Չի՛ հոսում գետը Հրազդան,
Գետառը բետոնն է լուռ ծամում,
տղերքը՝ թաղերից այս ու այն
մնացին բետոնե անցյալում:
Մեկը այս քաղաքի դռներին
սգո սև ծաղիկներ է շարել,
էն երկրում կանաչող նռնենին
ասում է՝ ե՛ս էլ եմ շվարել:
Մեկ ամսից մի գարուն պիտի գա.
-Որտեղի՞ց,- հարցնում է մի աշուղ,
տարածվի՛ր գույներում անխնա,
Գետառը բետոնն է լուռ տաշում:
Մեկ ամսից քաղաքը կհոսի՝
ձայներով, թրթիռով՝ աջ ու ձախ,
ու տերը այս անհույս քաոսի
կօրորվի բետոնե պատից կախ:
Նորայր Գրիգորյան