Ամեն օր մի նոր ցավ մեխվում է մեր հիվանդ խղճին։
Աշխարհի ամենազզվելի հայը՝ այն միակը, որին չէր կարելի թույլ տալ անգամ մոտենալ իշխանությանը, դարձել է մի լկտի բռնապետ և անում է ամեն ինչ՝ մեր սիրելի Երկիրը վերացնելու, ժամանակակից թուրքական կալվածքի վերածելու համար։
Արևմտյան և քաղաքակիրթ կոչվող աշխարհի աչքերի առաջ հերթով ձերբակալվում են ընդդիմության բոլոր ղեկավարներն ու ակտիվ գործիչները։ Մի օր դատարանում Արմեն Գրիգորյանն է մահանում։ Այսօր կալանավայրում մահանում է ինձ անծանոթ մեկ այլ երիտասարդ գործիչ՝ Արսեն Գևորգյանը։ Խաղաղ պայմաններում տասնյակներով զինվորներ են մահանում, ինքնասպան լինում կամ այրվում փայտաշեն տնակում։ Թուրքը՝ զինված, հասնում է Շաքի ու վնասում հայուհի մայրիկին և նրա զավակներին։
Բայց ծափահարող, անուղեղ զանգվածը շարունակում է ծափահարել իր կուռքին։ Եվ մեր հիվանդ խիղճն անդրդվելի է, անխոցելի, անհաղթահարելի թմբիրի մեջ։
Հիմա էլ այս բռնապետը թիրախավորել է փոքրիշատե առողջ Սփյուռքը և իր թավշյա կրոնավարակը արտահանում է այն համայնքներ, որոնք Արցախաշունչ էին, հայրենապաշտ։
Ի՞նչ է կատարվում մեզ հետ։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, որ պարտությունը դարձավ պերմանենտ։ Ինչպե՞ս եղավ, որ հայի տղամարդ տեսակը հօդս ցնդեց, դարձավ պանդոկացավ, պանդոկապաշտ ու քաղքենի։ Այս ի՞նչ կատարվեց նոյեմբերի իննին, որ տվեցինք, տալիս ենք ու շարունակում ենք ապրել կռացած։
Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան մենք ունեցել ենք փայլուն հաղթանակներ, սակայն չկարողացանք Երկիրը դարձնել ազատ, անկախ և առողջ տնտեսություն ունեցող պետություն։ Չկարողացանք ձևավորել ազատ, անկախ, առողջ հայ մարդուն։
Մեր սխալներն այնպիսին էին, որ վիժեցինք Նիկոլ Փաշինյանի նման մեկին, ով պատրաստ է հինավուրց մի ամբողջ երկիր ու ազգ դնել զոհասեղանին՝ հանուն սեփական բարօրության։
Եվ Նիկոլական այս զանգվածներին էլ մենք ենք դաստիարակել՝ 1988-ից մինչև 2018 թվականն ընկած անկախության երեսուն տարիների ընթացքում։
Ես այս մասին արդեն բազմաթիվ անգամ ասել եմ։ Նիկոլ Փաշինյանը մեր թողտվությունների արգասիքն է, մեր սխալների արդյունքում առաջացած մի սահմռկեցուցիչ մարդ-երևույթ, որի ընթացքը կանգնեցնելն արդեն ամենամեծ հիմնահարցն է հայկական իրականության մեջ։
Մենք պարտություն ապրեցինք։ Պարտությունը միանգամայն անսպասելի երևույթ էր, որը ահագնացող համավարակի նման կախվել է մեր ժողովրդի վզին և շարունակում է լափել մեր ինքնության ու առողջ գիտակցության վերջին պատառիկները։
Եթե Հայաստանի բնակչության կեսին էլ բանտ նստեցնեն, մյուս կեսը ծափահարելու է։ Եվրոպան, Արևմուտքը ծափահարելու են Նիկոլ Փաշինյանին։ Լոկ այն պատճառով, որ նա Ռուսաստանի դեմ է։ Աշխարհը թքած ունի հայ ժողովրդի կենսական խնդիրների, նրա ապահովության վրա։ Աշխարհին հակառուսական մի նոր երևույթ է պետք, նոր Սահակաշվիլի, և դա Նիկոլ Փաշինյանն է։
Հայաստանի Հանրապետությունը դեռևս ամբողջ հայ ժողովուրդը չէ։ Մեր ժողովրդի ընդամենը մի փոքր մասն է ապրում Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Իսկ կազմակերպված Սփյուռքը բազմաշերտ, բազմագույն ու բազմաբովանդակ մի երևույթ է։ Դա ազգային մի հսկայական օրգանիզմ է, որտեղ հայերը սերնդե սերունդ կարողացել են ձևավորել և պահպանել իրենց լեզուն, եկեղեցին, դպրոցն ու կրթական ավանդույթները, սեփական մշակույթը, ծնել ու առաջ բերել իրենց հերոսներին, անգամ՝ նահատակ հերոսներին, ձևավորել պատմական հիշողություն և մասնակցել Արցախյան ազատագրական պայքարին։
Այս համաշխարհային Սփյուռքը, որպես կենսունակ ու առողջ օրգանիզմ, գոյատևել է ավելի քան մեկ դար։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ավերել նաև այդ կառույցը՝ այն տանելով դեպի համաձայնողականություն և պարտվողականություն։ Փորձում է Սփյուռք արտահանել այն նույն քաղաքական ու բարոյական մոդելը, որը պարտադրում է Հայաստանին։
Ես հենց այս ամենին եմ կտրականապես հակադարձում։
Ուզում եմ մի բան հստակեցնել. ես աշխատում եմ չքննադատել բանտերում տառապող ընդդիմությանը։ Հասկանում եմ, որ ինքս էլ այդ ընդդիմության մի մասնիկն եմ, որ նրա բոլոր անհաջողությունների, բացթողումների ու սխալների պատասխանատվության մի բաժինն ընկնում է նաև ինձ վրա։ Եթե ես մեղադրում եմ ընդդիմությանը, ապա այդ մեղադրանքի հասցեատերերից մեկը նաև ես եմ։
Սակայն մյուս կողմից հասկանում եմ, որ ընդդիմությունն ինքն էլ չի կատարում իր առաքելությունը։ Այն չի կարողանում ձևակերպել իր հստակ ու ամբողջական ասելիքը, չի ձևավորում ազգային-ազատագրական պայքարի ոգի, չի ներկայացնում հայ ժողովրդի՝ ժամանակակից աշխարհում ապրելու տեսլականը։
Չի կարողանում ժամանակներից առաջ անցնել։ Չի կարողանում հայ ժողովրդին համախմբել իրական ազգային արժեքների շուրջ։ Այսպիսի ընդդիմությամբ պարզապես փողոցով իշխանության եկածին իշխանությունից հեռացնել չես կարող։ Ընդհանրապես։
Այս ընդդիմության ամենաթույլ կետը, նրա իսկական աքիլեսյան գարշապարն այն է, որ նա կորցնելու բան ունի։
Մեզ պետք են այնպիսի առաջնորդներ, որոնք կարող են բարիկադների վրա հրաբխի պես բոցավառվել ու արևներ վառել։ Այնպիսի գործիչներ, որոնք կորցնելու ոչինչ չունեն, որոնք կարող են մարդկանց համախմբել իրենց շուրջը՝ համարյա վարակիչ ուժով։
Այսօր ընդդիմությունը սկսում է միավորվել, Սահմանադրության պաշտպանության շուրջ քայլեր ձեռնարկել։ Ես դա ողջունում եմ։
Սակայն կարծում եմ, որ այսօր մեր քաղաքական սեղանին դրված ամենամեծ հարցը Սյունիքի հարցն է։ Սյունիքի հայաթափման վտանգը, նրա էլիտաների պարտվողականության դրսևորումները։
Եթե մենք կորցնենք Սյունիքը, ապա կվերածվենք մի փոքրիկ քաղաք-պետության։ Եվ դա աշխարհում բոլորին ձեռնտու է լինելու։ Դրան ծափահարելու են բոլորը։
Մնալու է մի Երևան կոչվող ռեզերվացիա, որտեղ հայերը գոյություն են ունենալու ասես թանգարանային նմուշներ։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է սա։
Ահա՛ սա է մեր հիմնախնդիրը։
Մեր առջև ծառացած խնդիրներից մեկն էլ հների ու նորերի, արևմտամետների և ռուսամետների միջև եղած հակադրությունն է։ Հները ընկալվում են որպես ռուսամետ, նորերը՝ որպես արևմտամետ։ Մինչդեռ հայ ժողովուրդը կարող է միաժամանակ լինել և՛ արևմտամետ, և՛ ռուսամետ։ Հայաստանի դիրքն այդպիսին է եղել դարեր շարունակ։ Հայաստանը դարեր շարունակ ունեցել է այս երկու ուղղությունների միջև հավասարակշռություն պահպանելու խնդիրը։
Մենք պիտի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որի խորհրդարանում այդ երկու ուղղությունները՝ որպես կուսակցությունների գաղափարական հոսանքներ, կարողանան մրցել ու մրցակցել։ Արդյունքում կստեղծվի մի տեսակ ներքին այրման շարժիչ, որը կաշխուժացնի հայ ժողովրդի քաղաքական միտքը և կձևավորի նրա ապագան։
Հայ ժողովուրդը չի կարող լինել բացառապես արևմտամետ։ Հայ ժողովուրդը չի կարող լինել բացառապես ռուսամետ։ Բայց հայ ժողովուրդը կարող է և պարտավոր է լինել հայամետ՝ ինքն իր հետ, ինքն իր խնդիրների շուրջ, իր ապագայաբանությամբ տարված ու ոգեշնչված։
Շարունակելի
Դավիթ Վանյան