1516-ին իր «ՈՒտոպիայում» Թոմաս Մորը գրում էր․ «Ոչխարները կերան մարդկանց»։
Իսկ ներկայիս հայ գրականության հայտնի դեմքերից մեկը՝ Լևոն Ջավախյանը, վաղվա Հայաստանի համար կստեղծի իր կտավը՝ «Ազգային մաքրագործումը», ուր կփառաբանի արդարության վերականգնումն ու կարձանագրի․
«Ռուսատյացությունը կերավ թուրքի քամուց քշվածներին»։
Այդ աշխատությունը հարգանքի տուրք կլինի բոլոր նրանց, ովքեր 2018-ի գարնանից մինչև 2026-ի գարուն նյարդերի գնով դիմակայեցին ամենատարբեր թրքամեռների կեղտոտ հարձակումներին։
Ժամանակակից հայ արձակի ճանաչված դեմքն իր ապագա աշխատության վերջաբանում կարձանագրի՝ երբ դավաճանությունը ստանում է իր հստակ անունն ու պատիժը, ազգային արժանապատվությունը սկսում է բուժվել։
Համոզված եմ՝ գալու է այդ օրը, և գրվելու է հիշյալ գործը։
Դուք էլ չեք կասկածի, երբ համբերատարությամբ կարդաք այս հրապապակման շարունակությունը։
Խոսքս այն մասին է, թե ինչ պատահեց հետո, երբ Լևոն Ջավախյանը Facebook-յան իր էջում «համարձակվեց» զետեղել «Ես չեմ ուզում լինել Թուրքիայի շունը» վերտառությամբ հրապարակումն ու անկեղծորեն գրեց․
«Էս իշխանությունների ամենամեծ թշնամին Ռուսաստանն է»։
Իսկ վերջում էլ, ի հեճուկս փողի դիմաց մեկ երկարող, մեկ կարճացող ժամկետանց որոշ պրոֆեսորների, խոստովանեց․
«Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը»։
Սա ազգային արժանապատվության ցավոտ ճիչ էր այն իրականության մեջ, որտեղ հայ մարդուն վարժեցնում են թշնամու առաջ գալարվելուն, հանուն ինչ-որ միֆական «խաղաղության դարաշրջանի»։
Պատկերացնու՞մ եք, ինչ սկսվեց։
Ասեմ՝ իմանաք․ սոցցանցային տարբեր երանգավորում ունեցող ծակուռներից դուրս սողացին բացահայտ ու թաքնված շուրջ, չզարմանաք՝ 600-ից ավելի ռուսատյաց թրքամեռներ։
«Թավշյա» լոզունգներով սնվող անդեմ այդ ամբոխը կատաղի հարձակում սկսեց հայ մտավորականի դեմ։
Տեղ-տեղ փորձեց իր ազգի ճակատագրով մտահոգ գրողի համար «հայրնասիրություն և պատմություն» առարկայից համառոտ լիկբեզ կազմակերպել, հընթացս էլ պարզապես անպատվել ու հայհոյել։
Ո՞րն էր Լևոն Ջավախյանի «հանցանքը»։
Ընդամենն այն, որ համարձակվել էր իրերն անվանել իրենց անուններով։
Եվ հակառակ նրանց, ովքեր առանց ամոթի ժամանակ առաջ հայտարարել էին․ «Հայը ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ», Ջավախյանը մերկացրել էր թուրքական մարդակուլ ծուղակը, որի մեջ մեզ ներքաշել է ներկայիս ցինիկ իշխանությունը։ Նրա ձևակերպումը ոչ թե սոսկ էմոցիոնալ պոռթկում է, այլ աշխարհաքաղաքական սառը հաշվարկ, որը ներկայացված է ստեղծագործողին հատուկ անկեղծությամբ։
Երբ նա խոսում է «ռուսական ագենտի» և «թուրքի շան» միջև ընտրության մասին, ընդգծում է մեր տարածաշրջանի դաժան իրականությունը, որտեղ չեզոքությունը կամ «անկախության» մասին դատարկ հայտարարությունները հաճախ ընդամենը քող են՝ մի կախվածությունից մյուսին, ավելի կործանարարին անցնելու համար
Ջավախյանն իրեն հատուկ շիտակությամբ արձանագրում է մի պարզ ճշմարտություն՝ Ռուսաստանի շահը Հարավային Կովկասում պահանջում է ուժեղ և կայուն հենակետ։ Այդ շահը ոչ թե «սիրո» վրա է հիմնված, այլ սեփական սահմանների անվտանգության։ Հայաստանի համար սա նշանակում է շահերի համընկնում։ Երբ Ռուսաստանն այստեղ ամուր է, Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները սահմանափակվում են։
Ջավախյանի սթափ տրամաբանությամբ՝ լինել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը (կամ ինչպես հակառակորդներն են ասում՝ «ագենտը») նշանակում է պահպանել ֆիզիկական գոյությունը և ինքնությունը։
Անդրադառնանք հրապարակման ամենացավոտ ու խորքային դիտարկմանը։
«Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա։ Նրա գերագույն շահը ռուսներին այս տարածաշրջանից քշելն է։ Հայաստանը նրանք Հարավային Կովկասում, փաստորեն, դիտում են որպես մի յուրահատուկ սայթաքուն օճառ, որի վրա կանգնած է Ռուսաստանը»։
Գրողի՝ «սայթաքուն օճառի» այլաբանությունը խիստ է «թրթռացրել» ոմանց թրքասեր նյարդը։
Եվ նրանք կատաղել են, որովհետև Ջավախյանը Նոյան տապանի 5137 մետր բարձրությունից թքել է իրենց թուրքի շուն համարողների գետնած ճակատին՝ հակադարձելով․
«Արևմուտքը մեր տարածաշրջանի կիզակետում առկա է Թուրքիայի դեմքով»։
Հետևաբար, «դեպի Արևմուտք» գնալու կոչերը, առանց իրական երաշխիքների, ըստ էության, տանում են դեպի թուրքական ազդեցության գոտի։
Իսկ վիլայեթի վերածված տարածքում հայը չի կարող լինել դաշնակից․ կարող է լինել միայն հպատակ կամ, ինչպես արձանագրված է՝ «շուն»։
Ջավախյանի ասածի ենթատեքստն այն է, որ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում։ Ասել է՝ աշխարհաքաղաքականությունը չի հանդուրժում վակուում։ Եթե դու դուրս ես մղում մեկին, ով դարեր շարունակ եղել է քո անվտանգության համակարգի մաս (թեկուզ և իր կայսերական շահերից ելնելով), դու տեղ ես բացում նրա համար, ով քո գոյությունը համարում է պատմական սխալ։ Գրողը փաստում է՝ իրական ինքնիշխանությունը ոչ թե բոլորի հետ թշնամանալն է, այլ հզոր դաշնակցի հետ այնպիսի հարաբերություններ կառուցելը, որտեղ քո շահը դառնում է նրա համար անփոխարինելի։
Հետևաբար, շեշտում է Ջավախյանը, ռուսական կողմնորոշումը տվյալ իրավիճակում ենթադրում է զարկ տալ Հայոց ինքնությանը և ռազմական հզորությանը։
Ինչու՞։
Որովհետև Ռուսաստանին պետք է հուսալի և մարտունակ պատնեշ, այլ ոչ թե հոգեվարքի մեջ գտնվող հայազուրկ տարածք։
Իսկ թուրք-ադրբեջանական դուետին պետք է հենց հակառակը՝ ապազգայնացված, առանց բանակի և առանց եկեղեցու էրմենիստան՝ Էրիվան կենտրոնով, ինչն Աստծո ամեն օր աշխարհին հիշեցնում է Արցախը լափած, բայց այդպես էլ չմարսած Իլհամ Հեյդարովիչը։
Թշվառականին տանջում է մաշող-քայքայող «изжога»-ն։
Լևոն Ջավախյանի աշխարհաքաղաքականությունը հիմնված է գոյաբանական ռեալիզմի վրա։ Նա մերժում է «գունավոր» հեղափոխությունների բերած պատրանքները և հիշեցնում, որ քարտեզի վրա մեր հարևանները չեն փոխվել, իսկ պատմության դասերը դեռևս չեն սերտվել։
Նրա խոսքը պատասխան է այն ցինիկներին, ովքեր պատրաստ են զոհաբերել պետության ողնաշարը՝ հանուն օտարի անորոշ ժպիտների։
Ռուսատյացության քողի տակ թաքնված թրքահաճության ջատագովները փորձում են ցեխ շպրտել մի մարդու վրա, ով զգում է հողի ու արյան տագնապը։
Նրան մեղադրում են «ծախված» լինելու մեջ, բայց իրականում ծախվածն իրենք են՝ իրենց հանցավոր լռությամբ, կեղծ լիբերալիզմով և պատրաստակամությամբ՝ զոհաբերելու Եկեղեցին, Արցախն ու Հայոց պատմությունը հանուն, շուն դարձած վիճակով, կասկածելի ու ստորացուցիչ գոյատևման։
Նրանց ատելությունը Ռուսաստանի հանդեպ ոչ թե անկախության սեր է, այլ ուրիշի կամակատարը դառնալու հիվանդագին մղում։
Գրողն ազգի խիղճն է։
Լևոն Ջավախյանը գրող է և նրա գիրն ախտորոշելն է, դիմացինի իրական պատկերը հայելում ցուցադրելը։
Նա հստակ սահմանել է իր վրա հարձակվածներին հակահայ դրսևորումերի դրդող համախտանիշը՝ հոգևոր սնանկություն։
Նա չի խոսում կաբինետային տերմիններով, նա խոսում է ապրող ու ցավող մարդու լեզվով։ Նա տեսնում է, որ երբ թուրքի հրահանգով քանդում են 1725-ամյա Եկեղեցու հիմքերը, պատժում Արցախի մասին արտահայտվող պաշտոնյաներին, ոչ թե «առաջադիմություն» են բերում, այլ բացում են հայրենիքի դարպասները նրանց առաջ, ովքեր դարեր շարունակ երազել են աշխարհում թողնել մի հայ, այն էլ՝ թանգարանում։
Խիստ են կատաղել արձակագրի սոցցանցային էջը հայհոյանքներով ու լատինատառ տիղմով գրոհողները։
Եվ փորձում են «կծել» գրողին, որովհետև կատաղախտով տառապողների առջև իր հրապարակումը Ջավախյանը դրել է որպես ինքնատիպ հայելի, անհրաժեշտ թաքնագրով՝ թուրքին ծախված կորուսյալ հոգիներ, նայեք ուշադիր և տեսեք ձեր իրական արտացոլանքը։
Տեսել են։
Այդ իսկ պատճառով էլ ֆեյքային «մատյան գնդերը» փորձում են ջարդել հայելին։
Մինչդեռ Ջավախյանի տողատակերից սեփական մահախոսականն են կարդում․
«Է՜ փշրեք, միևնույն է, ձեր այլանդակ պատկերը չի փոխվելու։
Լռեցրե՛ք ազնիվ խոսքը, բայց աղետը դրանից չի կանգնելու։
Պիտակավորե՛ք մտավորականին, բայց պատմությունը ձեզ հիշելու է որպես սեփական երեխաների ապագան «պլյուս-մինուսով» սակարկողների։
Այսօր ընտրությունը քաղաքական չէ, այլ գոյաբանական։ Տեսակով հայ Լևոն Ջավախյանն ընտրել է Հայրենատեր Հայաստանը և ոչ թե այն ողորմելի վիճակը, որտեղ հայի ճակատագիրը որոշվելու է օտարի դռանը՝ շնական հնազանդությամբ։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ