստակ դրսևորվում է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների դինամիկայում։ Հոկտեմբերի 2-ին իր կուսակցության համագումարում Ալիևը հայտարարեց․ «Մեզ պետք չեն ո՛չ որևէ մեկի օգնությունը, ո՛չ հովանավորությունը» և «Երբ մենք օգնության կարիք ունեինք, ոչ ոք մեզ չօգնեց»։ Նա միաժամանակ հանդիմանեց այն առաջնորդներին, որոնք չափազանցնում են իրենց դերը, թեև որևէ մեկի անունը չտվեց։
Բայց մենք լավ գիտենք, թե ով էր օգնում Բաքվին ու ղեկավարում ադրբեջանական բանակը 2020թ․։ Հոկտեմբերի 12-ին Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հիջաբն անվանեց «հավատի պահանջ» և կոչ արեց Բաքվին ուղղել իր «սխալը»։ Դրան հետևեց անհամաչափ կոշտ պատասխան․ իշխանամետ Qafqazinfo-ն Թուրքիային առնչվող կազմակերպություններին մեղադրեց «հեղաշրջման և քաոսի» փորձերի մեջ, իսկ Ֆիդանին՝ Բաքվում «հրահանգներ» բաժանելու համար։ Նյութը հետագայում հեռացվեց։ Թուրքիայի 31 քաղաքացու արգելվեց մուտք գործել Ադրբեջան, իսկ յոթի նկատմամբ կալանքի որոշումներ կայացվեցին։ Հոկտեմբերի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն Ալիևին հրավիրեց մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, հոկտեմբերի 25-ին պաշտոնանկ արեց Սարալին, իսկ հաջորդ օրը ԹՊԿ-ն անվանեց «մեր ընտանեկան խորհուրդը» և խոստացավ կանգնել «նրանց դեմ, ովքեր ցանկանում են ական տեղադրել մեր անխախտ եղբայրության հիմքում»։
Հոկտեմբերի 30-ին Ալիևը չմեկնեց Անկարա՝ գագաթնաժողովին մասնակցելու։ Պաշտոնական բացատրությունը ժամանակացույցն էր․ այդ օրը Բաքվում ավարտվում էր ՖԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Սակայն, թուրքական մամուլի տվյալներով, Ալիևի բացակայությունը պատասխան էր հոկտեմբերի 15-ին ԱՓՎՄԽ գագաթնաժողովին մասնակցելու համար Էրդողանի՝ Բաքու չժամանելուն։ Գագաթնաժողովի ամբիոնից Էրդողանը հայտարարեց․ «Թյուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարում տեղ չկա բաժանման, օտարացման և պառակտման համար»։ Այդ լուսանկարում Ալիևը չկար։
Եվրոպան ևս ծանոթ է այս տոնայնությանը, ընդ որում՝ շատ ավելի վաղուց։ 2022թ․ ի վեր, երբ ֆոն դեր Լայենն Ադրբեջանն անվանեց հուսալի գործընկեր, Բաքվի հռետորաբանությունը միայն կոշտացել է․ «Եթե մենք ջունգլիներ ենք, մի կողմ քաշվեք և մի միջամտեք մեր ներքին գործերին» (2024), «Եվրոպական խորհրդարանը կոռումպացվածների որջ է» (2026)։
Եթե Անկարան, լինելով Բաքվի ամենամոտ դաշնակիցը, արդեն ստիպված է հաշվի նստել Ալիևի աճող ինքնավստահության և պահանջների հետ, ապա Հայաստանի դեպքում նման վարքագծի հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։ Խնդիրը միայն այն չէ, թե ինչ նոր պահանջներ կարող է ներկայացնել Ադրբեջանը Երևանին։ Իրանի շուրջ Բաքվի հաշվարկները կարող են նաև անմիջականորեն ազդել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Ուստի Ադրբեջանի արտաքին քաղաքական այս վարքագծից Հայաստանի համար բխում է երկու կարևոր հետևություն․
1․ Զիջումների թվաբանությունը
․
Բաքվին հանգստացնելու համար Անկարան պաշտոնանկ արեց նախագահի խորհրդականին՝ սոցիալական ցանցերում նրա հրապարակումների պատճառով։ Մինչդեռ Երևանից Բաքուն պահանջում է վերաշարադրել Սահմանադրությունը, իսկ հոկտեմբերի 26-ին Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հավելեց, որ Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից։ Եթե այսպես են վարվում «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով միավորված երկրի հետ, ապա դժվար է պատրանքներ ունենալ այն խաղաղության վերաբերյալ, որի մասին պայմանագիրը մինչև օրս այդպես էլ չի ստորագրվել։ Այդուհանդերձ, Երևանում Ալիևի «փաստաբանները» շարունակում են բացատրել, որ Սահմանադրության փոփոխությունը «մեզ է պետք, ոչ թե ուրիշներին»՝ այդ կերպ Ալիևին հանձնելով բոլոր «խաղաքարտերը»՝ վերջում մնալով պահանջների նոր ու թարմացվող ցուցակի հետ։
2․ Աշխարհագրությունը
․
Եթե պատերազմի նոր փուլ սկսվի, և Բաքուն ներքաշվի դրա մեջ, շփման գիծը կանցնի Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, որտեղով TRIPP-ը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Իսկ այդ ուղու հետ կապված Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ իրանական ԱԹՍ-ներն արդեն մարտին հարվածներ էին հասցրել։
Սադամ Հուսեյնը 1990թ․՝ Իրանի նկատմամբ իր «հաղթանակից» հետո, հարձակվեց Քուվեյթի վրա՝ առաջնորդվելով նույն համոզմամբ, ինչ 1942 թվականին Ճապոնիայի ղեկավարությունը. կարելի է իրեն ավելին թույլ տալ և դա «մարսել»։ Ադրբեջանը ո՛չ Ճապոնիա է, ո՛չ էլ Իրաք․ նա չի պատերազմում մեծ տերությունների դեմ, այլ օգտվում է նրանց շահերի համադրումից։ Հաղթանակի հիվանդությունը պարտություն չի կանխատեսում։ Բայց հիվանդ հարևանի կողքին ապրողի համար գլխավոր հարցն այն չէ, թե երբ է վրա հասնելու նրա պարտությունն ու վախճանը, այլ այն, թե որտեղ։
Լևոն ԶԱՐԳԱՐՅԱՆ
Հ.Գ.
Իսկ Հայաստանում այս ամենի ֆոնին ամենաքննարկվող թեման շարունակում Է մնալ խորհրդարանում տեղի ունեցող առանց կանոնների մարտերը։
Մեկնաբանություններ