Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Աշխարհը գնում է հզորների շուրջ ազդեցության զոնաների կառուցման ուղղությամբ

Աշխարհը գնում է հզորների շուրջ ազդեցության զոնաների կառուցման ուղղությամբ
17.01.2026 | 15:18

Աշխարհաքաղաքականության ընթացիկ պրակտիկան ցույց է տալիս, որ աշխարհը գնում է հզորների շուրջը ազդեցության զոնաների կառուցման ուղղությամբ, մի բան, որի հաջողությունը պետք է հիմնված լինի ուժային հիերարխիաների ներսում և դրսում գործող օրինաչափությունների վրա։

Մարդկությանը սպասող խոշոր տնտեսաքաղաքական բլոկային քաղաքականությունը ենթադրում է, որ ամեն մի առանձին վերցրած ուժային բլոկ պետք է իրենից ներկայացնի պետությունների մի կոալիցիա, որի կենտրոնում որևէ գերհզոր պետություն է, և որն էլ իր հզորությամբ բազմապատիկ գերազանցում է առանձին-առանձին մյուսներին։

Նման կոալիցիայի երկրներին միավորում են տնտեսական շահերն ու անվտանգությունը, իսկ ձգողության կենտրոն ամենահզորն էլ իր վրա է վերցնում նաև ընդհանուր կառավարման կամ մենեջմենթի ֆունկցիան։

Նման կոալիցիաների տիպական օրինակներ են ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը, այդպիսին է եղել նաև ԽՍՀՄ-ը և այլն։

Ընդհանրապես, ցանկացած կոալիցիայի գործունեության որակը չափվում է որոշակի չափանիշներով, ներառյալ՝ կայունությունը, էֆեկտիվությունը և այլն, որոնց ապահովման համար կարևոր է պատասխանատվության ու սուվերենիտետի ռացիոնալ բաշխումը կոալիցիայի անդամների միջև։

Նման և կոալիցիաների գործունեության հետ կապված այլ կարևոր հարցերի քննարկման ժամանակ կենտրոնականը դառնում է ուժային կենտրոնի էֆեկտիվության և պատասխանատվության հարցը, որը կարող է քննարկվել մենեջմենթի տեսության հայտնի դրույթների օգնությամբ։

Իսկ այդ տեսության ամենահիմնական դրույթներից մեկն ասում է, որ ցանկացած գործում հաջողության ամենահիմնական գրավականը մենեջմենթի գործունեության որակն է, վերաբերի դա որևէ կազմակերպության, կուսակցության, նախագծային խմբի, թե երկրների կոալիցիայի։

Այս բոլոր դեպքերը հիերարխիկ կառուցվածքներ են, որոնք իրարից տարբերվում են իրենց գործունեության մեջ ուժային գործոնի տարբեր չափերով։

Այս իմաստով երկրների այնպիսի կոալիցիաները, ինչպիսին է մեզ ավելի շատ հետաքրքրող ՀԱՊԿ-ը, տիպական ուժային հիերարխիկ կառուցվածք է, որի գոյության հիմքը, ինչպես իր ժամանակին ԽՍՀՄ-ի գոյության հիմքը, Ռուսաստանն է, դրանից բխող մենեջերային, ուժային, էֆեկտիվության ու պատասխանատվության հետ կապված բոլոր հարցերով։

Իսկ եթե հարցը ավելի կոնկրետացնենք և քննարկումը տանենք Արցախի և, հիմա էլ, արդեն Հայաստանի իրավունքների ու շահերի ոտնահարման ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ այս հարցում Ռուսաստանը ունեցել է և ունի կենտրոնական դեր։

Եթե այս հարցում մի կողմ ենք դնում մեր ակնհայտ սխալներն ու աշխարհի գործերից բան չհասկացող պահվածքը, ապա բնական հարց է առաջանում, որ եթե կոալիցիայի շարքային անդամը, իմա՝ Հայաստանը, ինչ-որ սխալ էր անում, ինչպես հիմա պնդում է ռուսական կողմը, ապա այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ մենեջերը այդ սխալը չէր ուղղում, որն իր անմիջական պարտականությունն էր։

Թե՞ այդ սխալը չուղղելը ձեռնտու էր հենց մենեջերին, և այս հարցի արմատները գնում են դեպի ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներ։

Այդ ժամանակ ի՞նչն էր պատճառը, որ Գորբաչովի կողմից ղեկավարվող կենտրոնը Սումգայիթի և Բաքվի հանցագործությունների հեղինակներին ու կատարողներին հավասարեցնում էր նրանց զոհերի հետ։

Գուցե դրա նպատակը խորհրդայինը քանդելն էր, որը հեռու չէր Գորբաչովից ու նրա նեղ շրջապատից, կամ էլ, պարզապես, անճարակությունը՝ մենք դա չգիտենք։

Բայց նաև տեսնում ենք, որ նման մի բան կրկնվեց նաև Արցախի հարցում, երբ ՀԱՊԿ-ի անդամի շահերը ավելի երկրորդական դուրս եկան, քան՝ դրա հետ կապ չունեցողինը։

Եվ եթե մենք շարունակենք նման կրիտիկական հարցերի քննարկումը, ինչպես միշտ, հետին պլան մղել, ապա նոր քայլեր անելը, հնի նման, կլինի ոչ էֆեկտիվ, այն էլ՝ մեղմ ասած։

Այս ամենի հետ անուրանալի է նաև այն փաստը, որ Ռուսաստանը բազմաթիվ ժողովուրդների կյանքում ունեցել է շատ մեծ քաղաքակրթական դեր՝ հանելով նրանց միջնադարից և տանելով դեպի ժամանակակից կյանք։

Մյուս կողմից էլ, Ռուսաստանից նորանկախ թույլ պետությունները ցույց տվեցին, որ նրանք պիտանի չեն ինքնուրույն կյանք վարելու համար և նրանց ժողովուրդների կյանքի որակը ավելի բարձր էր ԽՍՀՄ-ի կազմում եղած ժամանակ։

Իսկ մեր ձախլիկ ղեկավարներն էլ պետք է հասկանան, որ անկախությունը չի նշանակում իրենց համար իշխանավայել ու փառահեղ կյանք, ժողովրդի համար էլ՝ անտերություն։

Ավելացնեմ նաև, որ ես մեր ապրելու միակ շանսը շարունակում եմ տեսնել ռուսների հետ, այն էլ, եթե միայն նրանք ստեղծված իրավիճակում իրենց ազգային քաղաքականությանը տան մի քիչ այլ երանգ, քան այն ԽՍՀՄ-ում էր և, ռազմականից բացի, դառնան նաև ունիվերսալ տեխնոլոգիական լիդեր։

Մասնավորապես, 20-րդ դարի ընթացքում ռուսական պետության երկու անգամ կոլապսը, 1917-ին և 1991-ին, խոսում է այն մասին, որ ունիվերսալ գերտերություն լինելու համար ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել գոյության ստրատեգիական կողմին, քան թե ուրիշների ստրատեգիական պլանների դեմ պայքարել զուտ տակտիկական միջոցներով ու զոհերի մեծ թվով։

Միայն ռացիոնալ կառուցվածքով ունիվերսալ գերտերություն Ռուսաստանը կունենա համապատասխան ձգողական ուժ, նոր պայմաններում տնտեսաքաղաքական հզոր բլոկի կորիզ դառնալու համար, իսկ մյուս ժողովուրդներն էլ, պահպանելով հնարավորինս մեծ սուվերենություն, միայն կշահեն դրանից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ