ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աշխարհը գնում է դեպի հերթական հավասարակշիռ վիճակ, որի ապահովման հիմնական պայմանը ուժային բալանսն է

Աշխարհը գնում է դեպի հերթական հավասարակշիռ վիճակ, որի ապահովման հիմնական պայմանը ուժային բալանսն է
28.12.2025 | 14:01

Մարդկանց պետական, հասարակական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում նրանց գործունեության համար կարևոր է ոչ միայն դրանցում նրանց գիտակ լինելն ու լրջությունը, այլ նաև մտածողության մասշտաբայնությունն ու կատեգորիան, որոնք կարող են առաջանալ միայն մասշտաբային գործերին մասնակցելով։

Հակառակ դեպքում, նույնիսկ գիտակ ու լուրջ լինելով հանդերձ, բայց աղալու և ծամելու մասշտաբային թեմա չունենալով, կարելի է շարունակել մանր-մունր բաներն անվերջ քչփորելը, մանավանդ որ, դրանք ավելի հասկանալի ու մատչելի են ավելի ու ավելի ու տգետ դարձող մասսային։

Այս առումով մի անգամ, դեռևս խորհրդային տարիներին Դիլիջանում մասնավոր զրույցի ընթացքում, երջանկահիշատակ Հրանտ Թամրազյանը մեր տաղանդավոր գրողներից մի քանիսի մասին ասաց, թե այնքան փոքր է նրանց թեմատիկան ու սոցիալական պատվանդանը, որ քիչ է մնում դրա վրայից ընկնեն։

Այս միտքը շատ կարևոր է նաև մեր այսօրվա համար, երբ ժողովուրդն ու, հատկապես, նրա տաղանդավոր մարդիկ, աշխարհից կտրված ու մանր-մունր հոգսերով ծանրաբեռնված, հեռացել են մեծ գործերից, որոնց հետ անմիջականորեն առնչվելը մեզ համար սովորական բան էր խորհրդային տարիներին։

1999 թվի հունիս ամսին Նոր Օռլեանում Design Automation conference-ի ժամանակ ազատ ժամանակ շատ ունեինք և մի զրույցի ժամանակ մեր ընկերության նախագահը ինձ հարցրեց, թե ԽՍՀՄ-ի փլուզման հետ կապված ես ի՞նչ գտա և ի՞նչ կորցրի։

Ես ասացի, որ գտա անկախ երկրի քաղաքացի լինելու լավ զգացումը, բայց այլևս մեծ երկրի քաղաքացի չլինելու և աշխարհի մեծ գործերին մասնակցելու շանսի կորուստը։

Հետագայում, աշխարհի գործերից կտրվելն ու գավառական տեսակի կղզիացումն էլ անխուսափելիորեն բերեցին մեր կյանքի մանրացմանը, որին էլ հետևեց մեր հոգեբանական մանրացումը։

Եթե մենք այնքան մտածողական սթափություն ունենանք, որ հիշենք մեր հոգեբարոյական ու ֆիզիկական ծանր վիճակը 1920 թվին և բարոյապես ի վիճակի լինենք դա համեմատելու 1985-ի մեր վիճակի հետ, ապա կտեսնենք, որ մենք ջարդված ու փշրված ծայրահեղ հետամնաց վիճակից թռիչք էինք կատարել՝ դառնալով ժամանակակից ուսյալ ու զարգացած ազգ։

Եվ դրանից հետո, անկախության պայմաններում, կտրված լինելով աշխարհի գործերից և առաջնորդվելով մանր ու չնչին նկատառումներով, մենք արագ կորցրինք ամեն ինչ և հայտնվեցինք փակուղու առաջ և այնպիսի ստորացված վիճակում, որի մասին ՀԽՍՀ իսկապես հպարտ քաղաքացիները երևակայել անգամ չէին կարող։

Եվ դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ նաև բոլոր նախկին մանր խորհրդային հանրապետություններին։

Իսկ եթե մենք հարց տանք մեզ, թե անկախությունից շահողն ու կորուստներ ունեցողներն ովքե՞ր էին, ապա պատասխանը ակնհայտ է՝ շահեց հերթական իշխանական վերնախավը, որն ազատվել էր վերահսկողությունից և ազատ ու բոլորովին անկաշկանդ էր իր էգոիստական գործողություններում, իսկ բնակչությունն էլ ունեցավ կյանքի որակի կտրուկ կորուստ և հոգեբանական անկում, որին էլ հետևեց չդադարող արտագաղթը։

Ներկայում, արդեն բավականին երկար ժամանակ առաջ սկսված անցումը միաբևեռ ուժային աշխարհից դեպի դարձյալ ուժային բնույթի բազմաբևեռը, մի պրոցես, որ շատ արագացավ ուկրաինական պատերազմի շնորհիվ, աշխարհը գնում է դեպի հերթական հավասարակշիռ վիճակ, որի ապահովման հիմնական պայմանը ուժային բալանսն է նրա տարբեր մասերի միջև։

Այս բալանսի պայմանից էլ միարժեքորեն բխում է այն, որ նման արդյունքի հասնելու համար աշխարհը պետք է բաժանվի մոտավորապես հավասար կամ համեմատելի հզորությամբ ուժային բլոկների, որից դուրս նույնիսկ հզոր երկրները գոյաբանական մրցակցությանը չեն դիմանա։

Իսկ նման իրավիճակում բլոկներից դուրս անկախ, բայց թույլ երկրների գոյությունը պարզապես բացառվում է, այն էլ այնպիսի քաղաքակրթական խաչմերուկում, ինչպիսին Կովկասն է։

Նման պայմաններում մեր հիմնական խնդիրը մնում է խելամիտ կերպով որևէ բլոկի մաս դառնալը, առանց էապես կորցնելու սուվերենիտետը, որին կարող է օգնել նոր աշխարհակարգի մասին չինական դոկտրինը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ