ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ձգեք գոտիներդ, մինչև ֆոն դեր Լայենը գա, ցամաքած առուն էլ ջուր բերի՝ եվրոյի տեսքով

Ձգեք գոտիներդ, մինչև ֆոն դեր Լայենը գա, ցամաքած առուն էլ ջուր բերի՝ եվրոյի տեսքով
25.06.2026 | 20:03

Նոյի թվի մի անեկդոտ պատմեմ, հետո անցնեմ բուն թեմային:

Կոլխոզի ժողովում փոխանցիկ դրոշ ստացած բրիգադի առաջավոր տրակտորիստը ելույթն ավարտում է անգիր արած բառերով.

-Մեր մի ոտը սոցիալիզմի վրա է, էն մեկն էլ՝ կոմունիզմի: Կեցցե ՍՄԿԿ-ն, հընգերներ:

Կոլխոզնիկներից մեկը միամիտ-միամիտ հարցնում է.

-Բա չուրի ե՞րբ ենք սենց ճողված մնալու:

Նույն «ճողված» վիճակում այսօրվա Հայաստանն է, մի ոտքը՝ ԵԱՏՄ-ի վրա, մյուսը՝ ԵՄ-ի: Նույն «միամիտ» հարցն էլ, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, լրագրողներից մեկն ուղղեց «ՍՄԿԿ»-ՔՊ-ի առաջնորդ նախկին լրագրողին. «Երկա՞ր ենք մնալու էս ճողված վիճակում»: Հարցն, իհարկե, հենց այս ձևակերպմամբ չհնչեց, սակայն բովանդակությունն էր նույնը, ինչին հետևած պատասխանն էլ ցնցող էր իր գեղցիական ջրիկությամբ ու անլրջությամբ: Նախ՝ բանաձևեց, թե ինչ է ԵԱՏՄ-ն: Եվրասիական տնտեսական միությունը, ըստ նրա, չորս սկզբունք է՝ ապրանքներ, ծառայություններ, աշխատուժ և ֆինանսների ազատ հոսք: Էդ հոսքը կարող է մեկ ամիս չլինել, երկու ամիս չլինել, քար ճաքի՝ երեք ամիս, բայց եթե չորրորդ ամսում էլ չկա ֆինանսների հոսք, ուրեմն խնդիր կա: Եթե էդ խնդիրը կա, ուրեմն, ԵԱՏՄ չկա: Եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մե՞նք ինչ անենք: Է, չկա՝չկա, չի լինի՝ չի լինի…

Եվ սա կառավարության ղեկավարի խոսք է մի խնդրի վերաբերյալ, որը հենց այս պահին, գյուղմթերքի իրացման ամենաեռուն շրջանում, բառացիորեն կաթվածահար է արել և՛ արտադրողների, և՛ բեռնափոխադրողների, և՛ իրացնողների գործը՝ սպառողների խնդիրներն էլ մի կողմ:

«Չկա՝ չկա, մե՞նք ինչ անենք»-ի անտրամաբանությամբ էլ երկիր են ղեկավարում՝ հենվելով ճողված վիճակում օդում կախված ոտքերից մեկի վրա:

ԵԱՏՄ չկա, Եվրամիություն հո՞ կա, ռուսների ինադու կօգնեն, կհեշտացնեն հայկական միրգ-բանջարեղենի, հատապտուղների ու ծաղիկների մուտքը եվրոպական շուկա: Բան չմնաց, հուլիսի 1-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան կգա, խորհրդանշական ծիրանի հետ նկարված տիկին Կոսի հետ, բոլոր հարցերը կլուծեն, ռուսներին իրենց վատությունը կմնա, մեկ էլ՝ անհայկականծիրան ռուսական ամառը:

Դե, գյուղմթերք արտադրող հայ մարդ, ձգիր գոտիդ, մինչև ֆոն դեր Լայենը գա, ցամաքած առուն էլ ջուր բերի՝ եվրոյի տեսքով: Չմոռանաս Աստված էլ կանչել, որ ծիրանն ու մյուս բարիքները մինչ էդ չփչանան: Չնայած, էդ էլ ողբերգություն չի, ըստ ՔՊ վարչության պետի՝ բոլորի տներում էլ փչացող ծիրան կա:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ