Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒ՞ր մնացին Ռուսաստանի փլուզման կանխատեսումներն ու արևմտյան երաշխիքները

ՈՒ՞ր մնացին Ռուսաստանի փլուզման կանխատեսումներն ու արևմտյան երաշխիքները
22.11.2026 | 11:52

Որտե՞ղ մնացին, հարգելի՛ արևմտամետներ ու ռուսատյացներ, հրճվանքով ուղեկցվող ձեր կանխատեսումները վերահաս փլուզվող ու կործանվող Ռուսաստանի մասին, և Արևմուտքի հետ ձեր խոստացած հիանալի ապագան ու անվտանգության երաշխիքները…
«Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու,
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…»
— Հովհաննես Թումանյան
Ձեր կանխատեսումներին հակառակ՝ ունենք ավելի հզոր ու միջազգային աննախադեպ բարձր հեղինակություն ունեցող Ռուսաստան և թուլացած, հեղինակազրկված ու աշխարհաքաղաքական գործընթացների լուսանցքում հայտնված Եվրոպա։ Իսկ Ռուսաստանը հաղթում է, որովհետև կռիվ է տալիս մարդկության փրկության համար՝ ֆաշիստական ու գլոբալիստական չարիքի, ժողովուրդների գաղութացման, ստրկացման, աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու ու հրահրվող պատերազմների, այլասերման, բարոյազրկման ու ազգային արժեքների խեղաթյուրման դեմ։
Սիրելի՛ ժողովուրդ, եկեք մտովի համեմատենք, թե ով էինք Ռուսաստանի հետ՝ որքան տարածք էինք զբաղեցնում, ինչպիսի արժեքային համակարգ էինք դավանում, ինչպիսի կրթություն, գիտություն, տնտեսություն ու մշակույթ ունեինք, ինչպես էր պաշտպանված մեր անվտանգությունը, և թե ինչպիսին ենք ու որտեղ ենք անկախանալուց և արևմտյան կողմնորոշում որդեգրելուց, նրանց արժեքները դավանելուց, Ռուսաստանին մեզանից վանելուց ու Արևմուտքի հետ ապագայի հույսեր կապելուց հետո։ Իսկ Ռուսաստանից հեռանալու և արևմտամետության արդյունքում ունենք բարոյազուրկ, թշվառ, նվաստացած ու այլասերված մարդկանց մեծաքանակ զանգվածներ, ունենք կորսված Արցախ ու հանուն ոչնչի տրված հազարավոր մարդկային զոհեր, փլուզվող անվտանգային համակարգ, գիտություն ու կրթություն, արժեզրկված պետական ինստիտուտներ, ցածրաճաշակ մշակույթ, կորսված ինքնիշխանություն ու միջազգային հեղինակություն։
Ռուսաստանն էլ, սիրելի՛ արևմտամետներ, ձեր կանխատեսումներին հակառակ՝ արի ու տես, որ ոչ միայն չփլուզվեց ու չքայքայվեց, այլև ավելի հզորացավ. ավելի աճեց Ռուսաստանի վարկը, միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը, ինչի առհավատչյան է նույնիսկ պատժամիջոցների ու պատերազմի պայմաններում 5–7% տնտեսական աճի ապահովումը, 50-ից ավելի երկրների հետ հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը, ԲՐԻԿՍ-ի կայացումը, Պուտին–Թրամփ բարձր մակարդակի հանդիպման դրական արդյունքներն Ալյասկայում և վերջապես՝ չինական Շենչժեն քաղաքում աշխարհի երեք գերհզոր տերությունների շարքում պատվավոր տեղ գրավելը։
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ օգուտ պետք է լիներ հայ ժողովրդին ու Հայաստանին, հարգելի՛ արևմտամետներ, Ռուսաստանի փլուզումից, որ այդքան ոգևորությամբ ու չարախնդությամբ էիք խոսում այդ մասին ու անհամբեր սպասում դրան։ Եվ մի՞թե դուք չգիտեիք, որ Ռուսաստանի փլուզման դեպքում առաջին տուժողներից մեկը հենց Հայաստանը կլիներ (ինչպես տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ). Հայաստանը հենց առաջինը կտուժեր դրանից, կմնար անպաշտպան, կմնար փլուզվող Ռուսաստանի փլատակների տակ, քանի որ Ռուսաստանի հովանու ներքո է նախևառաջ հնարավոր Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պետականության ու ինքնիշխանության գոյությունը։ Չպետք է մոռանանք, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան էլ Հայաստանի կազմաքանդված անվտանգության պայմաններում անկախության, ինքնիշխանության ու մեր բնօրրանում գոյատևման հիմնական երաշխավորն ու պաշտպանն է։
Եվ մի՞թե արժեր կերատաշտին մոտ լինելու, դրամաշնորհների միջոցով անաշխատ ձևով՝ առանց քրտնելու փող աշխատելու համար ծախվել Արևմուտք կոչվող սատանային, ձեր իսկ ժողովրդին մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցել ու թշնամացնել մեր բարեկամի ու դաշնակցի հետ։ Մի՞թե դուք չգիտեիք, թե ինչ անվտանգային սպառնալիքներով ու տնտեսական ճգնաժամով կարող է դա հղի լինել Հայաստանի համար։ Հավանաբար արևմտամետներից շատերն առաջնորդվում են այն հայտնի ժողովրդական իմաստության սկզբունքով, թե՝ «Չորանում է՝ չորանա, ինձ ինչ օգուտ՝ զորանա. միայն կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ»։
Իսկ Ռուսաստանի հետ, ուզենք թե չուզենք, մեզ կապում են աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական, պատմական, էթնիկական ու կրոնական ընդհանրություններն ու փոխադարձ շահերը։ Փոխանակ վարելու հավասարակշռված, խոհեմ քաղաքականություն և զուգակցելու մեր տարածաշրջանով հետաքրքրվող երկրների շահերը մեր շահերի հետ՝ գնացինք վատագույն սցենարով՝ շահեր ունեցող երկրների միջև հակամարտության խորացման ճանապարհով՝ Հայաստանը դարձնելով կռվախնձոր։
Եվ ո՞ւր մնացին ձեր խոստացած ու այդքան շահարկված արևմտյան ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, անվտանգության արևմտյան երաշխիքները։ Միգուցե դրանք Արևմուտքի ձեռամբ կործանված Արցախում կամ էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկված արցախցիների, կամ էլ կալանավորված ու պատանդ պահվող քաղբանտարկյալների մե՞ջ պետք է փնտրել։ Իսկ միգուցե Պաղեստինո՞ւմ, Սիրիայո՞ւմ, Աֆղանստանո՞ւմ, Իրաքո՞ւմ կամ Բալկաններո՞ւմ, միգուցե Վրաստանո՞ւմ, Հայաստանո՞ւմ, իսկ ամենաթարմն էլ՝ Ուկրաինայո՞ւմ ու Իրանո՞ւմ։ Այդ երկրներից շատերը հասան քայքայման եզրին, խեղվեցին միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, հարյուր հազարավորները սպանվեցին, միլիոնավորները՝ տուն ու օջախ կորցրած, դարձան գաղթական։ 20-րդ դարի ֆրանսիացի համաշխարհային ճանաչում ունեցող գրող Ռոմեն Ռոլանն էլ ասել է. «Պատերազմին, որպես ծայրահեղ միջոցի, ձգտում են միայն սնանկ պետությունները։ Պատերազմը պարտվող և հուսահատ խաղացող խաբեբաների ու խարդախների վերջին հաղթաթուղթն է»։
Ինչպես տեսնում ենք, 1915 թվականից այս կողմ Արևմուտքի փիլիսոփայության մեջ, ըստ էության, էական բան չի փոխվել։ Այսօր էլ արդիական են «Դանթեական առասպել» հանճարեղ պոեմում Հովհաննես Շիրազի արտահայտած այս խոսքերը.
«…Արևմուտքն՝ ինչպես պոռնի՛կդ անսահմա՛ն…»
Սա շատ դիպուկ է ասված Ուկրաինայում Արևմուտքի՝ «մինչև վերջին ուկրաինացին կռվելու» անբարոյական հայտարարության կապակցությամբ։ Իսկ Թումանյանն Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցության տակ, Արևմուտքից հիասթափված, իր հայացքն ուղղում է դեպի Արևելք՝ իր ժողովրդի և ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արևելքում։
Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի ժողովուրդներն անշուշտ հայ ժողովրդին բարեկամ ժողովուրդներ են. խոսքն անգլոսաքսոնական գլոբալիստական, ֆաշիստական, նացիստական ու շովինիստական քաղաքականության մասին է։ Արևմուտքը որոշ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), կազմակերպելով այսպես կոչված գունավոր հեղափոխություններ, իր քիթն է մտցնում ուրիշ երկրների ներքին գործերի մեջ և գլոբալացման, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ժողովրդահաճո արտահայտությունների անվան տակ՝ օգտագործելով ազգի տականքին, ձգտում է քայքայել այդ երկրները, այլասերել նրանց արժեքներն ու բարոյականությունը՝ աշխարհը մեկ կենտրոնից կառավարելի դարձնելու և աշխարհի ռեսուրսներին ու հարստությանը տեր դառնալու նպատակով։
Իսկ հիմա մենք մեր խելքից կանգնած ենք մի նոր Անգեղակոթի ու Էջմիածնի գաղտնի ժողովի գումարման փաստի առաջ, և միմիայն Ռուսաստանի կողմից ապաօկուպացման և ապագաղութացման միջոցով է հնարավոր Հայաստանի դուրսբերումը արևմտագլոբալիստաթուրքական կործանարար հորձանուտից։ Իսկ մենք, իրականության զգացումը կորցրած, գերտերություն հանդիսացող Ռուսաստանի ու տարածաշրջանում ամենահզոր երկրի կարգավիճակի արժանացած Իրանի նման բնական դաշնակիցներին թողած, անվտանգության երաշխիքներ ենք որոնում թուլացած, կեղծավոր, մեր երկրում ոչ մի անկեղծ շահ չունեցող, իր ազդեցությունը կորցրած և հեղինակազրկված Եվրոպայում ու Թուրքիայում, որտեղ դեռ վաղուց մեր ոչնչացումը, հայրենազրկումն ու պետության կործանումն են ծրագրել։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ