«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ինչո՞ւ պետք է զգուշանալ կարգալույծ արված «հոգևորականներից»

Ինչո՞ւ պետք է զգուշանալ կարգալույծ արված «հոգևորականներից»
01.11.2026 | 11:36

Հոգևոր վտանգից և խաբեությունից պաշտպանված լինելու համար յուրաքանչյուր հավատացյալ պետք է իմանա, թե ինչ է իրականում կատարվում, երբ հոգևորականը կարգալույծ է արվում, և ինչու է նրա հետագա «քահանայագործությունը» համարվում ծանրագույն մեղք ու սրբապղծություն։
• Կարգալուծությունը պարզապես «թղթի վրա գիր» կամ աշխատանքից ազատում չէ․ Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով՝ կարգալույծ արվածն ամբողջությամբ զրկվում է քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից ու էությունից՝ դասվելով սովորական աշխարհականների շարքին։ Սա գրասենյակային կամ աշխարհիկ հարց չէ, այլ հոգևոր վճիռ, որով անձը կտրվում է Եկեղեցու մարմնից և առաքելական հաջորդականությունից։
• «Օծումն ինձ հետ է մնում» պնդումը կեղծիք է․ օծումը քահանայի անձնական սեփականությունը չէ, որ իր կամքով պահի (ձեռնադրության անջնջելիության գաղափարը Կաթոլիկ եկեղեցու 16-րդ դարի ուսմունք է և կապ չունի Հայ Եկեղեցու հետ)։ Ըստ Հայոց Կանոնագրքի և եկեղեցական հայրերի (Հովհաննես Արճիշեցի, Բաբկեն կաթողիկոս Կյուլեսերյան)՝ կարգալուծությամբ լուծարվում է նաև օծումը․ այն «կապվում» է և դառնում անգործունյա, քանի դեռ անձն ապաշխարությամբ չի վերադարձել Մայր Եկեղեցի։
• Կարգալույծի կատարած խորհուրդներն անվավեր են․ նրա կատարած «մկրտությունը», «պսակը», «պատարագը», «թաղման կարգը» կամ «մեղքերի թողությունը» հոգևոր, իրավական և միստիկ տեսանկյունից բացարձակապես անվավեր են։ Դրանք զուրկ են Սուրբ Հոգու շնորհից և պարզապես արտաքին դերասանական նմանակումներ (իմիտացիա) են, որոնց ժամանակ երկնքում ոչինչ չի արձանագրվում։
• «Դատարկ բաժակ»՝ Սուրբ Հաղորդության փոխարեն․ կարգալույծի մատուցած «պատարագի» ընթացքում նշխարն ու գինին չեն վերափոխվում Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան։ Հավատացյալը, կարծելով, թե հաղորդվում է Տիրոջը, իրականում ստանում է սովորական հաց ու գինի՝ մատուցված մի ապստամբ սրբապիղծի ձեռքով։
• Վերամկրտության և վերապսակման անհրաժեշտությունը․ ըստ եկեղեցական կանոնների՝ կարգալույծից «մկրտվածներն» ու «պսակվածները» իրականում մկրտված ու պսակված չեն (անգամ եթե նրանց որևէ վկայական է տրվել)։ Նրանց պարտադիր պետք է նորից մկրտել և նորից պսակել՝ օրինական քահանայի ձեռամբ։
• Սքեմ կրելն ու սրբություններին դիպչելը սրբապղծություն է․ կարգալույծն իրավունք չունի հոգևորականի զգեստ և լանջախաչ կրելու, խորան բարձրանալու և եկեղեցական սպասքին (Սկիհ, Ավետարան, Մյուռոնաման) դիպչելու։ Ներկայանալով որպես քահանա՝ նա դառնում է «ոչխարի զգեստով հափշտակող գայլ» (Մատթ. 7:15) և գիտակցաբար մեղանչում Սուրբ Հոգու՝ Ճշմարտության Հոգու դեմ։
Աստվածաշունչը դիպուկ է նկարագրում առանց Աստծո շնորհի գործող ինքնակոչների վիճակը, որոնց վրա անգամ չար ոգին է հոխորտում․ «Հիսուսին գիտեմ և Պողոսին ծանաչում եմ. բայց դուք ո՞վ եք» (Գործք 19:15)։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ