Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հայրենիքը եռաշերտ դրսևորում ունի՝ նյութական, մտավոր և հոգևոր

Հայրենիքը եռաշերտ դրսևորում ունի՝ նյութական, մտավոր և հոգևոր
15.02.2026 | 18:00

Հայրենիք բառի խորքային ընկալման և առկա թյուր պատկերացումների մասին

Զարմանալի է, որ մեր քաղաքական այրերի մեջ ազգային քաղաքակրթական իմացության հանդեպ ոչ մի հետաքրքրություն չկա: Կարծում եմ՝ հենց դա է մեր անմիաբանության ու անհաջողությունների պատճառը։ Եթե մենք ուզում ենք ազգային և, միաժամանակ, համաշխարհային նշանակության պետականություն կերտել, ապա այլ ելք չունենք, քան անսալու հայրենիքի կանչին։

Հայրենիքը եռաշերտ դրսևորում ունի՝ նյութական, մտավոր և հոգևոր։ Նյութական հայրենիքը այն բնօրրանն է, որտեղ մշտապես բնակվողները նույն ինքնությունն են կրում։ Նյութական սահմանները փոփոխելի են, կարող են մեծանալ և փոքրանալ, սակայն դա շատ վտանգավոր չէ։

Մտավոր հայրենիքը միևնույն վայրում դարերով փորձարկված արժեքային համակարգն է, ինչն էլ այդ տարածքում մշակութային արժեքներ է ձևավորում։ Մտավոր հայրենիքի սահմաններն անփոփոխելի են և պարունակում են տարածքում առկա բոլոր մշակութային արժեքները՝ անկախ ժամանակային գործոնից։ Նշենք, որ այդ սահմանները վավերացվում են զանազան արձանագրություններում ու քարտեզներում, նաև՝ տարբեր ժամանակաշրջանների հարևանների կողմից։

Հոգևոր հայրենիքն արտածվում է աստվածային իրողություններից և ապահովում է նյութական ու մտավոր հայրենիքների կապը՝ խթանելով տվյալ հանրության բնական և բանական զարգացումը։ Այն չունի սահմաններ նյութական տիրույթում, նրա սահմաններն անխորտակելի են, քանի որ արտածվել են հավերժից, ուստի և ապահովում են այդ հանրության հավիտենական գոյությունը։ Այս կապի խզումը և նրա արժեքներից հրաժարումը ազգին դարձնում է անդեմ գոյազանգված, ինչը կարող է կործանարար լինել տվյալ հանրության համար։

Հոգևոր հայրենիքը նաև կապ է հաստատում ներկայի ու անցյալի միջև և ապահովում է ապագան։ Ահա թե ինչու այս երեք հայրենիքների միասնությունն ապահովում է հանրության հարատևության հնարավորությունը։ Նյութական տիրույթում ազգը կարող է հայրենազրկվել և կորցնել պետականությունը, մինչդեռ հոգևոր սահմանները պահպանելով՝ կարող է գոյատևել դարեր ու հազարամյակներ, և հավատարմության ամբողջական վերականգնման շնորհիվ գոյատևումը կարող է փոխարինվել հարատևությամբ։

Ավելացնենք նաև, որ հայրենիքը հոգևոր իմաստով ընկալվում է որպես Արարչապարգև: Այս ընկալումը բոլոր ազգերի մեջ կա արխայիկ և բնազանցական դրսևորմամբ։ Հետևաբար, անիմաստ է հայրենիքի անհարկի շահարկումը: Պարզապես հարկավոր է դառնալ նրանում ամբարված արժեքների կրողն ու պաշտպանը՝ անկախ մեր գտնվելու կամ բնակության վայրից:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ