Մարդիկ կան՝ ինչ-որ տեղ արդարացիորեն ասում են, որ ֆեյսբուքում գրելով հարց չի լուծվում: Սխալ չեն ասում, որովհետև ի՞նչ հարց պետք է երկրի մասշտաբով լուծվի ֆեյսբուքում գրելով: Լավագույն դեպքում այդ ֆեյսբուքում գրածները պետք է այնքան ասելիք և բովանդակություն ունենան, որ մարդիկ դրանք կարդալով մտածելու առիթ ունենան, գուցե նրանցից ոմանք փոխեն իրենց կարծիքը, գուցե նրանցից որոշները մոտիվացվեն և այլևս անտարբեր չլինեն, գուցե ոմանք նաև սկսեն պայքարել ինչ-որ բան փոխելու համար: Մի առումով դա քիչ բան չի, բայց, այո, դա հարց չի լուծում, երկրի մասշտաբով հարց չի լուծում:
Սակայն նայում եմ՝ այդպես գրողների մի զգալի մասը իրենց համարում են մանդատ վերցնողների աջակիցներ: Ես էլ իրենց հարց ունեմ տալու. մանդատ վերցնելով հարց լուծվու՞մ է, ՔՊ-ական լակոտ-լուկուտների հետ անբովանդակ լեզվակռվի մեջ մտնելով, ամբիոնից բոցաշունչ ելույթներ ունենալով, սրանց հանձնաժողովներում տեղ ունենալով երկրի մասշտաբով հարց լուծվու՞մ է: Եվ առհասարակ, ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անեն սովորական մարդիկ, որ հարց լուծվի: Իսկ գուցե ձեր դեպքում ավելի տրամաբանական կլինի, որ ավելի պահանջատե՞ր լինեք ձեր սատարած մանդատ վերցնողների նկատմամբ, քան՝ սովորական մարդկանց նկատմամբ: Թե չէ տպավորություն է, որ մանդատ վերցնողներն իրենց կոտորում են, ամեն ինչ անում են երկրում հարց լուծելու համար, մարդկանց հրավիրում են լուրջ պայքարի, այդ սովորական մարդիկ էլ չեն գնում, փոխարենը ֆեյսբուքում գրում են: Դուք ընդհանրապես չեք հասկանու՞մ, որ ինչքան դուք սուս մնաք, այնքան ձեր օգուտն է:
Ֆեյսբուքում գրելով հարց չի լուծվում, մանդատ վերցնողներին սատարելով՝ առավել ևս:
Մարդիկ կան, որոնք, ֆեյսբուքում գրելուց բացի, բոլոր ֆորմատներով պայքարել են, որ հարց լուծվի: Չի լուծվում, ա՛յ, թե ինչու՞ չի լուծվում՝ մի առանձին գրառում էլ դրա մասին կանեմ: Չնայած, այդ չլուծվելու պատճառներից մեկի մասին արդեն ասացի՝ շատ են նրանք, ովքեր ֆեյսբուքում գրում են, որ ֆեյսբուքում գրելով հարց չի լուծվում:
Արամ Աբաջյան