ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Իրավիճակը, որում հայտնվել ենք ազգովի, միջակությունն ու գորշությունը պաշտող զանգվածների մեջ պետք է փնտրել

Իրավիճակը, որում հայտնվել ենք ազգովի, միջակությունն ու գորշությունը պաշտող զանգվածների մեջ պետք է փնտրել
30.01.2026 | 11:43

Մեր ժողովրդին սպառնացող ամենամեծ չարիքը կառավարման համակարգում, իշխանական վերնախավում, կուսակցություններում ծվարած, բույն դրած գորշությունն ու միջակությունն է։

Գորշությունը ծնում է մարդկության համար ամենամեծ չարիքը` նախանձ ու ատելություն, որի արդյունքում էլ ծնվում են ամենաստոր մարդկային արարքները։ Գորշությունն արգելափակում է անհատների ու հանճարների զարգացումը, գորշության պայմաններում է մեռնում գեղեցիկը, սերը, ստեղծագործական միտքը։ Գորշ ու ցածր խավերի մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում անհետանում է անհատականությունը՝ եսը, որպես այդպիսին։

«Իշխանության եկած գաճաճները հսկաներին են ասպարեզից հեռացնում, որպեսզի իրենք մեծ երևան»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը։

Շատ վտանգավոր է երկրի ու ժողովրդի համար, երբ գորշերն են իշխանության ու քաղաքական համակարգում դառնում թելադրող։

Աղետ է լինում երկրներում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ, երբ ապաշնորհները, միջակներն ու գորշերն են իշխանության։ Եվ որպեսզի իրենք չխամրեն, չկորչեն, չանհետանան ու չանէանան երևելիների մեջ, ամեն հնարավոր բան անում են գլխատելու երևելիներին ու անհատականություններին, փորձում են ոչնչացնել արժանավորներին, ուժեղներին, գեղեցիկը, առաքինին ու ազնիվը։

«Որքան ավելի ազնիվ է մարդը, այնքան ավելի շատ են նրան փորձում ապականել, ստիպել դառնալ շատերից մեկը։

Որքան ավելի պայծառ է անհատականությունը, այնքան ավելի շատ են փորձում նրան գունափոխել

Որքան ավելի մաքուր է մարդը, այնքան ավելի են փորձում նրան զրպարտել։

Որքան ավելի արժանավոր է մարդը, այնքան ավելի են փորձում նրան ծաղրել։

Որքան ավելի ուժեղ է անհատականությունը, այնքան ավելի են նրանք այն կոտրում։

Որքան ավելի ուժեղ է անհատականությունը, այնքան ավելի են նրան փորձում ցնցել։

Որքան ավելի խելացի է մարդը, այնքան ավելի են փորձում նրան վիրավորել։

Եվ դուք՝ եղեք արտահայտիչ, պայծառ, մաքուր, արժանապատիվ, հաստատակամ, ուժեղ, խելացի և թույլ մի տվեք, որ ոչ մեկը չկարողանա ձեզ գորշ դարձնել, ցեխի մեջ ոտնակոխ անել, նվաստացնել, կոտրել, ցնցել կամ վնասել։ Ցածր մարդիկ էլ շատ փոքր են բարի ու լավ գործերի համար, բայց շատ մեծ են և փափագում են վատ ու ստոր գործերի համար»,-. գրել է ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ջուլիանա Վիլսոնը։

Միջակությունները , որոնք հանգրվանում են կուսակցություններում ու իշխանական համակարգում և որպես կանոն ծառայամիտ են, չունեն իրենց սրբությունները, գաղափարական սկզբունքներն ու դավանանքը, երբևէ չեն ունենում կայուն ու հաստատուն կարծիք, ընդունակ չեն արարելու, ստեղծագործելու, նրանք կարող են միայն սպառել թալանել ու շահագործել։ Նրանք նպատակահարմարությունից ելնելով հաճախ են կուսակցություն, ճամբար կամ գաղափարական դավանանք փոխում։ Այդ խավի համար էլ կարիերա անելու գլխավոր հատկանիշներն են անպատկառությունը, պնդաճակատությունը, սեփական կարծիք չունենալն ու անամոթությունը։ Նրանց համար կարևորը ձևն է, այլ ոչ թե բովանդակությունը, կեղծ արժեքներն են և ոչ թե իրական արժեքները։ Հանուն շահի ու փառքի պատրաստ են ցանկացած ստորաքարշության, ուրացման, դավաճանության ու քծնանքի, լավ և հեշտ ապրելու ու իշխանական կերատաշտին մոտ լինելու համար։ Այդպիսիներն էլ հարմար են իշխանությունների համար, նրանք չունեն սկզբունք, արժանապատվություն և հետևապես հեշտ կառավարելի են։ Նրանք որպես կանոն որևէ ոլորտում կամ մասնագիտության մեջ կայացած չեն, չունեն հմտություններ ու ստեղծագործելու ու արարելու ունակություններ, որոնց հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է։

«Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ... Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են... Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...»,- գրել է Հովհաննես Թումանյանը։

Երբ մարդիկ հայտնվում են ամբոխի կարգավիճակում, կամային և ինտելեկտուալ ցածր մակարդակի պատճառով նրանց ղեկավարում են ոչ թե բանականությունը, այլ ավերիչ բնազդները։

Կեղծ ժողովրդավարության ու խաբեության միջոցով իշխանության եկած ամբոխի ներկայացուցիչները հասարակական կյանքը գնալով աշխարհի շատ երկրներում ավելի շատ են դառձնում կախված զանգվածներից, ինչը արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել։

Պլատոնն էլ ասում էր.

«Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։

Անկախության տարիներին և առավելապես 2018թ. օտարների կողմից բերված իշխանություններն էլ կրում են իրենց վրա անշուշտ գորշության փոշին, սակայն նրանց պետք չէ շփոթել զուտ կուսակցություններում հանգրվանած միջակների ու գորշերի հետ, նրանք դասական ազգուրացներ ու հայրենադավներ են, որոնք բերվել են Հայաստանը կործանելու համար, որի նախադրյալները հետևողականորեն ստեղծվեցին այս 8 տարիների ընթացքում` ազգը բարոյազրկելու, այլասերելու, պետական ինստիտուտներն ու եկեղեցին արժեզրկելու, անվտանգային ու կրթական համակարգը փլուզելու, ցածրարժեք մշակույթ մատուցելու, հայաստանյան ժողովրդին ու սփյուռքը պառակտելու և այլ ապապետական ու ապազգային քայլերի իրականացման միջոցով։ Իսկ այս իրավիճակը, որում հայտնվել ենք ազգովի, մեծ հաշվով, միջակությունն ու գորշությունը պաշտող զանգվածների մեջ պետք է փնտրել։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ